21:00 Խորխե Լուիս Բորխես. «Թշնամու դեպքը» | |
|
Սպասելով ու խուսափելով քանի տարի՝ և հիմա թշնամին իմ տանն էր: Պատուհանից տեսա դժվարությամբ բարձրանում էր լանջի անհարթ ճանապարհով: Ձեռնափայտով էր մի դողդոջուն ձեռնափայտ, որը նրա պառաված ձեռքերում գայիսոն մնալով՝ չէր կարող զենք դառնալ: Սպասածս դռան մեղմ թակոցը դժվար ընկալեցի: Տրտում հայացք նետեցի ձեռագրերիս անավարտ սևագրությանն ու Արտեմիդորոյի երազների մասին տրակտատին, որն այդտեղ բավական անհեթեթ էր, եթե նկատի առնենք, որ ես հունարեն չգիտեմ: Մտածեցի՝ ևս մի կորած օր: Բանալին չարչարեց ինձ: Վախենում էի, թե կընկներ, բայց մի քանի անվստահ քայլ անելով թողեց գայիսոնը, որը ես այլևս չտեսա և ուժասպառ ընկավ իմ անկողնուն: Քա՜նի անգամ էի տագնապներիս մեջ երևակայել նրա դեմքը, բայց միայն հիմա նկատեցի, որ շատ նման էր Լինկոլնի վերջին դիմանկարին: Մոտավորապես երեկոյան ժամը չորսն էր: Դեմքս մոտեցրի, որ կարողանար ինձ լսել: — Ամեն մեկս կարծում ենք, թե միայն մեզ համար են տարիներն անցնում, բայց ուրիշների համար էլ են անցնում,— ասացի,— Վերջապես այստեղ հանդիպեցինք և անցյալում պատահածն իմաստ չունի: Մինչ ես խոսում էի նա արձակել էր վերարկուի կոճակները: Աջ ձեռքը բաճկոնի գրպանում էր: Մի բան էր ինձ ցույց տալիս և ես հասկացա, որ ատրճանակ է: Այդ ժամանակ հաստատուն ձայնով ասաց. — Տուն մտնելու համար եմ Ձեր խղճին դիմել, իսկ հիմա իմն եք և գթասիրտ չեմ լինի: Փորձեցի մեկ-երկու բառ ասել: Ուժեղ մարդ չեմ և ինձ կարող էին փրկել միայն բառերը: Ասացի. — Երբևէ մի երեխայի եմ ծեծել, բայց Դուք հիմա այդ երեխան չեք, ոչ էլ ես եմ այն անմիտը: Բացի այդ, վրեժը ոչ պակաս անիմաստություն ու հպարտություն է, քան ներումը — Հենց դրա համար էլ,— պատասխանեց նա,— որ ես այլևս այն երեխան չեմ պետք է Ձեզ սպանեմ: Դա ոչ թե վրեժ է, այլ արդարություն Ձեր պւստճառաբանությունները, Բորխես, Ձեր սարսափի արտահայտություններն են: Դուք այլևս ոչինչ չեք կարող անել: — Այնուամենայնիվ մի բան կարող եմ անել,— պատասխանեցի ես: — Ի՞նչ,— հարցրեց նա: — Զարթնել: Ես այդպես էլ արեցի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |