20:00 Վրթանես Փափազյան․ «Ոչխարներ» | |
|
Մի քանի ժամ ևս, և կհասնեինք քաղաք: Բայց ընկերս շատ հոգնել էր, գիշերն էլ թաց էր և ցուրտ: Ստիպվեցինք կանգ առնել մի գյուղի կայարանում և գիշերել այնտեղ: Մեզ տվին բարձրադիր օդա, հնոցի մեջ խարույկ վառեցին, հետո կերակուր մատուցին և խոստացան առավոտը կանուխ զարթեցնել: Կերակրից հետո ընկերս իսկույն քնեց, իսկ ես պահ մի պատշգամբ ելա, կռթնեցի փայտե սյունին և սկսեցի շրջակայքը դիտել: Մի կատար կոնաձև դուրս էր ցցում իր ձյունապատ գլուխը այդ լեռնակույտի միջից, իսկ լուսնկայի լույսի տակ կապտած ծառազարդ գյուղերը նրանց ստորոտում, կարծես լղրճվել էին թացությունից: Ավելի մոտ՝ մի քանի խրճիթներ թաց ու ճղփուն տանիքներով, միմյանց էին կպել մի բարձր շենքի շուրջը: Պատշգամբիցս անմիջապես ցած՝ տարածվում էր մի ընդարձակ աղտոտ ու ցեխոտ բակ, իսկ նրա վերջին ծայրի գմբեթածածկ գավթից լսվում էին ուղտերի մելամաղձոտ ձայներ՝ խառն բոժոժների հնչյունների: Երբեմն ականջիս էին հասնում ջորեպանների խուլ աղաղակներ ախոռների ներսերից…սրճատան բացուխուփ լինող դռնից ընդհատ կերպով լսվում էին գիշերային խռպոտ խոսակցություններ, ապա դաշտի կողմից հեռավոր ոռնոցներ գալիս էին միանալու դրանց, և այդ բոլորի միջից՝ որոճացող ուղտերի վզից ճոճվող զանգակներն էին, որոնք իրենց անընդհատ ու պարբերական ղողանջյունով թմբիր էին ազդում… Կարծեմ երկար այդպես կռթնած մնացել էի, երբ աչքս ընկավ մեծ ճանապարհի վրա, ուր մշուշի միջից մի առ մի դուրս գալով՝ երևում էին շարժուն ստվերներ և ծանրությամբ մոտենում կայարանին: Հետիոտն ճանապարհորդներ էին: Իջա մի ցած տանիքի վրա ավելի մոտիկից դիտելու համար: Մի խումբ գյուղացիներ էին: Կին, մանուկ, ծեր ու պառավ, գրեթե մերկ մարմինը տված խոնավության ու կծու ցրտին, ատամները կափկափելով ու ոտաբոբիկ՝ գնում էին ցեխի ու ջրակույտերի միջով: Առջևից քայլում էին մի քանի մանուկներ. մեկը աղջիկ էր, հետո, երկու կին՝ մեկը պառավ, ապա, մի քանի հասակավոր աղջիկներ, ու երկու երեք ցուպավոր տղամարդիկ: Սրճատան դուռը չբացվեց նրանց առաջ, ախոռների մեջ էլ չթողեցին: Վախենում էին, որ բան չգողանան: Ու մնացին նրանք փողոցի ցեխի մեջ կծկված, դողդոջուն: Էլ առաջ գնալ չէին կարողանում, կանայք կկզեցին գետին՝ սրճատան պատի տակ, մանուկները նստեցին ցեխերի մեջ, իսկ մի ծերունի տեղնուտեղը կքվեց ճանապարհի վրա: Ցած իջա և դիմեցի կայարանապետին, պահանջելով, որ նրանց տեղ տար գիշերելու: Զարմացած ինձ նայեցին, չէին հասկանում, թե ինչպես կարելի էր հուզվել մի այդպիսի «սովորական» տեսարանի առաջ: - Էֆենդիները դեռ նոր են մտնում այս երկիրը,- արդարացրեց ինձ մեզ ուղեկցող զափթիեն:- Բայց քաղաք որ մտնեն, էլ չեն զարմանալ: Նորից զարմանքով ինձ նայեցին. մի՞թե չգիտեի. մի՞թե այդքան տգետ էի այդ երկրի թշվառությունների վերաբերմամբ: - Ի՞նչ պիտի լինի,- ծիծաղեց կայարանապետը:- Քամում են սրանց, ահա թե ինչ. էլ ոչինչ չեն թողնում. տուրքերի տակ խեղդում են, սպանում բոլորին…աստված է վկա, որ ոչ մի ինսափով մարդ չի կարող առանց զայրույթի տեսնել այդ բոլորը: *** Վճարեցի ուզածը: - Ես գիտեի, ախր,- ավելացրեց նա,- մրսում են և ծածկոց չունեին: Հետո բարևեց և, երբ շարժվում էինք, գոչեց. Մտրակեցինք ձիերնիս: Այդ բացականչությունը ու քրքիջն էր լսածս վերջին ձայնը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |