23:00 Վեներայի մթնոլորտում կյանքի հնարավոր նշաններ են հայտնաբերվել | |
|
Գիտնականները Վեներայի մթնոլորտում հայտնաբերել են հազվագյուտ քիմիական միացություն, որը կարող է վկայել մոլորակի մակերևույթին գտնվող կենդանի միկրոօրգանիզմների առկայության մասին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հոդվածը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում։ Հայտնաբերված նյութը ֆոսֆին է՝ անգույն թունավոր գազ, որը չափազանց հազվադեպ է հանդիպում բնական պայմաններում։ Երկրի վրա այն հիմնականում ստանում են արհեստական եղանակով՝ արտադրության ժամանակ քիմիական ռեակցիայի արդյունքում։ Ֆոսֆին նաև առաջանում է կայծակի հարվածից և հրաբխային ակտիվության ժամանակ, սակայն միայն փոքր քանակությամբ, իսկ Վեներայի վրա հայտնաբերվել են այդ գազի զգալի պաշարներ։ Հենց սա էլ գիտնականներին թույլ է տվել սենսացիոն վարկած առաջ քաշել։ Բանն այն է, որ բնական եղանակով ֆոսֆինը նման քանակներով կարող է ստացվել թթվածնազուրկ միջավայրում ապրող բակտերիաների կենսագործունեության արդյունքում։ Աստղագետների պնդմամբ՝ բազմաթիվ բացատրություններից ամենահավանականն այն է, որ գազն ունի կենսաբանական ծագում։ Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ առայժմ սա վկայում է այն մասին, որ Վեներայի վրա կարող է կյանք գոյություն ունենալ, սակայն սա ապացույց չէ, որ այն իսկապես գոյություն ունի։ Չի բացառվում, որ հայտնաբերված ֆոսֆինն ունենա այլ՝ առայժմ անհայտ ծագում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |