20:00 Վատ ընկեր | |
|
Արջը, աղվեսն ու դաշտամուկը ընկերացան: -Ընկերությունն ինչ է, որ չկարողանանք անել,- մտածեց արջը`արջավարի ձեռնաբաց:Ես իմ ունեցածը կկիսեմ ընկերներիս հետ: -Դե, ընկերություն է, կանենք` կքնենք, կարթնանանք,կուտենք, կխմենք: Ընկերություն է էլի,էլ ոնց պիտի լինի`կլինի,-մտածեց աղվեսը: -Հա, լավ է, Էս աշխարհից քիչ կվախենամ`ընկերներ կունենամ: Արևի տակ ման գալն էլ ինձ համար մարդավարի կլինի,-մտածեց դաշտամուկը: Մտածեցին,որոշեցին ու ընկերացան: -Մի պարկ ցորեն եմ ամբարել: Գարնանը ցանելու համար այն շատ-շատ է,-դիմեց նրանց արջը:Եկեք ամեն մեկիդ բաժին տամ,ինչ ուզում եք արեք ձեր բաժին ցորենը: Մնացածը թող մնա գարնանացանին: -Եղավ,-ուրախացավ աղվեսն ու վերցրեց արջի տված մի բուռ ցորենը: -Կտանեմ,հավերին կգայթակղեմ: Ցորենը նրանց ոտի տակ կփռեմ ու ես այդ հավերին հատ-հատ կհավաքեմ,-որոշեց նա: -Շատ լավ,-ուրախացավ դաշտամուկը,- վերցրեց իր բաժին ցորենն ու տարավ աչքից հեռու վայելելու: Ձմեռն անցավ,եկավ գարուն:Վար ու ցանքի ժամանակն էր: Արջը,որ երկար քնով էր անցել`արթնացավ: -Ո՞ւր եք, իմ ընկերներ,-ձայնեց արջը: Աղվես,դաշտամուկ, շուտ այստեղ եկեք, գնանք ցորենը ցանելու: Ձայնեց ու մտավ մառան ցորենը բերելու: Բայց այնտեղ նույնիսկ մի կորեկ չգտավ:Ցորենի պարկը դատարկ ու կրծոտված ընկած էր: -Ընկերներ,-մռնչաց արջը գոռալու նման,-շուտ մառան եկեք,-ցորենը գողացել են: Բայց արջի մռնչոցը անարձագանք մնաց: Ոչ աղվեսը, ոչ էլ դաշտամուկը` մառան չգնացին: Երբ արջը կատաղած գնաց ընկերների մոտ, տեսավ որ նրանք թեժ կռվի մեջ են`քիչ է մնում իրար ուտեն: -Ինչո՞ւ ես գողացել, ստոր, հողոտ արարած,- դաշտամկան վրա կատաղած հարձակվում էր աղվեսը: -Բա դու ինչո՞ւ ես գողացել,-ծվծվում էր դաշտամուկը պաշտպանվելու փոխարեն թռչկոտելով այս ու այն կողմ: -Ախ դուք անամոթներ,մի սրանց տեսեք,-գոռաց զայրացած արջը,-բանի տեղ չիմանաք: Դեռ ընկերներ էլ ձեզ համարում եք: Կորեք աչքիցս, ես էլ ձեր ընկերը չեմ,-ասաց արջն ու աչքի առաջը ջուր առած գնաց դեպի ընկերները: Աղվեսը պուկ փախավ սարն ի վեր, ժայռն ի վար: Մտավ խոր ձոր, գտավ մութ անտառ, թաքնվեց՝ կորավ արջի աչքից: Դաշտամուկը հենց արջի ու աղվեսի աչքի առաջ գետնի տակն անցավ: Այդ օրվանից աղվեսը զգուշանում է արջին տեսնելիս` նրա աչքին աշխատում է չերևալ: Դաշտամկան գործը դժվարացել էր`աղվեսը չէր էլ ուզում հիշել,որ ընկերներ են եղել: Նա որոշել էր դաշտամկան ցեղի վերջը տալ` հերթով բռնելով և ուտելով նրա բարեկամներին: Իբր թե`դաշտամկանը չէր կարողանում ներել,որ վատ ընկեր էր… Հեղինակ` Հասմիկ Աջամյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |