10:00 Թաղման մասնակցությունն՝ իբրև «երկնատուր պարգև»… | |
|
Ծաղրանկարի գաղափարը՝ Արբակ Խաչատրյանի Կատարումը՝ Սուքիաս Թորոսյանի (TOTO) Մարդկությունը շարունակում է փրկության ելքեր որոնել պարտատիրոջ պես խիստ անսպասելի ու տարաժամ հայտնված «Covid-19» համավարակի ճիրաններից: Ընկրկելու մտադրություն չունեցող, օրավուր շառավիղն ընդլայնող համավարակն իր անկանխատեսելի վարքով իրական գլխացավանք է դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև այս աշխարհի թագակիր ու անթագակիր արքաների համար: Իսկ որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, ձեռնարկվելիք ինչ քայլեր են անհրաժեշտ՝ մարդկությանը պատուհասած աղետից խուսանավելու համար: Այս մասին է զրույցը՝ հեռահար կանխատեսումներով հայտնի քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանի հետ: - Պարոն Խաչատրյան, դատելով միջազգային լրահոսից՝ իրավիճակը գնալով ծանրանում է, անորոշությամբ պայմանավորված վախը ձնագնդի էֆֆեկտով գնալով սաստկանում է: Ապագայի մռայլ կանխատեսումներն ամենևին էլ սփոփիչ չես կարող համարել: Հետաքրքիր է, թե Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: - Պատկերավոր արտահայտվելու դեպքում կօգտվեմ դասական «զինանոցից». «Եկել է՝ քարերը հավաքելու ժամանակը»… Թարգմանաբար սա նշանակում է, որ «գործին» սկսել է խառնվել Մայր Բնությունը: Հերթական անգամ եկել է պատճառահետևանքային կապի և հաղորդակից անոթների օրենքների վերահաստատման ժամանակը: «Որմնադիրների» կողմից դրված ծուռ անկյունաքարն էլ հանգեցրել է գործող աշխարհակարգի ճգնաժամին ու մարդկությունը հայտնվել է իր իսկ փորած մահաբեր փոսում: - Կխնդրեի փոքր-ինչ բացել փակագծերը: - Բարի: Իմ դիտարկմամբ «աշխարհ» կոչվող օրգանիզմը ռախիտիկ կազմվածք ունի: Մեծ գլուխ՝ և վտիտ մարմին: Օրգանիզմ, որի մի հատվածը մինչ ծաղկում ու բարգավաճում է, մնացյալ հատվածը տառապում է փտախտից: Այս ամենն ինձ գերեզմանների վրա կազմակերպված պարահանդես է հիշեցնում: Դարեր շարունակ հարստահարվել են ոչ միայն մարդիկ, այլև այլ բառ չեմ գտնում, ուղղակի հոշոտվել է Երկիր մոլորակը: Հանուն մի քանի ընտանիքի բարօրության, աշխարհը հայտնվել է կործանման եզրին: Մայր Երկրի ընդերքն են ամայացրել, երակների «արյունը» սմքեցրել: Ու մի օր, այդ ամենը բերելու էր իր տրամաբանական ավարտին: Փիլիսոփաներից մեկի՝ «Անոթը, որի միջից հանված է օդը, նույն ուժգնությամբ է պայթում, ինչ՝ վառոդով լցված անոթը» ձևակերպումը առավել քան ճշգրիտ է տալիս ստեղծված իրավիճակի նկարագրությունը: Ու հիմա՝ Մայր մոլորակի պաշտպանությամբ ու տիեզերական ներդաշնակության պահպանմամբ հարկադրված է զբաղվել Բնությունը: Այլ կերպ՝ Տիեզերքում գործող Բումերանգի օրենքն է իր իրավասությունների մեջ մտնում: - Դուք փոքր-ինչ չե՞ք խտացնում գույները, չե՞ք դրամատիզացնում իրավիճակը: Մարդկանց գերակշիռ մասն առավել քան համոզված է, որ սա էլ է անցնելու , մարդկության ոսկե էլիտան էլ՝ վստահ իր ամենակարողության ու անպատժելիության մեջ, շարունակելու է իր «հաղթական» ընթացքը:
- Հետաքրքիր է, որտեղի՞ ց այդ ինքնավստահությունը: Հասկացեք, ի վերջո, գործողության մեջ է մտել մի վիրուս, որի վերացման դեմ անկարող են անգամ այս աշխարհի հզորները: Նրա դեմ ոչ զենքով, ոչ ֆինանսական միջոցներով, ոչ էլ որևէ այլ կերպ հնարավոր չէ պայքարել, բացի՝ գիտակցության ու ինքնազսպման հաշվին Երկիր մոլորակի իմունիտետը, դիմադրողականությունը բարձրացնելուց: Ներկա պահին, ինքը՝ Երկիր մոլորակն է այնքան հիվանդ, որ ունակ չէ փրկել իր իսկ հոգեզավակներին՝ մոլորակի բնակչությանը: Ու ամենևին էլ կապ չունի, դա բնածին, թե լաբորատորիաներում «երկնած» վարակ է: Եթե մարդկությունը չվերանայի իր ապրելաձևը, դեմքով չշրջվի դեպի Մայր Բնությունը, փորձություններն էլ ավելի են ուժգնանալու: Չէ, չէ, դուք մի պահ պատկերացրեք, թե ինչ իրավիճակում են հայտնվել մարդիկ: Այլ երկրներում մտերիմների կորցրած մարդկանց հուղարկավորության մասնակցությունն է անգամ անհնարին դարձել: Մայրերը զրկվել են իրենց երեխաներին գրկելու, մարդիկ՝ միմյանց ձեռք սեղմելու, միմյանց ողջագուրվելու հնարավորությունից: Ու զավեշտալին գիտեք որն է, որ այս ամենի կորուստը գիտակցելու փոխարեն, մարդիկ առաջնային են շարունակում համարել բանկերին ու նավթի գնին առնչվող հարցերը: Կորոնավիրուսը բանտել է բոլորին: Բանտել է, եթե չասենք վերջնագիր, ապա դեղին քարտ ներկայացնելով: Ու մարդիկ, լինեն ռոքֆելլերներ, ռոտշիլդներ, թե սովորական մարդիկ, հայտնվել են միևնույն՝ խիստ երերուն մակույկում: - Դավադրությունների տեսության սիրահարներն այն համոզմանն են մնում, որ սա մարդկության մի հատվածի (հասկանալ՝ «բալաստ») բեռնաթափման հաշվին սեփական ակտիվները համալրելու հնարք է, մարդկանց թշվառության հաշվին սեփական քսակները լցնելու միջոց: Համակարծիք եք սրան: - Ինչպես ընդունված է ասել, վախի աչքերն իրավ որ մեծ են: Թեպետ ճշմարտության հատիկ կա նաև՝ «Անկրակ ծուխ չի լինում» դիտարկման մեջ: Չէ, իհարկե, ես այդ կարծիքին չեմ:Ավելին, այն համոզմանն եմ , որ աշխարհը ստրկացրած բանկային համակարգն ի վերջո փլուզվելու է ու մենք դառնալու ենք այդ համակարգի հոգևարքի ականատեսը: Գործող տնտեսական համակարգն էլ է հիմնիվեր փոխվելու: - Հա, ի դեպ, ավելորդ չեմ համարում ընթերցողներին հիշեցնել, որ գործող բանկային ու տնտեսական համակարգի կոլապսի մասին Դուք կանխատեսել էիք դեռևս քսան տարի առաջ, ինչի մասին քանիցս բարձրաձայնել եք Ձեր հրապարակումներում և ՌԴ իշխանություններին ուղղված Ձեր բաց նամակներում, որոնք, սակայն, այդպես էլ մնացել են անարձագանք: Լավ, այնժամանակ ականջալուր չեղան, հիմա ինչ կարող եք նրանց հուշել: - Իրավացի եք: Գործող բանկային և տնտեսական համակարգի փլուզման մասին ես բարձրաձայնել եմ դեռ շատ տարիներ առաջ : Հասկանում եք, շոշափելի արդյունք չստեղծած, վաշխառության հաշվին անհաշվելի միջոցներ կուտակած բանկերն իրենց տերերով հանդերձ իսկական պատուհաս են դարձել թե՛ իրենց երկրների, թե՛ համայն մարդկության համար: Ցավալին այն է, որ «զորահանդեսի կոմանդորները» ցանկություն իսկ չունեն հրաժարվելու իրենց արատավոր գործելակերպից: Ավելին, նրանք համոզված են իրենց իրավացիության մեջ: Նրանք իրենց բարերարներ են համարում: Օսկար Ուայլդի պարադոքսալ մտքերից մեկը՝ «Մարդիկ բոլորն էլ բարոյական են, անբարոյական են միայն նրանց մերձավորները»՝ խիստ պատշաճում է նրանց մոտեցմանն ու մտածելակերպին: Նրանք ընտրել են սեփականության անձեռնմխելիության «սուրբ օրենքի» գործարկման տարբերակը: Ու ամեն ինչ նույն կերպ էլ կշարունակվեր, եթե չլիներ «օրը ցերեկով» ճայթած պայթյունը: Այն կարծիքին եմ, որ բանկերը պետք է զերծ լինեն սեփական միջոցներ ունենալուց և ընդամենը պետք է իրականացնեն իրենց վերապահված միջնորդի դերը՝ պետության և գործարարների միջև, ու ոչ ավելին: Նոր իրավիճակում երկրների ղեկավարները քաջ գիտակցելով կատակլիզմների հնարավորությունը, մինչ նոր համակարգի ստեղծումը հիշատակված մեծահարուստների կուտակած միջոցները ( դիմանալու նպատակով) պետք է բաշխեն մարդկանց: Սա իմ՝ մասնավոր կարծիքն է: - «COVID-19»-ը մարդկանց հարկադրում է վերանայել ու սրբագրել իրերի ընթացքի հանդեպ ունեցած երբեմնի պատկերացումները:Ես Ձեզ ճի՞շտ հասկացա, Դուք տրամաբանական նույն հոլովույթո՞ւմ եք դիտարկում նաև սահմանային վեճերն ու տարածքային խնդիրներին առնչվող հարցերը: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը: Ի՞նչ կարծիքի եք, օրինակ, համավարակի պայմաններում Արցախում անցկացված նախագահական ընտրությունների մասին: - Ես երբեք չեմ առանձնացել ամբոխահաճ վարքով, ուստի, կլինեմ առավել քան անկեղծ: Աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում նախագահական ընտրությունների անցկացումն Արցախում, ըստ իս, իր մեջ արկածախնդրության որոշակի չափաբաժին էր պարունակում: Տարածքների վերադարձին առնչվող Լավրովի հայտարարությունը ես դրա ուղղակի շարունակությունն եմ համարում: Սա քննարկման այլ նյութ է, որին կարելի է անդրադառնալ առանձին: Ուղղակի ասելիքս ընկալելու առումով լրագրողներիդ խորհուրդ կտայի տարածքային վեճերին առնչվող հարցերն ուղղել համավարակից տուժած, հազարավոր մերձավորների թաղած նյույորքցիներին կամ ասենք՝ իտալացիներին: Հենց նրանց արձագանքում էլ կնշմարվեր շիփ-շիտակ պատասխանը: Իսկ ՌԴ արտաքին գերատեսչության հարգարժան ղեկավարին էլ խորհուրդ կտայի տարածքների վերադարձին առնչվող խնդրին անդրադառնալ Ռուսաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին կնճիռները հարթելուց հետո միայն: Մարդկությանը պատուհասած աղետի պայմաններում այսօրինակ հարցերի քննարկումը իրավ որ անպատեհ է: - Պարոն Խաչատրյան, շարքային քաղաքացիների շրջանում արժանահավատ խոսքի հանդեպ հավատն է կորել: Ասվածը վերաբերում է թե՛ հոգևոր հովիվներին, թե՛ երկրների ղեկավարներին: Ձեր կարծիքով, ինչ է անհրաժեշտ վիճակը շտկելու, հասարակ մարդկանց հավատ ներշնչելու, նրանց հավատը վերականգնելու համար: - Դուք շատ կարևոր բան եք ասում: Հարկ է խոստովանել, որ, իրավ, մարդիկ հավատ չեն ընծայում մեծամեծերի խոսքին, դրանք համարելով խիստ չարչրկված ու մանիպուլյատիվ: Նրանց տառապանքը, ինչպես ընդունված է ասել, փորձ ունի: Այդուհանդերձ, աշխարհում քիչ չեն նաև մարդիկ, մտավորականները, ովքեր հանիրավի անտեսվել են, ում ձայնը ակամա թե միտումնավոր շարունակաբար լռեցվել է: Հենց այդ մարդկանց, մտածող ու իրավ մտահոգ մարդկանց ձայնը պիտի լսվի: Շատ, շատ կարևոր է լրատվական այնպիսի հարթակի, ենթադրվում է հեռուստալիքի ստեղծումը, որն աշխարհին կփոխանցեր մտածող տեսակի ուղերձը: Իսկ որ այդպիսի հարթակ միահամուռ ուժերով առաջիկայում ստեղծվելու է,կասկածից վեր է… Զրույցը վարեց՝ Վահան Զարյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |