12:27
Սուրեն Գրիգորյանը հերքում է

Այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հերքել է մամուլի այն հրապարակումները, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը և ստանձնել արդարադատության փոխնախարարի պաշտոնը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, որոնք պատրաստվում են վայր դնել մանդատը՝ կապված ՍԴ դատավորների ընտրության հետ, Գրիգորյանն ասաց, որ խմբակցությունում, բացի աշխատանքային գործընթացից, այլ բան չի կատարվում:

«Եթե կլինեն պատգամավորներ, որոնք նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, կարծում եմ՝ իրենք պետք է մեկնաբանեն և պատճառներն ասեն: Իրականում, եթե հետևենք մամուլին, հենց մեր գործունեության սկզբից տարատեսակ նման տեղեկություններ հրապարակվում են, և եթե բոլորը համապատասխանեին իրականությանը, հիմա երևի «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ»,- ասաց Գրիգորյանը:

Իշխող ուժի պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և«Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին: Գրիգորյանն ասաց, թե ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրելու՝ պահպանելով օրենսդրական պահանջներն ու հակահամաճարակային կանոնները:

Գրիգորյանն ասաց՝ հանրության մեջ կան որոշակի դժգոհություններ, բայց դրանք այն ծավալի չեն, որ հանգեցնեն լուրջ զարգացումների: «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Ստեփանյանն էլ իր հերթին հավելեց, որ պետք է հաշվի առնել, որ ընդդիմությունը կարիք ունի որևէ գործողության շրջանակում պահպանել իր էլեկտորատը, հնարավորության դեպքում՝ նաև ավելացնել.

«Թեժ աշուն տարբեր ժամանակներում ընդդիմությունը խոստացել է: Բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը: Հետևաբար՝ սա ընդամենն ընդդիմության քաղաքական օրակարգն է: Իսկ թե ինչպիսի թեժ աշուն է մեզ սպասում, կամ այդ հանրահավաքը որքան հուժկու կլինի, հոկտեմբերի 8-ին բոլորս հնարավորություն կունենանք ականատես լինելու»,- եզրափակեց Ստեփանյանը:

Просмотров: 242 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Իմ քայլը» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0