20:30 Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում… | |
|
20-ական թվականների միջնամասում երիտասարդ մի հրեա գալիս է նյույորքյան հայտնի ռաբբիներից մեկի մոտ ու ասում, որ ցանկանում է նրա աջակցությամբ «Թալմուդ» ուսումնասիրել: - Դու արամեերեն գիտե՞ս,- հարցնում է նրան ռաբբին: - Ոչ… - Իսկ եբրայերե՞ն… - Ոչ… - Իսկ մանուկ հասակում «Թորա» կարդացե՞լ ես… - Չէ, ռեբե՛,- հետևում է պատասխանը:- Բայց Դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և տառացիորեն օրերս պաշտպանել ատենախոսություն` «Սոկրատեսի փիլիսոփայության տրամաբանությունը» թեմայով: Իսկ հիմա իմ իմացության թերի կողմերը լրացնելու նպատակով` որոշել եմ «Թալմուդ» ուսումնասիրել: - Դու չես կարող «Թալմուդ» ուսումնասիրել: Դա մարդկության կողմից գրված իմաստնագույն գրքերից է: Բայց եթե դու շարունակում ես պնդել, ապա ես քեզ տրամաբանական մի խնդիր կառաջարկեմ: Գլուխ հանեցիր` քեզնով կզբաղվեմ: Երիտասարդի համաձայնությունից հետո ռաբբին առաջարկում է խնդիրը: - Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր դեմքով: Ի՞նչ ես կարծում, նրանցից ո՞վ կգնա լվացվելու: Երիտասարդի աչքերը թռչում են ճակատին: - Ու սա՞ է Ձեր առաջարկած տրամաբանական խնդիրը… Ռաբբին գլխով է անում: - Միթե պարզ չէ, նա` ով մրոտ դեմք ունի… - Պատասխանը ճիշտ չէ: Փորձիր խնդրին մոտենալ տրամաբանորեն: Նա` ում դեմքը մրոտ է, երբ նայի դիմացինին` ում դեմքը մաքուր է, կկարծի թե իր դեմքն էլ է մաքուր և չի գնա լվացվելու: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, նայելով մրոտի դեմքին` կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու… - Բան չունեմ ասելու, իրավացի եք,- հանկարծակիությունից շշմած ասում է երիտասարդը, ապա նորից դիմում ռաբբիին` - Ռաբբի, այդ դեպքում խնդրում եմ ինձ նոր խնդիր տվեք: - Բարի, երիտասարդ: …Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը դուրս է գալիս մրոտ, մյուսը` մաքուր երեսով: Դե հիմա ինձ ասա, նրանցից ով կգնա լվացվելու… - Չէ որ մենք հենց նոր պարզեցինք, նա` ում դեմքը մաքուր է… - Կրկին սխալվեցիր: Երկուսն էլ կգնան լվացվելու: Դատիր տրամաբանորեն: Նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով դիմացինի մրոտ դեմքը` կկարծի, թե իր դեմքն էլ է մրոտ ու կգնա լվացվելու, իսկ մրոտ դեմքովն էլ տեսնելով, որ մյուսը գնաց լվացվելու` կկռահի, որ ինքն էլ է մրոտ ու ինքն էլ կգնա լվացվելու… - Տես է, ոնց այդ մասին չէի մտածել: Ես նորից տրամաբանական սխալ գործեցի: Ռեբե, խնդրում եմ, մեկ այլ խնդիր էլ տալ,- ասում է երիտասարդը: - Դե,լավ, որ շատ ես պնդում… Երկու հոգի իջնում են ծխնելույզով: Նրանցից մեկը ծխնելույզից դուրս է գալիս մաքուր, մյուսը` մրոտ դեմքով: Քո կարծիքով նրանցից ով կգնա լվացվելու… - Դե, ինչպես պարզվեց` երկուսն էլ կգնան… - Կրկին սխալվեցիր: Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա: Դատիր տրամաբանորեն: Մրոտ դեմքովը մաքուր դեմքովին նայելուց հետո լվացվելու չի գնա: Իսկ նա` ում դեմքը մաքուր է, տեսնելով, որ մրոտ դեմքովը չի գնում լվացվելու, կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, ուստի ինքն էլ չի գնա լվացվելու: Բարկությունից ու հուսահատությունից կարմրատակած երիտասարդը դիմելով ռաբբիին ասում է` - Ռաբբի, հավատացնում եմ, ես «Թալմուդը» կսովորեմ, խնդրում եմ, ինձ մի ուրիշ հարց էլ տվեք: - Բարի, չեմ առարկում,- ասում է ռաբբին ու շարունակում` - Երկու հոգի իջնում են ծխնելույզով… - Աստված իմ… Նրանցից ոչ մեկն էլ լվացվելու չի գնա… - Սխալվում ես… Հիմա դու թերևս համոզվեցիր, որ Սոկրատեսի տրամաբանության իմացությունն ամենևին էլ բավարար չէ «Թալմուդն» ուսումնասիրելու համար: Դե հիմա ինձ ասա, ինչպե՞ս է հնարավոր, որ երկու հոգի նույն ծխնելույզով իջնեն ու նրանցից մեկը մրոտվի, մյուսը` ոչ… Միթե դու չես հասկանում, որ այս գլուխկոտրուկ կոչվածը տեղով մեկ անիմաստություն է: Ու եթե դու քո ողջ կյանքը մսխես նմանատիպ անհեթեթությունների պատասխանը գտնելու վրա, ապա քո բոլոր պատասխանները նույնքան իմաստազուրկ կդառնան… | |
|
| |
| Всего комментариев: 0 | |