20:30 Սլավոմիր Մրոժեկ. Առյուծը | |
|
Լեհ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ: Ծնվել է 1930թ. հունիսի 29-ին Բոժենչին գյուղում: Կրակովի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում սովորելուն զուգահեռ այցելել է նաև Կրակովի Գեղարվեստի ակադեմիա: Առաջին ֆելիետոներն ու հումորեսկները լույս են տեսել 1950-ին: 1963-ից որպես էմիգրանտ ապրել է Իտալիայում և Ֆրանսիայում, 1990-ից` Մեքսիկայում: 1998-ին վերադարձել է Լեհաստան: Իրավացիորեն համարվում է դասական, 20-րդ դարի ամենահանրաճանաչ դրամատուրգներից մեկը: Կեսարը նշան արեց: Վանդակավոր դուռը բացվեց և սևախորշից ահագնացող ամպրոպի որոտ հիշեցնող ձայներ լսվեցին: Քրիստոնյաները խմբվեցին խաղահրապարակի միջնամասում: Ամբոխը վեր ելավ տեղից, որպեսզի ավելի լավ տեսնի: Ցած թափվող ժայռաբեկորների նման հրապարակ լցվեց խուլ մռնչյունը, հիացական բացականչություններն ու հուսահատական ճիչերը: Թաթերն արագ ու փափուկ գցելով` առաջին առույծը դուրս ելավ: Խաղերն սկսվեցին: Բոնդանի Կայուս անունով պահակը, որ զինավորվել էր երկար ձողով, ստուգեց, թե արդյոք բոլոր գազաններն են մասնակցում ահեղ խաղին: Նա արդեն պատրաստվում էր թեթևացած շունչ քաշել, երբ տեսավ, որ առյուծներից մեկը, բոլորովին չշտապելով առաջ գալ, հենց դարպասների մոտ հանգիստ գազար էր ուտում: Կայուսը փշտռկեց, քանի որ պարտավոր էր նաև հսկել, որ որևէ գազան աննպատակ ման չգա հրապարակում: Նա մոտ եկավ առյուծին, այնքան, որքան թույլ էին տալիս անվտանգության և աշխատանքային հիգիենայի կանոնները, և ձողը դեմ տալով գազանի քամակին, սկսեց բզել, որպեսզի կատաղեցնի նրան: Ի զարմանս Կայուսի, առյուծն ընդամենը շուռ եկավ ու շարժեց պոչը: Կայուսը նորից բզեց գազանին, այս անգամ փոքր-ինչ ուժեղ: - Յա’ն տուր,- պատասխանեց առյուծը: Կայուսը քորեց ծոծրակը: Առյուծը ոչ երկիմաստ հասկացնել տվեց, որ քարոզելու հարկ չկա: Կայուսն անչար մարդ էր, բայց վախենում էր, որ վերակացուն, տեսնելով իր անփութությունը, իրեն էլ կդատապարտի: Մյուս կողմից` նա չէր ուզում գժտվել առյուծի հետ: Այդ պատճառով էլ փորձ արեց համոզել նրան: - Գոնե ինձ համար, մի բան արա,- ասաց նա առյուծին: - Հարիֆ չկա,- պատասխանեց առյուծը, շարունակելով կրծել գազարը: Բոնդանի Կայուսը մեղմեց ձայնը: - Ես չեմ պահանջում, որ դու անմիջապես որևէ մեկին խժռես, բայց գոնե մոտ գայիր, մռնչայիր, հենց այնպես, ալիբի ունենալու համար: Առյուծը պոչով արեց. - Ես ախր ասացի քեզ` հիմար չկա: Կտեսնեն ինձ նրանց մեջ ու կհիշեն, իսկ հետո գնա ու ապացուցիր, որ դու ոչ մեկին չես կերել: Պահակը հոգոց հանեց: Հետո թախծոտ նրբերանգով հարցրեց. - Բայց, իսկապես, ինչն է քեզ խանգարում: Առյուծն ուշադիր նրան նայեց: - Դու ասացիր ալիբի ունենալու մասին: Միթե մտքովդ չի անցել, թե ինչու այս պատրիկներն իրենք չեն դուրս թռչում հրապարակ ու լափում քրիստոնյաներին, փոխանակ մերոնց` առյուծներին բանեցնեն: - Չգիտեմ: Բայց սրանք բոլորն էլ ծեր մարդիկ են, տկար ու անշունչ: - Ծեր են, բա չէ,- փնթփնթաց առյուծն ու խղճահարությամբ նայեց պահակին,- դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում: Պարզապես նրանք ուզում են ալիբի ունենալ: - Բայց խի: - Որովհետև նորն արդեն ծիլեր է տալիս: Պատմության մեջ միշտ պետք է կողմնորոշվել նորով,այսինքն` ինչը որ ծիլեր է տալիս: Միթե երբէ չես մտածել, որ իշխանության կարող են գալ քրիստոնյաները: - Նրանք իշխանությա՞ն: - Իհարկե: Ընդամենը պետք է կարողանաս տեսնել, թե ինչ կա տողատակում: Ինձ մի տեսակ թվում է, որ Կոստանդիանոս Մեծը, վաղ թե ուշ, կպայմանավորվի նրանց հետ: Իսկ երբ ամեն ինչ վերանայեն ու սկսվի ռեաբիլիտացիան, այս օթյակավորների համար հեշտ կլինի ասել. «Մենք չենք արել: Առյուծներն են»: - Ահա թե ինչ: Ես այդ մասին չեմ մտածել: - Բա, տեսնում ես: Բայց թքած դրանց վրա: Ես սեփական կաշվիս համար եմ վախենում: Եթե բանը դրան հասնի, ապա բոլորը տեսել են, որ ես գազար էի ուտում: Թեև, ճիշտն ասած, սիրտս խառնում է գազարից: - Բայց, այդուհանդերձ, ցեղակիցներդ հավեսով ուտում են այս խեղճ քրիստոնյաներին,- չարախնդորեն ասաց Կայուսը: Առյուծն այլայլվեց: - Պարզամիտներ: Կույր պատեհապաշտներ: Ինչի ասես` կգնան: Գաղութային խավարամտություն: - Լսիր…,- կմկմաց Կայուսը: - Ինչ: - Եթե այդ քրիստոնյաները… դե ոնց ասեմ… - Քրիստոնյաներն` ինչ: - Դե, եթե գան իշխանության… - Որ գան` ինչ: - Դու չէիր կարող վկայել, որ ես քեզ ոչինչ չեմ պարտադրել: - Salus rei publicae summa lex tibi est* ,- հորդորեց առյուծն ու շարունակեց ուտել գազարը… *Հանրության բարօրությունը բարձրագույն օրենք է (լատ.) Թարգմանությունը` Աշոտ Խաչատրյանի | |
|
| |
| Всего комментариев: 0 | |