21:00 Ռյունոսկե Ակուտագավա․ «Երեք ինչու» | |
|
Ստորեև ներկայացնում ենք ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական Ռյունոսկե Ակուտագավայի «Երեք ինչու» հոդվածը։ Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին: Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը: Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց եւ կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաեւ սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին եւ միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում: Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առեւտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը: Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի եւ Ֆաուստին հարգալից գլուխ տվեց: Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը: Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը եւ սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «ինձ խնձոր առ»: Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց. – Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ: Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, եւ սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը: Ինչո՞ւ Սողոմոնը միայն մեկ անգամ տեսավ Սաբայի թագուհուն Սողոմոնը տեսել է Սաբայի թագուհուն միայն մեկ անգամ: Եվ բանն այն չէ, որ նրա թագավորությունը չափազանց հեռու էր: Թարսիսի նավը բերում էր ոսկի եւ արծաթ, փղոսկր եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը Սողոմոնի բանբերներով ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին տարածվում էր Սաբայի թագավորությունը: Սաբայի թագուհին գեղեցկուհի չէր, դե, նաեւ տարիքով էր գերազանցում Սողոմոնին: Բայց այդ կինն օժտված էր բացառիկ իմաստությամբ: Նրա հետ զրուցելիս Սողոմոնը զգում էր, թե ինչպես հիացմունքից սիրտը թրթռում է: Այդպիսի հրճվանք նա չէր ապրել նույնիսկ հմայատեսների եւ աստղաբաշխների հետ` նրանց գաղտնիքների մասին խորհրդածելիս: Այդպիսի զարմանալի կնոջ հետ, ինչպիսին Սաբայի թագուհին էր, Սողոմոնը պատրաստ էր խոսել եւ երկու անգամ, եւ երեք, եւ, ինչի մասին է խոսքը` ողջ կյանքում: Նրա կողքին նա կարծես թե կորցնում էր իր իմաստնությունը: Համենայն դեպս, իր համար դժվար էր որոշել, թե ում իմաստնությամբ է նա առավել հպարտանում` իր սեփակա՞ն, թե՞ Սաբայի թագուհու: Սողոմոնն ուներ բազմաթիվ կանայք եւ հարճեր` մոավուհիներ, ամոնուհիներ, իդոմեուհիներ, սիդոնուհիներ, խեթուհիներ, բայց նրանք ամենքն իր հոգեւոր ստրկուհիներն էին: Նույնիսկ նրանց շոյելիս, ի խորոց սրտի, նրանց հանդեպ քամահրանք էր զգում: Սաբայի թագուհուն երբեմն հաջողվում էր Սողոմոնին իր ստրուկը դարձնել: Նման հակասությունը Սողոմոնին անասելի տառապանք էր պատճառում: Բազմած իր փղոսկրյա գահին, որը զարդարված էր մաքուր ոսկուց ձուլված առյուծներով, նա ժամանակ առ ժամանակ ծանր հոգոցներ էր հանում, որոնցից բանաստեղծություններ էին ծնվում. Այդպես է սիրեցյալն իմ ընդմեջ պարմանիների: Մի անգամ մայրամուտին Սողոմոնը ելավ իր ապարանքի պատշգամբն ու հայացքը հառեց հեռու, դեպի արեւմուտք: Բնականաբար, նա այնտեղից չէր կարող տեսնել Սաբայի թագավորությունը, բայց նա համակվեց հանգստությանը մոտ մի զգացողությամբ, որը միաժամանակ նման էր տրտմության: Հանկարծ մայր մտնող արեգակի շողերի ներքո հայտնվեց անհայտ գազանի տեսքով մի ուրվական, որը երկգլխանի թեւավոր առյուծ էր հիշեցնում: Գլուխներից մեկը Սաբայի թագուհունն էր, իսկ մյուսը` Սողոմոնինը: Երկուսի բերաններն էլ բաց էին, իսկ աչքերից, չգիտես ինչու, արցունքներ էին գլորվում: Որոշ ժամանակ ուրվականը ճախրում էր օդում, իսկ հետո քամու ոռնոց լսվեց, եւ նա չքացավ երկնից բարձունքում` թռցնելով իր ետեւից երկնակամարով մեկ ձգվող ամպերի արծաթավուն շղթան: Երբ Երուսաղեմի վրա իջավ գիշերը, Սողոմոնը` նա դեռ երիտասարդ էր, սկսեց իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ գինի խմել: Ուտելու եւ խմելու նրա բոլոր ամանները մաքուր ոսկուց էին: Բայց Սողոմոնը սովորականի պես տրտում էր ու լռակյաց: Մի կշտամբիր դափնուն այն բանի համար, որ բուրավետ է. Այդպես էր երգում Սողոմոնը, մատները դիպցնելով տավղին, եւ այտն ի վար գլորվում էին արցունքները, երգի բառերը ձուլվում էին մեղմորեն, որ անսովոր կրքով էին լեցուն: Հարճերն ու ծառաները տարակուսած միմյանց էին նայում, բայց նրանցից ոչ ոք չէր համարձակվում Սողոմոնին հարցնել, թե ինչ է նշանակում այդ երգը: Երգելով մինչեւ վերջ, նա թագակիր գլուխը հակեց կրծքին եւ որոշ ժամանակ փակ աչքերով նստած էր: Իսկ հետո Սողոմոնն անսպասելի բարձրացրեց պայծառ դեմքը եւ, ինչպես անցյալում, սկսեց խոսել իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ: Թարսիսի նավը եւ Քիրամի նավը երեք տարին մեկ բերում էին ոսկի եւ արծաթ եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը, Սողոմոնի բանբերներով ուղտերը, ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին փռված էր Սաբայի թագավորությունը: Ինչո՞ւ Ռոբինզոնը ընտելացրեց կապիկին Քանզի ուզում էր իր առաջ տեսնել ինքն իր ծաղրանկարը: Դա ինձ ստուգապես հայտնի է: Երբ Ռոբինզոնը հրացանն առած, ծնկների մոտ պատռված անդրավարտիքով նայում էր կապիկին, որն իր գորշ կերպարանքով հայացքը հառել էր երկնքին, նրա դեմքին ժպիտ էր ծաղկում: Աղբյուրը՝ tarntercum.ru | |
|
| |
| Всего комментариев: 0 | |