22:00 Ռեստորան քարանձավում, Իտալիա | |
|
Աշխարհում ամենահայտնի քարանձավային ռեստորանը գտնվում է իտալական փոքրիկ քաղաքում՝ Պոլինյանո ա Մարում։ Grotta Palazzese անունը ստացած ռեստորանը առանձնանում է նրբագեղ ու ճոխ պայմաններով։ Ռեստորանը տեղավորված է հեքիաթային գեղեցիկ տարածքում՝ ափին մոտ, ընդարձակ կրաքարային քարանձավում։ Հատուկ ռեստորանի բացման համար անձավում ընդարձակ փայտե տեռասներ են կառուցել, որոնց վրա էլ հետո տեղավորել են սեղանիկները։ Այսօր Grotta Palazzese-ը համարվում է Իտալիայի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկը։ Ռեստորանի այցելուները կարող են տեղ ընտրել քարանձավի խորքում կամ հենց մուտքի մոտ, որտեղից հարմար է հիանալ ծովափի գեղեցկությամբ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև ռեստորանի լուսավորությունը։ Հենց քարանձավի պատերին տեղավորված հարյուրավոր վառ լապտերների շնորհիվ սրահում հաջողվել է հեքիաթային ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել։ Կրաքարից քարանձավը, որտեղ կառուցվել է մոլորակի ամենահայտնի ռեստորաններից մեկը, գտնվում է ծովի մակարդակից 25 մետր բարձրության վրա, և դրա շնորհիվ իսկապես շատ հարմարավետ է վայելել ծովի ու ափամերձ տարածքների գեղեցկությունը։ Ռեստորանի մենյուն դուր կգա ծովամթերքի սիրահարներին։ Նրանք հնարավորություն կունենան ճաշակել ֆիրմային կալմարներն ու սխտորով գրիլ արած մանր ծովախեցգետինները։ Grotta Palazzese-ում գները բավականին բարձր են։ Մեկ ուտեստի միջին արժեքը ավելի քան 100 ամերիկյան դոլար է։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |