20:00
Քրիստափոր Մանարյան. Փախածների հայրենիքը կամ Ալեգորիկ Հայաստան

Յոթը սարից, յոթը ձորից, յոթը ծովից էլ այն կողմ,
Ուր ծագում է կես-արևը և չի փչում ոչ մի հողմ,
Ուր գետերը հոսում են ետ, ուր խիստ շոգ է, նաև`ցուրտ,
Ապրում է մի տարօրինակ ու շատ հիմար ժողովուրդ:

Մարդիկ այնտեղ բարևում են իրար միայն գիշերով,
Եվ ուտում են մուրաբաներ` կորիզով ու փշերով:

Չունեն ոչ գիր, ոչ գրություն, ոչ էլ անգամ օրացույց
Եվ շաբաթվա օր պարզելիս` գործածում են կողմնացույց:

Լողանում են հագուստներով, եռման ջրով վաննայում,
Սանրվելիս հայելու տեղ` իրար երես են նայում:

Ջրափոսում ձուկ են բռնում երկար-երկար բեղերով,
Շոր ու շապիկ կարկատում են ժանգոտ ծռված մեխերով:

Շոգ ամռանը տեղ են գնում դահուկներով սողալով,
Ձմռան կեսին ման են գալիս` բոբիկ, ցրտից դողալով:

Շատ են սիրում ֆուտբոլ խաղալ քառակուսի գնդակով
Եվ հազալիս իրար մեջքի հարվածում են գրտնակով:

Ու այդ հիմար-հիմար երկրում կա մի հիմար իմաստուն,
Նա քանդել է տան պատերը, որ հեշտությամբ մտնի տուն:
Իսկ այդ տունը պահպանում է վեցաչքանի սև կատուն,
Որ քնում է ամբողջ օրը, բայց միշտ մնում է արթուն...

Категория: Մտորման համար | Просмотров: 1367 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Քրիստափոր Մանարյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0