13:30
Քննությունը՝ 5 տարի հետո սպասվող ընտրություններն են

Իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Վարդան Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Հրապարակվեց Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ ԵԱՀԿ տարածած դրական գնահատականը։ Երեկ Մեծ յոթնյակի (G7) երկրները ողջունեցին ընտրությունների նման ընթացքը եւ կոչ արեցին նույն ոգով էլ գնալ երկրորդ փուլ։
Ինչու՞ եմ սա գրում։ Որովհետեւ ժողովրդավարական հեղափոխությունը, որքան էլ որ այն լավ ու ցանկալի լինի, դեռ ժողովրդավարության մասին ամբողջական վկայություն չի։ Իհարկե, շատ լավ է, որ մենք ունեցանք ապրիլ-մայիսյան մեր այս փայլուն հեղափոխությունը։

Շատ լավ է, որ մեր նոր իշխանությունները կարևորում են ժողովրդավարությունը, խոսում են դրա մասին ու այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են խոստանում ու ձեռնարկում։ Այսօր ունենք իրոք ընտրված իշխանություն, հավատում ենք մեր ապագային ու գնում ենք առաջ։ Այդպես մեզանում 1991 թ․ արդեն եղել է։

Այդ ժամանակ էլ, ինչպես այսօր, մեզ թվում էր՝ կտրված մեր արատավոր ու մերժված անցյալից մենք առջեւում միայն նորանոր հաջողություններ ենք գրանցելու։ Բայց, որքան էլ տարօրինակ է՝ առջևում մեզ դիմավորեց էլ ավելի տխուր գույներով գունավորված մեր մերժված անցյալը։ Դաժան ու սարսափելի հետընթաց գրանցեցինք։

2018-ի ապրիլից նոր թվագրություն է սկսվել։ Բայց 1990-ականների մեր փորձը ցույց է տալիս, որ հետ գնալ միշտ էլ հնարավոր է։ Այսօր մենք այնպիսի հիմքեր պետք է դնենք, այնպիսի սահմաններ պետք է գծենք, որոնք մեզ ապագայում մեր նախանշած ուղղուց շեղվել չպետք է թույլ տան։
Քնությունը 5 տարի հետո սպասվող ընտրություններն են լինելու։ Հինգ տարի հետո մենք պետք է ունենանք ազատ ու մրցակցային ընտրություններ։

Եթե այսօրվա իշխանությունը հաջորդ մրցակցային ու ազատ ընտրությունների արդյունքում կպարտվի ու կընդունի իր պարտությունը, կսեղմի հաղթած ուժի ձեռքը, կամ կհաղթի անվիճելի ընտրությունների արդյունքում, այ, այն ժամանակ միայն մենք կկարողանանք ասել, որ փոքրանում է մեր անցյալի կրկնության հավանականությունը։

Գալիք ընտրությունն է լինելու ժողովրդավարության մեր քննությունը։ 
Այս ամիս Ուկրաինան այդ քննությունն է հանձնում։ Պարզ է արդեն՝ դրական արդյունքով։ Հուսանք՝ մեզ էլ է առջեւում նման արդյունք սպասում»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 502 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Վարդան Խաչատրյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0