19:00 Պայքարի նոր ճակատ | |
|
Արդեն 1 ամսից ավել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունները գրեթե կաթվածահար են արել մեր տնտեսության բազմաթիվ ոլորտներ: Մինչ այդ էլ համաճարակից զգալի անկում գրանցած տուրիզմի, սննդի, ժամանցի ու առևտրի ոլորտներում ակտիվությունն էլ ավելի է նվազել: Հիմնական պատճառն, իհարկե, բոլորիս համախմբումն է մեր բանակի և առաջնագծում տեղի ունեցողի շուրջ: Որևէ այլ բանի մասին մտածել, լինի սրճարան հաճախելը, ժամանցը կամ թեկուզ գնումները, մարդիկ ուղղակի չեն ուզում: Համացանցում հանդիպող օնլայն վաճառքի հայտարարությունների տակ մինչև անգամ կարելի է հանդիպել քննադատական մեկնաբանությունների, հայ օգտատերերի մի զգալի մասը համարում է, որ այս օրհասական պահին հարիր չէ մտածել առևտրի մասին: Սակայն առաջին հայացքից վեհ թվացող նման հայտարարություններն, իրականում, լուրջ վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության տեսանկյունից: Քանի որ չվաճառելը, չսպառելը, չարտադրելը, այսինքն տնտեսական շարժը սպանելը, կնշանակի հանձնել նախ թիկունքը, իսկ հետո նաև՝ առաջնագիծը: Ամուր թիկունք ասվածը, նաև տնտեսապես ամուր լինելն է: Եվ եթե վերոհիշյալ ոլորտների վերականգնումը հնարավոր է իրականացնել կարճ ժամանակում և առանց մեծ կորուստների, ապա գյուղատնտեսության հետ կապված խնդիրը կարող է շատ ավելի լուրջ լինել: Պատերազմի պատճառով աշնանային գյուղաշխատանքները բարձիթողի վիճակում են: Այս տենդենցը հատկապես նկատելի է փոքր գյուղացիական տնտեսություններում, որոնց մի մասի մոտ դրա պատճառը սթրեսային վիճակն է, մյուսներում՝ ընտանիքի տղամարդկանց զորակոչվելը: Սակայն էլ ավելի խնդրահարույց է, այն հանգամանքը, որ շատ համայնքներից զորակոչվել են նաև գյուղտեխնիկայի մասնագետները՝ ժողովրդի լեզվով ասած՝ մեխանիզատորները: Արդյունքում ողջ համայնքի տեխնիկայի հետ կապված աշխատանքները հետաձգվել են անորոշ ժամկետով: Խոտհունձը, վարը, աշնանացանը, մեքենայացված բերքահավաքը այդ համայնքներում պարզապես չեն իրականացվում: Իսկ սրանք այն աշխատանքներն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ լրացնել ասենք մի կամ երկու ամիս անց: Անգամ խաղաղության հաստատումից հետո, ոչ մի խթանող միջոցառում չի վերականգնի կորցրածը, ինչը հնարավոր է, օրինակ, տուրիզմի կամ առևտրի համար: Եվս մի ամիս հապաղումը կարող է արդեն գարնանը պարենային անվտանգության լուրջ խնդրի վերածվել: Նման սցենարից խուսափելու համար՝ խնդրում եմ ՀՀ կառավարությանը հնարավորինս շուտ մարզերում ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր՝ աշնանացանը և մյուս աշխատանքները կազմակերպելու համար, հարկ եղած դեպքում առաջնագծից հետ բերել գյուղտեխնիկայի մասնագետներին և հնարավորինս խթանել գյուղատնտեսական շարժը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր համայնքի հաշվարկով ապահովել գոնե նախորդ տարվա ծավալներից ոչ պակաս ցանք, իսկ համայնքներում, առկա ցանքի համար պիտանի ազատ հողերի միջոցով ավելացնել ցանքատարածություններն՝ առանց սեփականատերերի համաձայնության: Ինչպես նաև կոչ եմ անում բոլոր գյուղարտադրողներին և գյուղացիական տնտեսություններին, ավելացրեք ձեր արտադրական ծավալները որքան կարող եք, լինի դա ցանքերի, տնկարկների, անասնագլխաքանակի կամ թեկուզ մի տարա ավել բանջարեղեն պահածոյացնելու միջոցով: Պարենային անվտանգությունը նույնպես պայքարի առաջնագիծ է, և ոչ պակաս կարևոր քան ինֆորմացիոնն ու ռազմականը: Աշոտ Ղազարյան վերլուծաբան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |