|
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Իմ հանրագրից, որի էությունն էր «ապատեղեկատվությունը պետք է պատժվի, խոսքի ազատությունը պետք է խրախուսվի, իսկ ԶԼՄ-ներին պետք է հանձնել վերահսկման ավելի լայն մեխանիզմներ», լրագրող-հրապարակախոս Վահան Իշխանյանը մանիպուլյատիվ հետևություն էր արել, որ իշխանությունն ուզում է փակել «անցանկալի լրատվամիջոցները»:
News.am-ը, նույն վերնագրով՝ «Իշխանությունն ուզում է փակել անցանկալի լրատվամիջոցները», տեղադրել էր Իշխանյանի հանրագիրը, որի մեկնաբանություններում ընթերցողները համարյա միակարծիք պնդում էին... լավ կանի, որ փակի:
Սիրելի «անցանկալի լրատվամիջոցներ», ինչպես ինքներդ ձեզ սիրում եք անվանել վերջերս, գիտակցում կամ զգու՞մ եք, որ ինքներդ եք «վառում ռեյխստագը», ինքներդ եք «սպանում Կիրովին», վտանգավոր իրավիճակ եք ստեղծում ձեր իսկ համար, նույնիկ առանց իշխանությունների որևէ գործուն մասնակցության:
Նման գրեթե լիակատար ժողովրդական վստահության պայմաններում, ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել ժողովրդավարական իշխանությունների համար, քան ուժեղ ու առողջ լրատվական դաշտ ունենալը: Ինչու՞ եք բոլորիս տունը քանդում՝ հանրության լայն շերտերին ձեր դեմ տրամադրելով, լավ, մի՞թե էս հանգամանքն իրոք չի գիտակցվում ընդհանրապես»:
|