10:46 Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները․ Հարութ Սասունյան | |
|
Վտարանդի թուրք լրագրող Ջեվերի Գուվենը տեսառեպորտաժում բացահայտել է երեք թուրք գեներալների անուններն ու նրանց գործունեությունը, որոնք որոշիչ դեր են խաղացել Արցախում Ադրբեջանի վարած պատերազմում, որն սկսվել էր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Արդեն հայտնի է, որ ժամանակակից անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից, կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի և Արցախի վրա: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցել են 200 թուրք ռազմական խորհրդականներ և մի քանի հազար սիրիացի վարձկաններ: Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, որ մանրամասն զեկույց է հրապարակվում պատերազմի ընթացքում Ադրբեջանում այդ թուրք գեներալների ներկայության մասին: Թուրքիայի ռազմական ղեկավարներից մեկը գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայն է: Երկրորդը գեներալ-մայոր Բահթիյար Էրսայն է, իսկ երրորդը՝ գեներալ-մայոր Գյոքսել Քահյան: Այս թուրք գեներալների ներկայությունը Բաքվում կապված է մինչև Արցախյան պատերազմը Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովի հեռացման հետ, որը 27 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ըստ ռուսական և այլախոհ ադրբեջանական աղբյուրների՝ նա մեղադրվում էր դավաճանության և Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համագործակցության մեջ: Հաղորդվում է, որ Սադիկովին ձերբակալել են աշխատանքից նրան հեռացնելուց հետո, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը: Այնուամենայնիվ, աշխատանքից հեռացնելուց հետո նրան այլևս չեն տեսել: Ըստ հաղորդագրությունների՝ Սադիկովը ծնվել է Դերբենտում (Դաղստան), ծագումով լեզգի է: Նա վատ է տիրապետել ադրբեջաներենին: Նաև պնդում են, որ նրա զարմիկը ծառայում է ռուսական բանակում՝ Գյումրիում։ Սադիկովը կրթություն է ստացել Ռուսաստանում: Այժմ նա Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության գործողությունների ղեկավարն է: Նա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մնացել է Բաքվում և անձամբ ղեկավարել գործողությունները: Պատերազմն սկսվելուց առաջ Բաքվում և Գաբալայի ռազմական օդանավակայանում կառուցվել են արբանյակային կապի երկու կենտրոններ՝ տարածքում տեղակայված զինվորականների և շտաբների հետ կապ հաստատելու համար: Երկու կենտրոնները ղեկավարվել են բացառապես թուրքական բանակի կողմից: Ադրբեջանցի զինվորականներին հանձնարարված էր հնազանդվել թուրք վերադասների բոլոր հրամաններին և չվիճել կամ հակադրվել նրանց։ Էրսայը ղեկավարել է սիրիացի վարձկաններին, որոնք ավելի վաղ Թուրքիայի կողմից կռվել էին Սիրիայում և Լիբիայում: Բացի այդ, Էրսայը ղեկավարել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկան: Ինչպես եզրակացրեց ռուսական «Վզգլյադ» առցանց թերթը, Արցախյան պատերազմի «ծրագիրը թուրքական էր, գեներալները թուրք էին, իսկ անօդաչու թռչող սարքերն արտադրված էին Թուրքիայում․․․ Բաքուն կարող է հաղթանակ տոնել, բայց հրամանատարության ու վերահսկողության առումով հաղթանակ կարող են տոնել թուրք գեներալները»: Հարութ Սասունյան Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
|
| |
| Всего комментариев: 0 | |