13:00 Ուորլիքը փակագծեր է բացում | |
|
«Ամերիկայի ձայնը» զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ –Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ընդհանուր հարցից. Այսօր ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները: - Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեեւ այլեւս ԱՄՆ-ի կառավարությունում, Պետքարտուղարությունում չեմ աշխատում, սակայն հետեւում եմ ղարաբաղյան հակամարտությանը եւ հույս ունեմ մնալ խնդրի կարգավորման մասնակից: Հույսս, բոլորի հույսն այն է, որ կգտնվի տեւական կարգավորում, որը տարածաշրջանին խաղաղություն կբերի: Սակայն, տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տեւական խաղաղությունը եւ դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից: Այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տեւական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ: - Հայաստանը նոր կառավարություն ունի: Բացարձակապես նոր, որն իշխանության է եկել հեղափոխությունից հետո: Նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միեւնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը: - Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ (Սերժ - ԱՁ) Սարգսյանի հետ և ունեմ նրա և նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու և տեւական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում: - Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բաց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ: - Ամեն ինչ սև և սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիևի հետ և դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու և միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եվ իմ տպավորություններով նախագահ Ալիևը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, և հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: Եվ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու ևս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ: Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեև դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար: - Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Արդյոք խոսքը դրա՞ մասին է: - Անշուշտ ոչ: Կան բազմաթիվ գործոններ և յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի և ընդհանրապես ինքնավարության և տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման և մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եվ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը: - Խոսենք «Լավրովի ծրագրի» մասին, որը, համաձայն որոշ փորձագետների, այժմ սեղանի վրա է: Որո՞նք են այդ ծրագրի էլեմենտները եւ ընդհանրապես այն ինչպե՞ս հայտնվեց: - Ես կնախընտրեի չօգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լավրովի հետ և քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը: Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջև: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու և մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն եւ արդյունավետ: Ու թեեւ ես այլեւս համանախագահության գործընթացի մասնակից չեմ, նույնիսկ որպես կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, հույս ունեմ, որ արտգործնախարար Լավրովը կշարունակի ակտիվ դեր խաղալ, ինչպես նաեւ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք ջանքերը եւ բեկում կարձանագրենք: Տեսեք, այս հակամարտությունը չափից ավելի երկար է շարունակվում: Այն չի դառնալու ավելի թեթև և խաղաղության համար այսօրվանից ավելի լավ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժվել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն ավելի է բարդանալու և բախման ռիսկը ավելանալու է: Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թե պատրաստ են առաջ շարժվել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու ավելի լավ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգավորել: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ հայերի եւս մեկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնն էլ Ադրբեջանում. Արդյո՞ք դուք կարծում եք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել եւս մեկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակվող մահվան դեպքերը շփման գծում, շարունակվող հակամարտության տնտեսական հետեւանքները: Իմ կոչը կլինի ոչ թե պարզապես առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. Այժմ ժամանակն է կարգավորելու այս հարցը և կարգավորման ուրվագծերը հայտնի են և սեղանի վրա են: Դրանք կարող են քննարկվել և առաջ քաշվել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |