20:00 «Մտավորականը»․ էուջենիո Մոնտալե | |
|
Մտավորականը աղցանը համեմում է լիմոնի յուղով: Մտավորականը կարծում է, թե Վերդիին շատ ուշ է հաջողվել տիրապետել իր փեշակին, քանի որ ծեր հասակում է ստեղծել իր մեծագույն գլուխգործոցը` «Ֆալստաֆը»: Մտավորականը գերադասում է մաքուր երաժշտություն, հատկապես Բախինը (որի անունն արտասանում է քմային ուժեղ շեշտադրությամբ): Մտավորականը դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, սակայն չի համարում, որ ճիշտ են նրանք, ովքեր երբեք չեն անդամակցել այս կուսակցությանը: Մտավորականը կարող է նաև հայտնաբերել Վերդիին, սակայն այդ դեպքում նրա հասցրած վնասն ավելի մեծ կլինի: Մտավորականը կարծում է, թե ժամանակակից պոեզիան հումանիստական չէ, սակայն թուլություն ունի վերացական նկարչության հանդեպ: Մտավորականը վերջնականապես եզրակացնում է, որ ժամանակակից պոեզիան հագեցած է հումանիզմով. ահա թե ինչու է աղետն անկասելի: Մտավորականը «Պայացների» նախերգանքը շփոթում է «Ձոն Ցնծության» հետ, բայց բողոքում է, թե իտալերեն լեզուն նվազ երաժշտական է: Մտավորականը որոշում է դուրս գալ փղոսկրե աշտարակից: Բարեբախտաբար, ոչ ոք դա չի նկատում: Մտավորականը համոզված է, որ արվեստն իր համար է ստեղծված: Ավելի վատ կլինի, եթե նա կարծի, թե այն ժողովրդի համար է: Մտավորականը երազում է դոլարով աշխատավարձ ստանալու մասին և հայտարարում, թե «Եվրոպան պետք է միավորվի, այլապես` կկործանվի»: Մտավորականն աշխատավարձը դոլարով չի ստանում և ասում է, թե՝ «Արևմուտքի մայրամուտը մոտ է»: Մտավորականը սիրում է բալետ, դոդեկաֆոնիկ երաժշտություն և B1 խմբի վիտամիններով հարուստ Ապերիտիվներ: «Բայց` կոկտեյլը շատ չոր, խնդրում եմ»: Մտավորականը փայտե կոճակներով շապիկ է հագնում և ասում, թե Փարիզն անկում է ապրում: Գուցեև այդպես է, սակայն իսկական անկումն այն կլիներ, եթե Փարիզը նրա մասին մտածեր: Դժբախտաբար, երբեմն այդպես պատահում է: «Սեն Ժերմեն դե Պրեն, սակայն, որոշակի ոճ դեռ պահպանում է…»: Մտավորականն ասում է, թե եկել է ինտելեկտուալիզմից հրաժարվելու պահը: Մտավորականն ասում է, թե Շվեյցարիան ձանձրալի երկիր է: Մտավորականն ասում է, թե Անգլիայում, վերջիվերջո, կերակուրն այնքան էլ վատը չէ: Ոչ մի կաթով սուրճ` սովը կոտրում է չինական թեյով և մրգօղիով: Մտավորականը փնտրում է իր «երկրորդ փեշակը»: Իսկ առաջի՞նը: Մտավորականը պաշտպանում է ազատությունը` մեկնելով Պրահա և Վարշավա, իսկ հարցաքննությանժամանակ ասում է, թե` «իրեն ստիպել են դա անել»: Մտավորականը գրական մրցանակ չի ստանում և ասում է, թե բոլոր մրցանակները մաֆիայի ձեռքում են: Մտավորականը գրական մրցանակ է ստանում և ընդունում է, որ մաֆիա կոչվածի մեջ էլ ինչ-որ մի լավ բան կա: («Նոր Քաղցր Ոճի»* պոետներն էլ բանդայի անդամներ էին): Մտավորականը բանաստեղծություններ է գրում, որոնք ոչ ոք չի կարդում, և եզրակացնում է, թե մեր ժամանակները պոեզիայի համար չեն: Մտավորականն իր հեղինակած գրքերը չի վաճառում ու պահանջում է պետության միջամտությունը: Մտավորականն ուզում է, որ պոեզիան լինի ժողովրդի համար, երաժշտությունը` «սերիալ»**, և նկարչությունը` վերացական, այսինքն` կոնկրետ: Մտավորականն ասում է, թե այն քննադատները, ովքեր իրենով չեն զբաղվում, սնանկ են: Մտավորականը հակվում է նեոռեալիզմին, որովհետև բուրժուազիան այլևս սպառված է: «Հետո, սակայն, անհրաժեշտ է նորովի արարել մարդուն»: Մտավորականը թարգմանվել կամ թարգմանվելու է այլ լեզուներով: Իր հրատարակիչը «հաջողացրել է» նրա մի գրքի տպագրությունը: Մտավորականը չի հանդուրժում արվեստի գործերին պետության միջամտությունը, սակայն բողոքում է, թե թատրոնն ու կինոն քիչ հատկացումներ են ստանում: Մտավորականը կարծում է, թե անհրաժեշտ է բարեփոխել Ակադեմիան, որպեսզի ինքը նրա անդամը դառնա և, հատկապես, որպեսզի անդամ չդառնան Ա-ն, Բ-ն, Գ-ն… Մտավորականը դեմ է արվեստների պլանավորմանը, սակայն այն կարծիքին է, որ Ա-ին, Բ-ին և Գ-ին պետք է արգելել գրելը: Մտավորականն ատում է երրորդ ուժը, որովհետև մերը զանգվածների ժամանակն է: Մտավորականն ատում է զանգվածներին ու կարծում, թե «Պարտեզ փակեալ» լավ բան է: Մտավորականն ասում է, թե Շեքսպիրը եթե կենդանի լիներ` կինո կնկարահաներ: Իսկ առայժմ ինքն է ուզում դա անել: Մտավորականը ժամադրության է գալիս լրագրերի մի խուրձ ձեռքին, ներողություն է խնդրում ուշանալու համար և հրաժեշտ տալիս` ասելով, թե պետք է մի տեղ գնա: Ու՞ր է գնալու: Պետք է «Գուշակության մրցույթ» հայտարարվի դա իմանալու համար: Թարգմանությունը իտալերենից Գագիկ Բաղդասարյանի * XIII դարի բանաստեղծական շարժում Իտալիայում, որին մասնակցում էր նաեւ Դանտե Ալիգիերին: Արտատպված է «Նարցիս» հանդես, թիվ 6, 2007թ: Աղբյուրը՝ granish.org | |
|
| |
| Всего комментариев: 0 | |