19:00 Մեկ զույգ մետաքսե գուլպա. Քեյթ Շոպեն | |
|
Մի օր փոքրիկ տիկին Սոմերսը հայտնաբերեց, որ տասնհինգ դոլարի անսպասելի սեփականատեր է: Դա ահռելի գումար էր թվում նրան, իսկ մաշված հին դրամապանակը, որ խցկված և ուռած էր այդ գումարով, նրան այնպիսի կարևորության զգացում էր տալիս, ինչպիսին տարիներ շարունակ չէր վայելել: Նրան մեծապես զբաղեցնում էր այն ծախսելու հարցը: Մեկ-երկու օր կարծես անորոշ վիճակում էր, բայց իրականում կլանված էր մտորումների և հաշվարկների մեջ: Նա չէր ցանկանում հապճեպ գործել` անելով մի բան, որի համար կարող էր ափսոսալ հետո: Բայց գիշերը արթուն պառկած, երբ դեռ խորհում էր իր պլանների մասին, նրան թվաց, որ պարզ տեսնում էր գումարը խելամիտ և ճիշտ ծախսելու ուղին: Ջենիի կոշիկների համար սովորաբար վճարվող գումարին կավելացներ մեկ կամ երկու դոլար, որն էլ կերաշխավորեր դրանց դիմացկունությունը սովորականից ավելի երկար ժամանակով: Տղաներին, Ջենիին և Մեգիին նոր վերնաշապիկ կարելու համար կտոր կգներ: Նա մտադիր էր հին վերնաշապիկները նորացնել` հմտորեն կարկատելով: Մեգիին ևս մեկ զգեստ էլ պետք կլինի: Խանութի ցուցափեղկին մի քանի գեղեցիկ մոդել տեսել էր, որոնց սակարկելի լինելը իրատեսական էր: Եվ դեռ մի բան էլ կմնա նոր գուլպաների համար` ամեն մեկին երկու զույգ, և ինչ կարկատան էլ լինի, որոշ ժամանակ կդիմանան: Տղաների համար գլխարկներ կգնի, աղջիկների համար էլ` նավաստու գլխարկներ: Իր փոքրիկ ձագուկների թարմ, նրբաճաշակ և նոր տեսքի մտապատկերը (մեկ անգամ իրենց կյանքում) հուզեց նրան և անքնության հետ մեկտեղ դարձրեց անհանգիստ և անհամբեր: Հարևանները երբեմն խոսում էին այն «ավելի լավ օրերի» մասին, երբ ճանաչում էին փոքրիկ տիկին Սոմերսին, նախքան նա երբևէ կմտածեր դառնալ տիկին Սոմերս: Իսկ ինքը նման հիվանդագին ձևով անձնատուր չէր լինում հետադարձ հայացքներին: Ոչ մի ազատ վայրկյան չուներ անցյալին նվիրելու: Ներկայի կարիքները կլանել էին նրա բոլոր ընդունակությունները: Ապագայի պատկերը թույլ, գունատ հրեշի նման երբեմն սարսափեցնում էր նրան, իսկ վաղվա երջանիկ օրը այդպես էլ չէր գալիս: Սակայն այդ օրը նա մի փոքր գունատ էր և հոգնած: Թեթև նախաճաշե՞լ էր, ո՛չ. ե՞րբ մտածեր այդ մասին. իրականում, երեխաներին կերակրելու, տունը հավաքելու և գնումների մենամարտին պատրաստվելու ընթացքի մեջ ընդհանրապես մոռացել էր որևէ բան ուտելու մասին: Նա տեղավորվեց պտտվող աթոռին, որ դրված էր համեմատաբար դատարկ վաճառասեղանի առջև, փորձելով ուժ և համարձակություն հավաքել` գրոհելու անհամբեր բազմության միջով, որ պաշարում էր վերնաշապիկներն ու նախշավոր բատիստը: Երբ բոլորը գնացին, թուլության զգացում պատեց նրան և նա հենվեց` ձեռքը աննպատակ դնելով վաճառասեղանին: Ձեռնոցներ չէր հագել: Աստիճանաբար սկսեց գիտակցել, որ իր ձեռքը դիպել էր շատ հանգստացնող ու հաճելի բանի: Նայելով ներքև՝ տեսավ, որ ձեռքը դրել է մետաքսե գուլպաների խրձի վրա: Կողքի ցուցանակը հուշում էր, որ դրանց գինը երկու դոլար հինգ սենտից դարձել էր մեկ դոլար իննսունութ սենտ: Վաճառասեղանի հետևում նստած մի երիտասարդ աղջիկ հարցրեց նրան՝ արդյոք չէ՞ր ցանկանում իր հերթին զննել մետաքսե գուլպաները: Նա այնպես ժպտաց, կարծես խնդրել էին զննել ադամանդյա տիարան մինչև այն գնելու վերջնական որոշում կայացնելը: Իսկ նա շարունակում էր արդեն երկու ձեռքով զգալ փափուկ, փայլուն, շքեղ գուլպաները, բարձրացնելով վերև` տեսավ նրանց փայլը և զգաց՝ ինչպես են օձի նման սահում իր մատների արանքով: Հանկարծ բուռն արցունքի երկու կաթիլ հայտնվեց նրա գունատ այտերին: Փնտրեց աղջկան. -Ինչ եք կարծում՝ ութ ու կես համարը կգտնվի՞ սրանց մեջ: Կար և իրականում ավելի շատ, քան մնացած չափսերից. բաց կապույտ, որոշները՝ լավանդայի գույնի, որոշները՝ լրիվ սև, մուգ գույնի տարբեր երանգներ և մոխրագույն: Տիկին Սոմերսը ընտրեց սև գույնը և շատ երկար ու մոտիկից զննեց դրանք: Ձևացնում էր՝ իբր ստուգում է դրանց որակը, որի գերազանց լինելը հավաստիացրեց գործավարը: -Մեկ դոլար և իննսունութ սենտ,- բարձրաձայն մտածեց նա:- Լա՛վ, ես վերցնում եմ սա: Նա հանձնեց աղջկան հինգ դոլար և սպասեց իր մանրին, որն այնքան քիչ էր, կարծես կորավ նրա հին, խղճուկ պայուսակի խորքերում: Ի՜նչ հաճելի էր մետաքսի հպումը իր մաշկին: Նրան մի պահ թվաց՝ փափուկ բարձերով աթոռին մեկնված՝ զվարճանում է այդ շքեղության մեջ: Մի քիչ էլ մնաց այդ դրության մեջ, հետո հագավ կոշիկները, բամբակյա գուլպաները ծալեց և խցկեց պայուսակի մեջ: Այս ամենն անելուց հետո ուղիղ գնաց կոշիկի խանութ և հարմար տեղավորվեց աթոռին: Նա քմահաճ էր: Գործավարը չէր կարողանում համոզել` չկարողանալով համապատասխանեցնել կոշիկները գուլպաների հետ, իսկ տիկին Սոմերսն էլ հեշտ համոզվողը չէր: Հետ տարավ փեշը, գլուխը թեքեց մի կողմ, ոտքը` մյուս կողմ, այդպես նա հայացք գցեց փայլուն, սրածայր կոշիկներին: Ոտքն ու կոճը շատ գեղեցիկ էին: Չէր կարողանում հավատալ, որ դրանք պատկանում են իրեն և իր մի մասնիկն են: Իրեն սպասարկող երիտասարդին ասաց, որ ցանկանում է հրաշալի և նորաձև տեսք ունենալ և դեմ չէր լինի մեկ-երկու դոլար եղած գնից ավել վճարելու, մինչև չստանար այն,ինչ ցանկանում էր: Երկար ժամանակ էր, ինչ տիկին Սոմերսը ձեռնոցներ չէր ընտրել: Հազվադեպ առիթներով, երբ գնում էր ձեռնոցներ, դրանք միշտ «սակարկելի» էին լինում` այնքան էժան, որ անհեթեթ և անիմաստ էր սպասել. հարմար կլինեին ձեռքերին: Փողոցից մի քանի քայլ ներքև կրպակ կար, որի պատուհաններին գրքեր և ամսագրեր էին դիզված: Տիկին Սոմերսը գնեց երկու թանկ ամսագիր, քանի որ սովորել էր կարդալ այն օրերին, երբ պետք է այլ հաճելի բաներով զբաղվեր: Վերցրեց դրանք առանց փաթեթավորելու: Խաչմերուկում թեթևակի ուղղեց շրջազգեստը: Գուլպաները, կոշիկները և լավ նստած ձեռնոցները սքանչելի սազում էին նրան` տալով վստահության և լավ հագնվողների դասին պատկանելու զգացում: Նա շատ քաղցած էր: Ուրիշ անգամ կբթացներ ուտելու ցանկությունը, մինչև կհասներ տուն, որտեղ մեկ բաժակ թեյ կպատրաստեր և ձեռքի տակ եղածով մի թեթև կնախաճաշեր: Բայց նրան ղեկավարող ազդակը չէր տանջում նմանատիպ մտքերով: Երբ ներս մտավ, դա ո’չ զարմանք առաջացրեց, ո’չ էլ`տարակուսանք, ինչից նա վախենում էր: Մենակ նստեց փոքրիկ սեղանի մոտ և ուշադիր մատուցողը միանգամից հայտնվեց` ընդունելու պատվերը: Շատ բան չուզեց. պատվիրեց հաճելի և համեղ պատառ` կես բաժին կապույտ կետեր[1] , կոտեմով լցոնված կոտլետ, ինչ-որ քաղցր բան`կրեմով սմուզի, օրինակի համար, մեկ բաժակ Ռեյն գինի և վերջում` փոքր գավաթով սև սուրճ: Մինչ սպասում էր պատվերը բերելուն, շատ դանդաղ հանեց ձեռնոցները և դրեց կողքին: Հետո բացեց ամսագիրը, հայացք գցեց վրան` հղկելով էջերը դանակի բութ սայրով: Ամեն ինչ շատ հաճելի էր: Դամասկը նույնիսկ ավելի մաքուր էր, քան թվում էր պատուհանից, իսկ բյուրեղապակին` ավելի շողշողուն: Այնտեղ մի շարք կանայք և տղամարդիկ կային, որոնք նրա նման փոքրիկ սեղանի շուրջ ճաշում էին և չէին նկատում իրեն: Լսվում էր մեղմ, հաճելի երաժշտություն, պատուհանից փչում էր թեթև քամի: Նա մի փոքր համտեսեց, մեկ-երկու բառ կարդաց, սաթե գինուց մի կում արեց և սահեցրեց մատները մետաքսե գուլպայի վրայով: Տարբերություն չկար՝ ինչքան էր դրա գինը: Հաշվեց մատուցողին տրվող գումարը և հավելյալ մետաղադրամ թողեց մատուցարանի մեջ, ինչին ի պատասխան մատուցողը խոնարհվեց նրա առջև այնպես, ինչպես կխոնարհվեր արքայական ծագմամբ իշխանուհու առջև: Դրամապանակում դեռ գումար կար և հաջորդ գայթակղությունը իրենից ներկայացնում էր առավոտվա ժապավենի շարունակությունը: Կային նաև այնպիսիները, ովքեր եկել էին բացառապես ներկայացման և խաղի համար: Հանգիստ կարող ենք ասել, որ չկար մեկը, ով այնպես վերաբերվեր իր շրջապատին, ինչպես տիկին Սոմերսը: Նա բոլորին հավաքել էր մեկ ընդարձակ տպավորության մեջ`բեմը, խաղացողներին, մարդկանց, և խորասուզվում ու հաճույք էր ստանում դրանից: Ծիծաղում էր կատակերգության ժամանակ և լաց լինում. իր կողքին նստած անճաշակ կնոջ հետ արտասվեց ողբերգության ժամանակ: Այդ մասին մի փոքր խոսեցին իրար հետ: Հետո անճաշակ կինը սրբեց աչքերը և թեթևակի ֆսֆսացրեց, ինչպես ֆիլմերում, օծանելիք ցանեց և ձեռքի քաղցրավենիքի տուփը փոխանցեց փոքրիկ Սոմերսին: Նրա դիմաց նստած խորամանկ աչքերով մի տղամարդ սիրով ուսումնասիրում էր նրա փոքրիկ, գունատ դեմքը: Տղամարդը տարակուսում էր վերծանել այն, ինչ տեսել էր այնտեղ: Իրականում, նա ոչինչ չէր տեսել, բացառությամբ մի սուր ցանկության, որ բավական էր դառնար հրաշագործ և մի զորեղ մղումով այնպես աներ, որ ճոպանուղին երբեք չկանգներ, այլ նրա հետ հավերժ գնար ու գնար: [1] Կետեր – ոստրեի տեսակ Բլյու Փոյնթից, Լոնգ Կղզի Թարգմանությունը անգլերենից՝ Գոհար Ղասաբյանի Աղբյուրը՝ granish.org | |
|
| |
| Всего комментариев: 0 | |