21:30 Մարդկության ամենահայտնի համաճարակները | |
|
Մարդկությունն իր պատմության տարբեր փուլերում կանգնել է լուրջ խնդիրների առջև: Դրանցից են նաև համաճարակները: 1770-ին Մոսկվայում ժանտախտի մի քանի դեպք հայտնաբերվեց: Այդ մի քանի դեպքերը 1771-ին վերածվեցին աղետի` ժանտախտի համաճարակի: Կառավարությունը փորձեց ինչ-որ բան ձեռնարկել ահավոր հիվանդության տարածումը կասեցնելու համար: Օրինակ` հիվանդի ընտանիքին պատկանող կահ-կարասին վառեցին` առանց փոխհատուցման տարբերակը դիտարկելու հնարավորության: Փակեցին հասարակական բաղնիքները, ինչը զայրացրեց առանց այդ էլ չարացած բնակիչներին: Ի վերջո, երկիրը տնտեսական ծանր վիճակի առաջ կանգնեց. պակասեց սնունդը, մարդիկ դուրս եկան փողոց` սպանելու ու թալանելու: 1771-ի սեպտեմբերի 17-ին մոտավորապես 1000 մարդ հավաքվեց Սպասսկու դարպասների մոտ` պահանջելով դադարեցնել կարանտինը: Բանակը վճռական պատասխան տվեց. մոտավորապես 300 բողոքարար բանտ նետեցին: Դրանից հետո, այնուամենայնիվ, իշխանությունները, որքան էլ տարօրինակ է, սկսեցին սնունդ բաժանել, քաղաքի բնակիչներին աշխատանքի տեղավորել: Ի վերջո, հուզումը հանդարտվեց: Լոնդոնի Մեծ ժանտախտը Լոնդոնում ժանտախտի համաճարակն ընդամենը մեկ տարում 100 հազար մարդու կյանք խլեց. այն ժամանակների համար` հսկայական թիվ, Լոնդոնի բնակչության մոտավորապես հինգերորդ մասը: Ժամանակակից գիտնականները կարողացել են պարզել, որ Մեծ Ժանտախտի տարածման պատճառը հակասանիտարական պայմանների հետևանքով տարածվող այտուցային ժանտախտի (գեղձուռուցք) հարուցիչն էր: Լոնդոնի մեծ ժանտախտը մասշտաբով ավելի փոքր էր, քան Սև մահ կոչված համաճարակը, որը 1347-1353 թթ. ավելի քան մեկ մլն եվրոպացու կյանք խլեց: Այդ սարսափելի հիվանդության գլխավոր ախտանշանն արյունահոսող խոցերն էին ու բարձր ջերմությունը: Պատմաբանների կարծիքով` Սև մահը 75-200 մլն մարդու կյանք խլեց: Եվրոպան ամայացավ: Հիվանդության վերջին բռնկումը տեղի է ունեցել 1600-ականներին, Լոնդոնում: Բյուզանդական մահաբեր խոց կամ Հուստինիանոսի ժանտախտ Գեղձուռուցքը ո՛չ միայն լոնդոնցիներին է ախտահարել, այլև մ.թ. 541-542 թթ. Բյուզանդական կայսրության բնակչությանը: Այդ համաճարակի սոցիալական ու տնտեսական հետևանքները համեմատելի են Սև մահի հետ, որը հնձեց յուրաքանչյուր երրորդ բնակչին: Սակայն բյուզանդական համաճարակը տարբերվում է Սև Ժանտախտից: Բանն այն է, որ մ.թ. VI դարում բյուզանդական ժանտախտը Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան մինչև Իռլանդիա ախտահարած համաճարակի ընդամենը մի մասն էր: Համաճարակը յուրաքանչյուր սերնդի հետ վերադառնում էր մինչև մ.թ. 750 թվականը: Անտարակույս, կարելի ասել, որ VI դարի համաճարակը հսկայական ազդեցություն է ունեցել մարդկության ամբողջ պատմության վրա: Հին ժամանակներում ժանտախտը տարածվում էր ինչպես պանդեմիա (աշխարհավարակ): Ծաղիկ Այսօր այդ հիվանդությունը հաղթահարված է: Սակայն անցյալում ծաղիկ հիվանդության պարբերաբար կրկնվող համաճարակներն ամայացրել էին մոլորակը: Մի վարկածի համաձայն` այս հիվանդությունն է ինկերի ու ացտեկների քաղաքակրթության վախճանի պատճառը: Կարծիք կա, որ հիվանդությունից թուլացած ցեղերը չկարողացան իրենց պաշտպանել իսպանական զորքերի հարձակումներից: Այսօր ծաղիկ հիվանդության համաճարակ գրեթե չկա: Սակայն ժամանակին այն չխնայեց Եվրոպան: XVIII դարում հիվանդության բռնկման հետևանքով 60 մլն մարդ մահացավ: Խոլերայի 7 պանդեմիաները` 1816-1960 թթ. Առաջին դեպքերն արձանագրվել են Հնդկաստանում ու վարակման գլխավոր պատճառը կյանքի հակասանիտարական պայմաններն էին: Այն ժամանակ խոլերայից 40 մլն մարդ մահացավ: Քիչ մահեր չեն եղել նաև Եվրոպայում: Ներկայիս բժշկությունը գործնականում հաղթել է երբեմնի մահաբեր հիվանդությանը: Ու միայն հազվադեպ ու բարձիթողի հիվանդության դեպքում է այն մահվան ելքով ավարտվում: Երրորդ համաճարակը Սա արդեն մեր ժամանակներից է.1855-ին այն սկսվել է Չինաստանի Յաննան նահանգից: Կարճ ժամանակահատվածում ժանտախտը Չինաստանում ու Հնդկաստանում սպանեց ավելի քան 12 մլն մարդ: Գիտնականները կարծում են, որ այդ համաճարակի արձագանքները նույնիսկ 1959-ին են զգացվել. տարեկան ժանտախտով վարակման 200 դեպք էր արձանագրվում: Սև մահ Սև մահ, որ հայտնի է նաև մեծ Ժանտախտ կամ գեղձախտ անվանումներով. մարդկության պատմության ամենասև էջերից է: Տվյալ հիվանդության հարուցիչը Yersinia pestis-ն է: Որոշ պատմաբաններ կարծում են, որ այն սկիզբ է առել Չինաստանում ու Կենտրոնական Ասիայում 1320-1330 թթ., ու մի քանի տարում առևտրային քարավաններն ու զինվորներն այն տարածել են ամբողջ մայրցամաքում, ներառյալ` Ղրիմը: Տեղեկություններ կան, որոնք խոսում են այն մասին, որ այդ համաճարակն իր մահացու երթը սկսել է հենց Ղրիմից, ապա տարածվել Արևելյան Եվրոպայով ու Հյուսիսային Աֆրիկայով: Այդ համաճարակից մահացածների ընդհանուր թիվը միայն Եվրոպայում հասել է 25-30 մլն-ի: Դրանից հետո համաճարակն ամեն նոր սերնդի հետ վերադարձել է մինչև 1700 թ: Այդ ընթացքում Եվրոպայում համաճարակի ավելի քան 100 բռնկում է եղել: Ցանկացած համաճարակ նոր շրջադարձ է պատմության մեջ, քանի որ դրանց հետևանքով նման քանակով զոհերը չէին կարող աննկատ անցնել պատմության համար: Հայտնի է, որ գրիպն այն հիվանդություններից է, որն անընդհատ փոփոխության է ենթարկվում է ու դա է պատճառը, որ դժվար է մեկընդմիշտ ազատվել այդ հիվանդությունից: Համաշխարհային պատմությանը գրիպի մի քանի համաճարակ է հայտնի, որոնք միլիոնավոր մարդկանց կյանք են խլել: Իսպանական գրիպը` իսպանկան, Առաջին աշխարհամարտից հետո Եվրոպայի բնակչության համար հերթական ցնցումն էր: Այն մոլեգնեց 1918-ին ու համարվում է պատմության ամենամահասփյուռ համաճարակներից մեկը: Երկրագնդի բնակչության գրեթե 30%-ը վարակված էր այդ վիրուսով, որը մահացու ելքով ավարտվեց ավելի քան 100 մլն-ի համար: Եվրոպայում իսպանկան հնձում էր բոլորին անխտիր: Հասարակության մեջ խուճապից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ անում էր աղետի մասշտաբների մասին իրողությունը թաքցնելու համար: Ու միայն Իսպանիայում էր, որ համաճարակի մասին տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը: Դրա համար էլ ժողովուրդն անվանեց այն «իսպանկա»: Թռչնագրիպի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1878-ին: Այն ժամանակ Իտալիայում այն նկարագրել է Էդուարդո Պերոնչիտոն: Ներկայիս H5N1 անվանումը վիրուսը ստացել է 1971-ին: Իսկ այդ վիրուսով առաջինը 1997-ին Հոնկոնգից մեկ մարդ հիվանդացավ: Թռչնագրիպը հայտնի է նաև նորագույն պատմությանը: Այն ժամանակ այդ վարակը թռչնից փոխանցվում էր մարդուն: Հետո 18 մարդ վարակվեց, որոնցից 6-ը մահացան: Նոր բռնկում տեղի ունեցավ 2005-ին Թաիլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Կամբոջայում: 112 վարակվածներից մահացան 64-ը: Մինչև 2008 թ. այդ վարակը 227 կյանք խլեց: Ճիշտ է, այդ հիվանդությունը համաճարակ որակելը դեռ վաղ է, սակայն դրա վտանգի մասին մոռանալ երբեք չի կարելի, քանի որ մուտացիայի ենթարկված վիրուսներից մարդը դեռևս իմունիտետ չունի: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ Լեհ երկու բժիշկներ կարողացան խաբել նացիստներին ու փրկել 8000 հրեաների: Եվգենիուշ Լազովսկին ու Ստանիսլավ Մատուլևիչը օկուպացիայի ժամանակ «կեսաբանական զենքով» փրկեցին 8000 հրեայի: Նրանք բացահայտեցին, որ Proteus OX19 մեռյալ մանրէի պատվաստումից հետո տիֆի թեստավորման ժամանակ արյան հետազոտությունը կեղծ դրական արդյունք է տալիս: Դա իմանալով` նրանք որոշեցին Ռոզվադով քաղաքի լեհ բնակչությանը գաղտնի պատվաստել ու նրանց արյան նմուշներն ուղարկել նացիստներին: հետազոտություն կատարելով` գերմանացիները որոշեցին, որ քաղաքում տիֆի համաճարակ է, կարանտինի գոտի հայտարարեցին ու չհամարձակվեցին մտնել այնտեղ: Այդպիսով, այնտեղ բնակվող հրեա ազգաբնակչությունը փրկվեց նահատակվելուց: Ծիծաղի համաճարակ 1962-ին Տանգանիկայում (ժամանակակից Տանզանիան) ծիծաղի համաճարակ բռնկվեց` վարակելով շուրջ 1000 մարդու: Այն սկիզբ առավ Կաշաշա գյուղի աղջիկների դպրոցում: Սկզբում ծիծաղ սկսվեց 3 աշակերտուհիների մոտ, որը տևեց մի քանի օր: Շուտով դպրոցը փակեցին, սակայն համաճարակը փոխանցվեց մոտակա գյուղերի 14 դպրոցների մյուս երեխաներին: Աղբյուրը՝ ankakh.com | |
|
| |
| Всего комментариев: 0 | |