20:00 Մամուկան հայերի համար | |
|
2005 թվականի հուլիսի 29-ին Թբիլիսիում վախճանվեց 54-ամյա մի տղամարդ, ում մահը մեծ վիշտ առաջացրեց ողջ վրացիների շրջանում: Այն ժամանակվա վրացական մամուլը գրում էր. «Նա քաղաքական գործիչ, գիտնական, էստրադային աստղ, ռեկորդակիր մարզիկ չէր... Նրա մասին չի գրել անգամ «ամենագետ» դեղին մամուլը: Եվ այնուամենայնիվ, երկար տարիներ նա ողջ Վրաստանում ամենաշատ ժողովրդականություն վայելող մարդկացից էր»: Նրա անունն էր Իլյա Գվարիշիվիլի, կամ պարզապես` Մամուկա: Հենց այս մարդու մասին եմ ուզում համառոտ պատմել: Խոսքը ոչ միայն պարզ, լավ, իր երկրում և նրա սահմաններից դուրս ճանաչված մարդու մասին է,այլ այն մարդու մասին, ով կարիքի, դժվարությունների ժամանակ անշահախնդիր կանգնել է հայ ժողովրդի կողքին: Նա աջակցել է հայ ժողովրդին և ոչ թե Հայատանի կառավարությանը կամ հայկական քաղաքականությանը: Անցյալ դարի 80-ական թվականների վերջին, դեռևս «եղբայրական» հայերի և ադրբեջանցիների միջև «եղբայրական» պատերազմ սկսվեց։ Քաղաքական հայտարարություններին փոխարինեց ֆիզիկական դիմակայությունը: Ադրբեջանի ողջ տարածքում սկսվեցին էթնիկ հայերի տոտալ հետապնդումները: Միայն Բաքվից արտաքսվեցին ավելի քան 50.000 էթնիկ հայեր: 1991-ի վերջին, Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանը զորքերը հանեց Լեռնային Ղարաբաղի տարծքից: Դա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ճանապարհ բացեց: Այս արյունալի առճակատումը երկու կողմից էլ հազարավոր մարդկանց կյանք խլեց: Իմ նպատակը հարևան պետությունների համար այս եղբայրասպան պատերազմից որևէ հետևություն անելը չէ: Մի օր պատմությունն ինքն կանի դա: Ուզում եմ ասել, որ դա շատ ծանր, դժվարին ժամանակաշրջան էր ողջ Անդրկովկասի նորագույն պատմության մեջ: Նույն ժամանակաշրջանին է պատկանում համաշխարհային սոցիալիստական համագործակցության և Խորհրդային Միության փլուզումը, նախկին սովետական հանրապետությունների միջև կապի խզումը, տնտեսության անկումը, սոցիալական պայմանների կտրուկ վատթարացումը։ Հաշվի առնելով այս գործոնները, Հայաստանը, փաստորեն, հայտնվել էր լիակատար մեկուսացման մեջ, իսկ հայ ժողովրդի համար չափազանց ծանր վիճակ էր ստեղծվել: Հարևան Վրաստանը, բնականաբար, չէր կարող ի օգուտ որևէ կողմի միջամտել և ոչ էլ միջամտել է հակամարտությանը: Իհարկե, վրաց դիվանագետներն ու պետական գործիչներն ամեն ինչ արել են հարևան պետությունների ռազմական դիմակայությունը դադարեցնելու և ամենադժվարին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու գործում: Նրանց թվում էր նաև պարոն Մամուկա Գվարիշվիլին ՝ վրաց արևելագիտության դպրոցի պատվավոր ներկայացուցիչը (1973թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը)՝ 1992-2003 թվականներին Վրաստանի նախարարների գրասենյակի (մինիստրների կաբինետի) վարչական մարմինների բաժանմունքի պետը: Նոդար Մումլաձե (Մառնեուլիի շրջանի գամգեբելին 1992-95թ.թ.) - «Շատ ծանր իրավիճակ էր ստեղծվել. թե՛ հայերը, և թե՛ ադրբեջանցիները բնակվում էին Մառնեուլիում՝ այս սահմանային տարածքում, որտեղ գտնվում է Հայաստանին կապող Իմիրի կամուրջը՝ Խրամի գետի վրա: Չնայած մեր մեծ ջանքերին, ցավոք, չկարողացանք խուսափել բախումներից, առճակատումներից և անգամ դիվերսիաներից: Նման մի բախման արդյունքում այս կամուրջը տապալվեց: Հայաստանը շատ ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ կենսական նշանակության ապրանքները և, ամենակարևորը՝ ցորենը հենց այդ ճանապարհով էր մտնում երկիր: Ես շուտափույթ կերպով իրավիճակի մասին տեղեկացրի Մամուկա Գվարիշվիլիին, քանի որ գիտեի, որ միայն նա կարող էր խնդրին արագորեն լուծում տալ և, ինչպես պարզվեց, չէի սխալվել»: Հիշեցում եմ, որ այդ ժամանակաշրջանը բարդ էր նաև Վրաստանի համար՝ մի կողմից Աբխազիայի խնդիրը, մյուս կողմից՝ զինված հանցախմբեր, որոնք անողոք կողոպտում, ահաբեկում էին բնակչությունն ու պետական կառույցներին, Պայթեցնում էին կամուրջներ ու երկաթգծեր: Իսկ Հայաստանն աշխարհի հետ կարող էր կապվել միայն Վրաստանի միջոցով: Ահա այս իրավիճակում պարոն Մամուկա Գվարիշվիլին արտակարգ կարճ ժամանակամիջոցում կարողացավ վերականգնել Վրաստանը և Հայաստանը հանգուցող Իմիրի կամուրջը, երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղիները և սննդամթերք մատակարարել Հայաստան: Թերևս, արժանահիշատակ է մի փաստ. Հայաստանի ղեկավարները կապ էին հաստատել Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Թենգիզ Սիգուայի հետ, տեղեկացրել, որ երկրում ցորենի պաշարը գործնականում սպառվել է և օգնություն էին խնդրել: Թենգիզ Սիգուա (Վրաստանի վարչապետ 1992-95թ.թ.) - «Վրաստանն այն ժամանակ շատ ծանր իրավիճակում էր, բայց հարևաններին ճակատագրի քնահաճույքին թողնել չէր կարելի: Հայաստանի ղեկավարության հետ զրույցի նախաձեռնողը Մամուկա Գվարիշվիլին էր և նա էլ ինձ լուծում առաջարկեց. «Մենք պետք է մտնենք Էդուարդ Շևարդնաձեի մոտ և մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին և ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ և ամենակարճ ժամկետում կավարտեմ»: Ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես: Շևարդնաձեին համոզելու կարիք չեղավ»: Այդ ժամանակ դա ծանրակշիռ աջակցություն էր հայ ժողովրդին: Մեծ է Մամուկա Գվարիշվիլիի դերակատարությունը 1992-1993 թվականներին հայ-ադրբեջանական ծայրաստիճան լարված հակամարտության մեջ: Դժվար է ասել, թե նա պաշտոնապես պարտավո՞ր էր արդյոք մասնակցել այդպիսի բարդ բանակցություններին: Նրա աշխատանքը սառցալեռի նման է, որի միայն վերին մասն է տեսանելի։ Դրանով էլ գնահատում ենք Մամուկայի մեծությունը: Այստեղ միայն մեկ փաստ բերեցինք որպես օրինակ, քանի որ նրա կատարած գործերից շատերն այսօր էլ դեռ կրում են «գաղտնի» գրիֆը: Հետաքրքիրն այն է, որ իր արտառոց մտածողությամբ հայտնի Էդուարդ Շևարդնաձեն հենց Մամուկային էր վստահում վրացական պատվիրակության ղեկավարումը: Հավանաբար այն պատճառով, որ պարոն Մամուկան օժտված էր մարդկային հարաբերություններ կարգավորելու արտակարգ տաղանդով: Նրա մասնակցությամբ կամ թեկուզ նրա ներկայությամբ կայացած հանդիպումների ժամանակ կողմերի միջև իրավիճակի սրում գրեթե անհնար էր: Եվ դա նրան հաջողվում էր առանց ճիգեր գործադրելու. պարզ և նուրբ հումորով կարողանում էր լիցքաթափել բանակցությունների լարվածությունը: Իսկ ինչ վերաբերում է ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա նա այստեղ էլ իսկապես անզուգական էր. նրա հետ սեղանի շուրջ անցկացրած անգամ մի քանի րոպեները անջնջելի հետք էին թողնում մարդկանց մոտ՝ որպես կյանքի, բարության և սիրո տոն: Ուրախալի է, որ հոր գործը պատվավոր կերպով շարունակում է նրա որդին՝ Ալեքսանդր Գվարիշվիլին՝ Վրացական հեղինակային իրավունքի կազմակերպության ղեկավարը: Այլ երկրների հետ միասին նա սերտ հարաբերություններ ունի նաև Հայաստանի հետ: Գործնական այցելություններով նա հաճախ է մեկնում հարևան երկիր: Ճիշտ այս հանգամանքն է ինձ ստիպում մտածել, որ Ալեքսանդր Գվարիշվիլին, իր հոր ՝ մեծ վրացի տղամարդ Մամուկա Գվարիշվիլիի հետքերով կընթանա և իր լուման կունենա հայ-վրացական պատմականորեն ձևավորված եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Հ․ Գ․ Այսօրվա կեղծ ու հորինված «դեմքերի» ժամանակներում իրական նվիրյալների մասին իմանալը պարտադիր է։ Մենք ճռում ենք մտածածին հերոսների առատությունից, չիմանալով կամ մոռանալով անկեղծ նվիրյալների անունը։ Լրագրող՝ Թեյմուրազ Գուրուլի | |
|
| |
| Всего комментариев: 0 | |