22:17 ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ | |
|
2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Մարտի Գալստյանը: ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Արձանագրվել է, որ 2018 թ-ի նոյեմբերին ևս դիտվել է ամսվա սեզոնայնության համեմատ ցածր գնաճ՝ 1.0%, որը հիմնականում պայմանավորվել է «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի գների փոփոխություններով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է -0.3 տոկոսային կետ: Արդյունքում, նոյեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%: Միաժամանակ, բնականոն գնաճը նոյեմբերին նույնպես նվազել է՝ կազմելով տ/տ 2.8%, քանի որ արձանագրվել են մի շարք ապրանքատեսակների գների՝ տարեվերջի սեզոնային դրսևորումների համեմատ ավելի ցածր մակարդակներ, ինչը պայմանավորված է գնահատվող թույլ ներքին պահանջարկով: Խորհուրդն անդրադարձել է ձևավորված տնտեսական միջավայրին. նշվել է, որ 2018 թ.-ի չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն՝ պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Դրա հետևանքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7%, իսկ տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում: Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով և մասնավոր ծախսումների աճի որոշ չափով դանդաղմամբ: Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն ընթացել են սպասվածին համապատասխան, իսկ ապրանքահումքային միջազգային շուկաներում պահպանվել է գնաճային միջավայրի թուլացման միտումը: Միևնույն ժամանակ, շարունակվում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային պայմանների խստացումը: Խորհրդի նիստում քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները, և արձանագրվել է, որ տարեվերջին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում: Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդն անդրադարձել է գնաճի վրա ազդող մի շարք գործոնների, այդ թվում՝ տարեսկզբից մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմանը, որի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.1-0.4 տոկոսային կետ: Այս պարագայում, գնաճի ապագա հետագծի տեսանկյունից քննարկվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները: ԿԲ խորհուրդը նախապատվությունը տվել է տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ գնաճի վերականգնման դանդաղ հետագիծ ունենալու տեսանկյունից գործող մակարդակը գնահատելով բավարար խթանող: Վերջինս, ըստ էության, գնահատվում է ավելի արդյունավետ ուղի՝ երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը նպաստելու համատեքստում: Դա նաև ենթադրում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում՝ ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Խորհուրդն անդրադարձել է նաև առկա գնաճային ռիսկերին, որոնք առավելապես նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Նշված ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը: Խորհուրդը հաստատել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |