|
Ջերմուկ համայնքի բնակիչները հունվարի 21-ի հանրային լսումներին բացասական կարծիք են տվել «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի «Ջերմուկհիդրո» Փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտին, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ջերմուկի համայնքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ներկայում համայնքապետարանը կազմում է հանրային լսումների արձանագրություն՝ ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնելու համար: «Լսումներին ներկա էին խոշորացված համայնքի 35-36 բնակիչ, նրանց 70 տոկոսը դեմ արտահայտվեց ՀԷԿ-ի կառուցմանը: Բնակիչները չեն ուզում նոր ՀԷԿ: Դա կապված է արդեն իսկ կառուցված ՀԷԿ-երի վիճակի, դրանց բացասական ազդեցության հետ: Լսումների ամբողջ ընթացքը ձայնագրել ենք, հիմա նորից լսում ենք, քննարկում, որպեսզի տանք մեր վերջնական եզրակացությունը», - ասաց Սամվել Մարգարյանը: Ներկայացնելով սեփական կարծիքը՝ համայնքապետի տեղակալը նշեց. «Ես դեմ չեմ, որ ՀԷԿ կառուցվի: Դա արտադրություն եւ աշխատատեղ է: Բայց ՀԷԿ-ը պետք է այնպես կառուցվի եւ այնպես աշխատի, որ բնությանը չվնասի, չբերի բասացական հետեւանքների: Մենք մեր աչքի առաջ ունենք արդեն կառուցված ՀԷԿ-երի օրինակները: Ամռանը մեր Արփա գետի վրայով առանց ոտքերը թրջելու անցնում ենք: Եթե նման ձեւով պետք է լինի, դեմ եմ»:
ՓՀԷԿ-ն ընկերությունը ցանկանում է կառուցել Ջերմուկ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս արեւելք՝ Արփա գետի վերին ավազանում, ՓՀԷԿ-ի գլխամասը՝ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրից մոտ 30 մետր հեռավորության վրա: ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում խողովակի մեջ կհայտնվի Արփայի Փոքրաքար վտակի 13.8 տոկոսը, կհատվի 434 ծառ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|