20:00 Հրանտ Տեր-Աբրահամյան․ «Ի՞նչ է հաղթանակը» | |
|
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Պատերազմի ավարտից հետո անխուսափելի բանավեճեր, ինչպես նաև սպեկուլյացիաներ են սկսվելու այս հարցի շուրջ: Նույնիսկ 1994-ի հաղթանակն իր ժամանակին վեճերի առիթ էր դարձել: Էլ չասած 2016-ի մասին: Զգուշացնեմ, որ այս հարցի պատասխանն իմանալու համար՝ հնարավոր չէ խուսափել շարադրանքում որոշակի գիտական-ակադեմիական տարրերի ներառումից: Այնպես որ պետք է համբերություն ու ուշադրություն: Ցավոք, Հայաստանում, նույնիսկ կրթված խավի մեծ մասն, անտեղյակ է ռազմագիտության տարրական գիտելիքներից իսկ: Հաղթանակի հարցում ճնշող մեծամասնության պատկերացումները ձևավորված են սովետական կռիվ-կռիվ կինոների մասին մանկապատանեկան հուշերից: Հաղթնակի խնդիրը դրվել և մանրամասն վերլուծվել նախ՝ 19-րդ դարի գերմանական, մասամբ էլ ֆրանսիական ռազմական տեսաբանների կողմից՝ ֆոն Բյոլով, Կլաուզեվից, էրցհերցոգ Կարլ, Ժոմինի, ֆոն Մոլտկե, ֆոն Շլիֆֆեն և այլք: Այդ վերլուծությունները ցայսօր չի հնացել: (Եվ նույնիսկ հակառակը՝ այսօր անգլիալեզու ռազմագիտական գրականութան մեջ Կլաուզեվիցի և մյուսների նկատմամբ հետաքրքրության ռենեսանս է՝ տասնյակներով գրքեր են հրապարկվում): 20-րդ դարում սրա հիմամբ թեման զարգացրել են անգլիական, ռուսական և ամերիկյան հեղինակները՝ Ֆուլեր, Լիդել Հարթ և շատ այլք: Ես կշարադրեմ ոչ թե մեջբերումներով, այլ ամփոփելով իմ իմացածի չափով՝ այս հեղինակների սահմանումների հիմամբ, որոնց մեծ մասի գործերը կարդացել եմ: Հասկանալու համար ի՛նչ է հաղթանակը, պետք է հասկանալ՝ ի՛նչ է պատերազմը, և ո՛ր կա պատերազմների տիպաբանություն, այսինքն՝ տարբեր տիպի պատերազմներ: Գնանք հերթով: 1. Պատերազմը քաղաքականության գործիքն է: Երբ հնարավոր չի համարվում որևէ խնդիր լուծել խաղաղ ճանապարհներով, դիմում են ծայրահեղ գործիքի՝ պատերազմի: Պատերազմի նպատակները քաղաքական են: Այսինքն՝ պատերազմն ինքնաբավ երևույթ չէ, այլ գործիքային է: Կոչված է լուծել ոչ թե ինքն իր, այլ իրեն որպես գործիք օգտագործող քաղաքանության նպատակները: Յուրաքանչյուր պատերազմ նախ ունի իր քաղաքական նպատակը: Ի՞նչ քաղաքական արդյունքի են ուզում հասնել տվյալ պատերազմով: Հետևաբար, հաղթանակն իր առաջին և գլխավոր իմաստով՝ պատերազմի քաղաքական նպատակին հասնել-չհասնելու հարցն է: Նպատակը կարող է լուծվել ամբողջապես, մասամբ կամ ընդհանրապես չլուծվել: Ուրեմն, հիշենք՝ հաղթանակը նախ քաղաքական նպատակին հասնելն է: Ուրեմն, դատելու համար հաղթանակի մասին, պետք է նախ իմանալ կամ վերլուծելով՝ հասկանալ պատերազմի քաղաքական նպատակը: Այս նույն սահմանումն այլ կերպ կարելի է ներկայացնել այսպես՝ պատերազմի նպատակն է այնպիսի խաղաղության հաստատումը, որը ձեռնտու է մեզ, և ձեռնտու չէ թշնամուն (առաջինը սա սահմանել է ֆոն Բյուլովը): 2. Հաղթանակը զուտ ռազմական իմաստով: Սա արդեն ենթակա է առաջինին՝ քաղաքականին: Այստեղ կարելի է առանձնեցնել երկու մոտեցում: Առաջինը Կլաուզեվիցն ու իր դպրոցն է: Դա ռազմական հաղթանակը սահմանում է որպես հակառակորդի բանակի ոչնչացում, այսինքն՝ դրա դիմադրողականության կոտրում՝ ֆիզիկական և հոգեբանական իմաստով: Այս մոտեցման համար, որը հիմնված է Նապոլեոնյան պատերազմների փորձի վրա կարևոր ճակատամարն է՝ բանակների բախումը, և երկրոդական են տարածքային խնդիրները: Մյուս մոտեցումը անուղղակի գործողությունների կողմնակիցների մոտեցումն է՝ ֆոն Բյուլովից մինչև Լիդել Հարթ: Սրանք համարում են, որ կարելի է հաղթանակի հասնել՝ խուսափելով մեծ ճակատամարտերից՝ հարվածներ հասցնելով թշնամու թիկունքին և այլն: Բայց մեծ հաշվով այստեղ էլ իմաստ նույնն է՝ թշնամու դիմադրողականության կոտրումը: Պարզապես այստեղ թշնամու բանակը շարքից հանվում է ոչ թե ուղիղ հարվածով, այլ նրա թիկունքի, հենարանի, բազային ուղղված հարվածներով: Հետևաբար, ռազմական իմաստով հաղթանակը՝ թշնամու բանակի դիմադրողականության ոչնչացումն է: 3. Պատերազմները լինում են բացարձակ և սահմանափակ նպատակներով: Բացարձակ նպատակը՝ թշնամի պետության ի սպառ ոչնչացումն է, ծնկի բերելն է, անվերապահ կապիտուլյացիան է: Նման պատերազմները բացառություն են պատմության մեջ, բայց հիմնականում դրանք են մնում հիշողության մեջ: Պատերազմների մեծ մասը սահմանափակ նպատակներով պատերազմներն են: Այստեղ խնդիրը ոչ թե թշնամի պետության ոչնչացումն է, այլ նրան այնպիսի կորուստներ պատճառելը, որ դրանց համեմատ նա այլևս անիմաստ համարի դիմադրությունը կամ էլ այն նպատակները, որոնց ուզում է հասնել: Այսինքն՝ վճարվող գինն ավելի թանկ դառնա քան նպատակը, որի համար կռվում են: Պարզ է, որ բացարձակ նպատակներով, և սահմանափակ նպատակներով պատերազմների հաղթանակները տարբեր են: Մեկի դեպքում թշնամի պետությունը կամ ռեժիմը պարզապես վերանում են, մյուս դեպքում՝ կնքվում է խաղաղության պայմանագիր (հրադադարի մասին չէ խոսքը, այլ հենց խաղաղության լիարժեք): Ընդ որում՝ սահմանափակ նպատակներով պատերազմների անվերջ բազմազանություն կա՝ սկսած լայնածավալից մինչև դիրքային կռիվ: Առանձին էլ պետք է դիտարկել պարտիզանական և այլ փոքր ինտենսիվության պատերազմները: 4. Պատերազմները լինում են պաշպանական և հարձակվողական: Համապատասխանաբար տարբերվում են և հաղթանակները: Ուրեմն ունենք հաղթանակի սահմանումների հետևյալ աստիճանակարգ: 1. Հաղթանակը՝ թշնամու քաղաքական նպատակի ձախողումն է, եթե պաշտպանվում ես, և սեփական քաղաքական նպատակի իրացումն է, եթե նախառեռնողն ես: 2. Հաղթանակը թշնամու զինված ուժի և ընդհանրապես դիմադրողականության ոչնչացումն է կամ կոտրումը: 3. Հաղթանակը կարող է լինել բացարձակ և սահմանափակ: 4. Հաղթանակը կարող է լինել պաշտպանական և հարձակողական: Որքան էլ ստպիողական բարդ ստացվեց շարադրանքս, անհրաժեշտ է սրանք իմանալ և հիշել՝ անգրագետ որակուններից, ինչպես և քարոզչական մանիպուլյացիներից հնարավորինս պաշտպանված լինելու համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |