21:00 Հրանտ Մաթևոսյան․ «Նարինջ զամբիկը» | |
|
Հազար ինն հարյուր քառասունհինգին մեր գյուղը յոթ ազնվացեղ զամբիկ ու մի կատաղած հովատակ ստացավ՝ խտացնելու համար պատերազմի ժամանակ նոսրացած երամակը: Չեմ հիշում դրանց ինչ պատահեց (ես այն ժամանակ տասը տարեկան էի), մնաց մեկը, մի նարնջագույնը՝ հովատակի հետ, որ նույնպես նարնջագույն էր: Ենթադրում էին, որ այդ հովատակը այդ զամբիկի տղան է, և դա հաստատվում էր այն բանով, որ զամբիկը չէր ծնում: Հազար ինն հարյուր քառասունվեցին աքսորից վերադարձավ Մեսրոպը: - Աքսորն ի՞նչ է,- հարցրի ես Մեծ հորեղբորս: - Անտառներ են, ամայի ձյուն է, մի հատ արջ ու արաղ: Հիմա ես երեսուն տարեկան եմ. Մեսրոպի հայրը հազար ինն հարյուր ութ թվականին սպանել էր մեկին: Այդ վայրը կոչվում է Թուրքի սպանած: Հազար ինն հարյուր տասնութին երեքով եկել սպանել էին Մեսրոպի հորը: Այդ վայրը հիմա կոչվում է Հայի սպանած: Հետո քսանհինգ տարեկան Մեսրոպն ուզեցել էր վրեժխնդիր լինել՝ կուսքարտուղար Լևոնը նրան բանտարկել էր տվել: Հազար ինն հարյուր հիսունվեցին Մեսրոպն աքսորից եկավ: Եկավ մտավ գրասենյակ, հավաքեց Լևոնի օձիքն ու թափահարեց. - Անմեղ տեղը չէկա էիր, հա՜, բերում տունս, գիշերվա ժամը երեքին, հա՜... - Մի սրան տեսեք, մի սրան տեսեք,- քմծիծաղեց Մեսրոպը,- Ռուսաստանից ես եմ գալիս, կուսակցության անունից սա է խոսում: Այդ ժամանակ կոլտնտեսության նախագահ մեծաբերան Սանասարը բարկացավ. Ձիապան դառնալուց ընդամենը մեկ-երկու ժամ հետո նա պընդում էր, որ հովատակը զամբիկի տղան է, մինչև ուրիշ հովատակ չլինի՝ այս զամբիկը չի ծնելու: Շատերը դրան հավատում էին, շատերն էլ չէին հավատում, իսկ Լևոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսե՞ց գլխին զոռ տալ»: Քանի դեռ այդ երամակում այդ նարնջագույն հովատակն էր, ուրիշ որձաձի, չէ՛, սիրտ չէր անի երևալ երամակի մոտերքը: Չար էր: Այս սարից այն սարը որձ ձի տեսներ՝ թռչում էր ծվատելու: Հուրհրատող նարինջն այդ կանաչ աշխարհի մե՜ծ արեգակի տակ վառվռելով թռչում էր դեպի էն խեղճ բեռնաձին, ասես քամին հրդեհ էր քշում, և պղնձագույն պոչը հազի՛վ չէր պոկվում, հազի՛վ էր հասցընում նրա ետևից: Եվ առջևի սպիտակ ոտքը երևում-կորչում, երևում-կորչում էր քանդվող-սարքվող խաչվածքների մեջ: Եվ բոցե բաշը քրքրվում էր նրա վրա: Այս սարից այն սարը լսում էիր հզոր թոքերի թակոցը կողերին: Այդպես հեռվից՝ զարհուրելի սիրուն էր նրա ճեպը: Բայց եթե տերն էիր բեռնաձիու, ուզում էիր տաքացած արճիճ մխել նրա ահագնացող կուրծքը: Ուզում էիր գայթեր, ինքը փլվեր իր վրա և ողնաշարը մաշկի տակ փշուր-փշուր լիներ: - Ո՜ւխ, մարդ ձի պիտեր... Մեկ տարի հետո մուգ կարմիր երամակը բծավորվել էր կրակագույն անհանգիստ քուռկիկներով, որոնք պոկվում էին սարահարթի այն ծայրից ու նարնջե բոցիկներ էին շաղ տալիս կանաչ հարթությունով մեկ: Նրանց ալարկոտ մայրերը խուլ խրխնջում էին, կանչում էին սրանց հեռվից, հարթության այն ծայրից, իսկ սրանք՝ հովատակի ճիշտ պնչից թռած՝ բանի տեղ չէին դնում մայրերին, հովիկից խրտնում էին ու հա՜յդա, հիմա էլ սարի ուսագիծը: - Թռեք, բա իհա՜րկե թռեք,- ասաց հորեղբայրս,- էս է Ալխոյի փալանը կարկատել եմ տալիս ձեզ համար: Բայց նա պինդ ձի էր: Այդ օրը ձորի անտառներից նրանով տասներեք բեռ փայտ էինք հանել: Մեջքն էլի հարվել էր, և Մեծ հորեղբայրս նրան ազատեց թամբից ու սանձից, խփեց գավակին, որ գնա՛, խառնվի՛, խրխնջա՛, սլանա՛ երամակի հետ: Մի թեթև նայեց, մի թեթև խրխնջաց ու սկսեց արածել: Արածում էր շրջան-շրջան, պարանի չափ շառավղով, ինչպես կապած ժամանակ: Հետո երբ կշտացել ու հանգստացել էր, ականջները խլշելով կամաց ոտ փոխեց դեպի զամբիկները: Հենց միայն դա էր պակաս: Հովատակը պոկվեց երամակից ու դևի պես շրխկալով եկավ: Խեղճ Ալխո, ոչ ոտք ուներ՝ փախչեր, ոչ ատամ ու սմբակ էր մնացել՝ սպասեր: Ուռու պես դողում էր: Եղանը ձեռքին՝ հորեղբայրս կանգնեց հովատակի ճամփի վրա: Ու կանչեց Մեսրոպին. - Հիմարություն չանես, ճամփա տուր, Անդրե՜,- կանչեց Մեսրոպը: - Սրա հետ ի՞նչ անեմ,- մտահոգվեց Մեծ հորեղբայրս: - Տանենք գյուղ: Մենք նրան կապեցինք ուրթին մոտիկ մի տեղ, երամակի սահմաններից հեռու: Բայց այդ անհասկացողը կտրել էր կապն ու գնացել դեպի զամբիկները: Հովատակը նրան ջարդել, լեշ էր շինել: Իսկապես լավ ձի էր: Բարձում ու քշում էին Ղազախի շոգ գյուղեր: Բոռերը քրքրում էին նրան, ոսկորը ոստակալում էր ճիպոտից: Ղազախի շոգ գյուղերից, է՜, հարյուր կիլոմետր հեռվից նրան բարձում էին տասնչորս փութ և Մեծ հորեղբորս խաբում, թե բարձել են ութ փթից մի քիչ շատ: «Բամբակի պես թեթև գարի է, էլի», ծիծաղում էին Մեծ հորեղբորս վրա: Բեռն իջեցնում էին ու ծեծելով քշում կայարան. գնացքից ուշանում էին և նորից ծեծում: - Ոչ ծնում է, ոչ կաթ է տալիս, ոչ բեռ է կրում,- ասաց հորեղբայրս:- Ալխոյի բեռը կբարձեի, կաշին էլ հետը, ես դրա ստեղծողի... Հետո, տնտեսությունը երեք բեռնատար ավտոմեքենա ստացավ ու երկու տրակտոր: Դրանցից մեկը կցվեց կալսիչին, իսկ մյուսը մի շաբաթում վերջացրեց աշնանավարը և, պարապությունից, սկսեց վառելիք կրել անտառից: Եզներն ու ձիերը գիրացել, պայթում էին: Լծկանը քշվեց մսամթերման: Հետո մթերակայան ուղարկեցին պառաված զամբիկներին, մի քիչ գայթող, մի քիչ ցածր, մի քիչ բարձր, մի քիչ սառը կամ ջղային զամբիկներին: Բայց տակը դեռ մնում էր մի մեծ երամակ, որ ձմեռը կուտեր քանի՜ տոննա գարի,- գրված էր տնտհաշվարկի մասին շրջանային թերթի հոդվածում: Ձիու գինը դարձավ ոչխարի գին: Սկսեցին ծախել սրան-նրան: Նարինջ զամբիկը գնեց ատամնաբույժը: Նա իր Երևան քաղաքից այդ ամառ բարձրացել էր մեր լեռները, կարագով, պանրով, փողով շապկում էր հովիվների ու կթվորների ատամները, և նրանք ժպտում էին ծուռ ժպիտով: Նա մեկ ամսում խաբելով-խաբխբելով հազարներ էր հավաքել, հիմա արդեն զվարճանում էր: Նարինջ զամբիկով պիտի գնար իր տնից բուժկայան, Երևանից՝ Էջմիածին, թատրոնից՝ ռեստորան: Զամբիկին նա տվեց հազար երկու հարյուր ռուբլի: - Գումարած,- ասաց Մեսրոպին,- եթե փչացած ատամ ունես՝ բեր շապկեմ: Նարինջ զամբիկն իրեն բռնել չտվեց, նա թամբ էր տեսել և գիտեր ազատության գինը: Մենք գնացինք մի քսան մարդով, և նա զգում էր, որ այդքանով չէին գնա մի ինչ-որ քուռակի համար: Եվ որ նրան անընդհատ քշում էինք երամակի մեջ՝ դրանից նա վատ հոտ էր առնում ու դողում էր: Եվ թույլ չէր տալիս, որ ինքը հայտնվի ձիերին սեղմված. ձգում էր դրսի վրա: Մենք նրան սեղմում էինք հաստ գավակների պատին, և նա դառնում էր դողացող նյարդերի կծիկ: Նա երամակի շուրջը պտտվում էր և դեռ չգիտեր, թե ո՛ւմ է տրորելով փախչելու: Կողքահան, պողպատե վիզն աղեղած, պտտվում էր գավակե պատերին քսվելով ու ցածր խռխռացնում էր: Նրա պղնձագույն պոչը ցած էր թափվում աղեղով, և բաշը մանր խշշոցով ծեծում էր վիզը: Եվ գլխին պտտվող ականջները որսում էին մեր բոլորիս մտադրությունները: Առջևի ոտքերը տակից փախչում էին կողքանց-կողքանց, և կանաչի հավիտենական ծածկույթը ոտքի տակ պլոկվում էր: Նա երամակի շուրջն այդպես օղ էր կապել, և այդ բոլորակը նրա պտույտներով դառնում էր սև՝ տարիների ճանապարհ: Այդպես տևեց տասը րոպե, քսան րոպե, երեսուն րոպե, հետո մենք մոտեցանք՝ նա հավաքվեց իր մեջ, մենք մոտեցանք՝ նա կծկվեց: Լարվեց, լարվեց ու բացվե՜ց: Պոկվեց երամակից ու գնաց: Նրա փախչելը մեր մեջ կարծրացնում էր բռնելու ցանկություն: Եվ մեր բոլորիս մտքում մենք բռնող էինք, նա՝ փախչող: Եվ աշխարհի բոլո՜ր թերություններն այն բանից էին, որ նա բռնված չէր: Կծելով՝ նա դուրս եկավ նրանց միջից ու գնաց վարգով: Երամակը հոսում էր նրա ետևից, իսկ նա փախչում էր երամակից, և ոտքերն սկսեցին նրա տակ բազմապատկվել: Ոտքերը նրա տակ շատացան, շատացան, շատացան, մինչև որ այլևս ոտքեր չէին երևում, շարժում չէր երևում, ինչ որ է՝ սլացքը ոտքերով չէր. երկրի երեսով սահում էր մի դեղին բոց: Միայն ափսոս, որ երկրից չէր կտրվում. ձորակների հետ իջնում էր, բլուրների հետ բարձրանում և ճանապարհի հետ թեքվում էր: Եվ կորացող հարթության հետ՝ կորավ մեր հայացքներից: - Սպասիր, սպասիր, վիզդ հանգիստ թող,- ասաց ատամնաբույժը: Նա ծոցագրպանից հանեց դրամապանակը: - Լավ,- ասաց Մեսրոպը,- բայց առանց փողի:- Նա ձեռքի մեջ տրորում էր փողը՝ քաշվելով թե ափսոսալով նրան էր երկարում ձեռքը: Սարերը կանաչում էին վերջին կանաչով՝ աշնան սառը-տաք արեգակի ներքո: Լեռներում ոչ մի ուրթից ծուխ չէր ելնում, և տխուր էր: Արեգակը գլորվում էր բացարձակ լռության մեջ: Մեսրոպը կարոտում էր ամռան ձայները, կարոտում էր հայհոյելով իր իջնելը հարևան ուրթի վրա և նրանց հանդապահի մահակի պտույտն իր գլխավերևը: Զամբիկը երամակից չէր հեռանում, շուրջը պտտվում էր: Հոկտեմբեր ամսի սկզբին երամակի կողքից իջավ գյուղ. սարերը ցրտել էին: Գյուղի ձորերում երամակի կողքերին արածում էր: Դեկտեմբեր ամսին ձյուն եկավ, երամակը քշեցին գոմ: Խոտ տվին, գարի տվին: Մի խոսքով... Իսկ նա պտտվում էր գյուղի շուրջը և թփեր էր կրծոտում: Դեկտեմբերի տասնյոթին գայլերը կերան Լևոնի կովը ջրի վրա, տասնիննի գիշերը մտան Արտեմի գոմ: Ետևներից կրակեցին՝ քսանի օրը գյուղ չմտան: Բայց կալ էին կալսում գյուղի շուրջը, ամբողջ գիշեր պտտվում ու ոռնում էին: Մեսրոպն արթնացավ, տեսավ Նարինջը սեղմվել է տան պատին ու դողում է: Մոտեցավ՝ փախավ: Չորս օր հետո, գիշերվա տասներկուսի-մեկի մոտերքը, Մեսրոպը գրասենյակից դուրս եկավ՝ լույսի տակ մի պահ երևաց Նարինջ զամբիկը: Պահվեց: Այդ գիշեր Մեսրոպի շունը դռանը զարկվեց. մինչև դուրս եկավ՝ ոչ շունը կար, ոչ գայլերը, միայն հեռվից մի թեթև խշրտոց էր գալիս: Ամսի քսանիննի գիշերը Մեսրոպը ձիանոցում էր՝ դրսից վրնջոց եկավ: Դուրս եկավ՝ Նարինջը: Չթողեց էլ ներս հրավիրեն. կրծքով մի կողմ հրեց Մեսրոպին ու բարձր հասակով մեկ հատակը թխկթխկացնելով գնաց մտավ իր տեղը: Կծեց-քշեց իր տեղն զբաղեցրած քուռակին ու կանգնեց իր գարու վրա: Գոմը՝ տաք, գարին՝ շատ, գոմում՝ ձիերի խռթխռթոցը: Իսկ թե դրսում քանի գայլ են ձեն-ձենի տվել՝ լի մսուրք ու տաք տեղ ունեցող ոչ ոքի պետք չէ: Երեխայիս հետ մի տարի առաջ կրկեսում էի՝ հանկարծ տեսա Նարնջին: Ծրագրից ամբողջ տասը րոպե նրան էին տվել: Բաշը խուզել էին, պոչը խուզել էին, կոկել էին Նարնջին: Ճիշտ է, մի քիչ շատ էր գեր, բայց գյուղի ոչ մի ջղուտ ձի չէր բանեցնի նրա շարժումների նրբությունը: Վալս էր պարում, և նրա պարարտ մարմնի բոլոր մասերը ենթարկվում էին իրեն. ոտքերը, ականջները, գլուխը, մեջքը, ամեն ինչ ենթարկվում էր իրեն: Այդ ամբողջ ժամանակ ես մտածում էի, թե ոտքը հանկարծ չդառնա՞ սմբակ, հանկարծ քացիներ չգցի՞: Ոչ: Նա վալսեց, ծափահարեցին՝ նորեն պարեց, հետո կանգնեց արենայի ճիշտ կենտրոնում և շնորհակալություն հայտնեց հասարակությանը բոլոր կողմերի վրա: Ծափահարեցին՝ որ նորից պարի, բայց նա նրանց երես չտվեց. նրանց այլևս բանի տեղ չդնելով, նա ծնրադրում էր նվագախմբին, և նվագախումբը ծնրադրում էր նրան, և համերգավարն արենայից նրան ճամփում էր գլուխ տալով, իսկ այդ համերգավարը շինած էր թուրքական լոխումից ու քաղաքավարության կանոնների գրքից, և ես հանկարծ ուզեցի, որ Նարինջը մի հատ շպպացնի նրա փորին: Ես դուրս եկա դահլիճից, գնացի ետնաբեմ: Վարագույրների ետևից գալիս էր բազմության շոգ ծիծաղը: Եվ դա մի տեսակ լպրծուն ու ծանր էր գետաձիու պես, որին չէին կարողանում արենայից քշել. նա այնտեղ բերանը բացել էր, համերգավարն իր օծված գլուխը մտցրել էր նրա բերանը և հանել, նա արդեն բերանը պիտի փակեր, բայց չէր փակում: Տաք էր, խշշոց, քրտինք, դիմաներկ, գույներ էին ու հարյուրմոմանոց լամպեր: Ամեն ինչ կարծես հոտում ու գոլորշի էր տալիս: Ես դռներ էի բացում ու մեկ էլ տեսա մեր ձիուն: - Նարի՞նջ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |