21:30 Հոգեսեռական զարգացման փուլերն՝ ըստ հոգեվերլուծության | |
|
Զիգմունդ Ֆրոյդը անձի զարգացումը ներկայացնում էր հոգեսեռական զարգացման փուլերով: Այդ փուլերից առաջինը օրալ փուլն է, որն ընդգրկում է երեխայի ծննդից մինչև 18 ամսեկան հասակը: Նորածինը սնունդը ստանում է մոր կրծքից կերակրվելու ճանապարհով, ուստի այս շրջանում հենց բերանն է տանում կենսաբանական պահանջմունքների բավարարման և հաճույքի զգացողության: Հենց այդ պատճառով բերանը, շրթունքները, լեզուն և կոկորդը դառնում են երեխայի ակտիվության և հետաքրքրության առարկան: Զիգմունդ Ֆրոյդը վստահ էր, որ բերանը մնում է կարևոր էրոգեն գոտի ողջ կյանքի ընթացքում: Նույնիսկ հասուն տարիքում նկատվում են օրալ փուլից մնացած գործողություններ, որոնք դրսևորվում են ծամոն ծամելով, եղունգ կրծելով, ծխելով, շատակերությամբ, ալկոհոլի կիրառությամբ, ինչը, ըստ ֆրեյդիստների, ցույց է տալիս լիբիդոյի կամ սեռական էներգիայի կապը օրալ գոտու հետ: Քանի որ հոգեվերլուծության մեջ հաճույքի զգացողությունը և սեռականությունը սերտ կապված են իրար հետ, ապա համաձայն դրա՝ երեխայի մոտ հաճույքի բավարարման առաջին օբյեկտը համարվում է մայրական կուրծքը, իսկ իր մարմնի վրա այդ մասը բերանն է: Այս փուլի հիմնական նշանակությունն է անձի մեջ ձևավորել դիրքորոշումներ՝ կախվածություն կամ անկախություն, վստահություն կամ անվստահություն ուրիշների հետ շփման ընթացքում: Ժամանակի ընթացքում երեխան կորցնում է հետաքրքրությունը մոր կրծքի նկատմամբ և անցում է կատարում սեփական մարմնին. ծծում է իր մատը կամ լեզուն, որպեսզի նվազեցնի տագնապայնության մակարդակը: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում օրալ փուլը բաժանվել է երկու ենթափուլերի՝ օրալ-պասիվ և օրալ-ագրեսիվ (օրալ-սադիստական): Օրալ-պասիվ փուլը սկսվում է երեխայի ծննդից և ավարտվում է 6 ամսեկան հասակում: Ֆրոյդը առաջ էր քաշում այն գաղափարը, համաձայն որի, այն երեխաները, որոնք գերխնամքի են ենթարկվել մանկության այս շրջանում, հետագայում, ամենայն հավանականությամբ կունենան օրալ-պասիվ բնավորություն: Օրալ-պասիվ բնավորությամբ անձը ունի հետյալ բնութագիրը. ուրախ է, լավատես, շրջակա միջավայրից սպասում է խնամք, վստահող է, կախյալ է, որը կարող է հիմք հանդիսանալ դեպրեսիաների ձևավորման համար: Սթրեսային իրավիճակում նման մեծահասակները օգնության հենարան են փնտրում, անընդհատ ցանկանում են խրախուսանք ստանալ: Օրալ-ագրեսիվ կամ օրալ-սադիստական փուլը սկսում է 6 ամսեկանից և ձգվում է մինչև 18 ամսեկան: Այս փուլում երեխաների մոտ դուրս են գալիս ատամները, որի արդյունքում կծելը և ծամելը կարևոր գործիք են դառնում տագնապայնությունը կամ մոր բացակայությունը արտահայտելու համար: Երեխաները արդեն տարբերակում են իրենց և ծնողին, հենց այդ ժամանակ էլ սկսում են երկբևեռ հույզեր տածել մոր հանդեպ, քանի որ մայրը միաժամանակ և՛ հաճույքի աղբյուրն է, և՛ նույն ժամանակ էլ իրեն կտրում է հաճույքից: Հենց այդ դեպքում էլ երեխան կարող է պատժել մորը իր ատամների օգնությամբ: Այս փուլում ֆիքսացիա ունենալու դեպքում ձևավորվում են բնավորության հետևյալ գծերը. հակվածություն բանավիճելու, վատատեսություն, սարկազմ, ցինիկ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, մազոխիզմ: Նման մեծահասակների բնորոշ է նաև շահագործել ուրիշներին: Օրալ փուլը ավարտվում է այն ժամանակ, երբ մայրը դադարում է կերակրել կրծքով: Աղբյուրը՝ hogebanutyun.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |