21:30 Հիշողություն | |
|
Ավանդաբար հիշողությունը ուսումնասիրում են ճանաչողական պրոցեսների համակարգում, բայց այն ընկած է յուրաքանչյուր հոգեբանական երևույթի հիմքում: Եթե անջատենք հիշողությունը ճանաչողական ակտից, ապա զգայությունները և ըմբռնումը կապրվեն որպես նոր ծագած, իսկ ինքը` ճանաչողության ակտը և կողմնորոշումը աշխարհում կդառնան անկախ: Անձը, նրա հարաբերությունները, հմտությունները, սովորությունները, ցանկությունները, հավակնությունները գոյություն ունեն հիշողության շնորհիվ: Հիշողության հետքերի կորուստը նշանակում է անձի անկում: Արտաքին աշխարհի պատկերները, որոնք առաջանում են գլխուղեղի կեղևում, անհետ չեն կորչում: Նրանք թողնում են հետք, որը կարող է պահպանվել երկար ժամանակի ընթացքում: Հիշողության շնորհիվ ընդլայնվում են մարդու ճանաչողական հնարավորությունները: Հիշողությունը անհատի կողմից իր նախկին փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրությունն է: Այն հոգեկան արտացոլման բարդագույն ձևերից է և նրա ոչ միայն նկարագրումը, այլ նաև բացատրությունը ժամանակագրական առումով ամենահինն են համարվում հոգեկան այլ պրոցեսների ուսումնասիրությունների հետ համեմատած: Հիշողությունը որպես ճանաչողական պրոցես մասնակցում է մարդու կյանքին և գործունեությանը, և նրա տեսակների դասակարգումը պետք է անպայման կապված լինի դրանց հետ և պայմանավորված լինի դրանցով: Ըստ այդմ հիշողության բոլոր տեսակները առանձնացվում են երեք հիմնական չափանիշների հիման վրա.
Հուզական հիշողությունը զգացմունքները հիշելու ընդունակությունն է: Հույզերը մեր գործունեության մեջ կարգավորիչ դեր ունեն և ազդանշան են տալիս մեզ, թե ինչպես վարվենք տվյալ իրադրության պայմաններում: Նրանք մեզ մղում են տվյալ գործունեությունը իրականացնելու կամ էլ ետ են պահում մեզ նրանից, այդ պատճառով այս տեսակը ևս շատ կարևոր է մարդու համար: Հուզական հիշողությունը կարող է մնացած տեսակներից ավելի ուժեղ լինել: Ապրված հույզից մնում է տպավորությունը, զգացմունքը, որոնք սակայն առարկայազուրկ չեն: Պատկերավոր հիշողությունը լավ զարգացած է լինում հատկապես գեղարվեստական մասնագետների մոտ, որոնք առավել աչքի են ընկնում էյդետիկական հիշողության գերակայությամբ: Այս անվանումը առաջացել է հունարեն էյդոս բառից, որը նշանակում է պատկեր: Էյդետիկ կամ ակնառու պատկերները արտաքին գրգռիչների կողմից զգայարանները գրգռելու պատճառի առաջացրած լրացուցիչ հետևանքներն են: Նրանք մտապատկերների նման են, բայց նրանց բացակայության ժամանակ հանդես են գալիս անասելի մանրամասնություններով: Կարելի է կարծել, որ էյդետիկի նման կա նաև պայծառ լսողական, նույնիսկ` շոշափելիքի հիշողություն: Հիշողությունը կամածին և ոչ կամածին տեսակների բաժանվում է կախված գործունեության նպատակներից: Այնպիսի մտապահումը և վերարտադրությունը, որոնցում բացակայում է ինչ որ բան մտապահելու կամ մտաբերելու հատուկ նպատակը` կոչվում է ոչ կամածին: Այն դեպքում, երբ այդ նպատակադրումը կատարվում է հիշողությունը կոչվում է կամածին: Այս դեպքում մտապահման և վերարտադրման պրոցեսները հանդես են գալիս որպես հատուկ մնեմիկական գործողություններ: Հիշողության այս երկու տեսակները իրենցից ներկայացնում են նրա զարգացման երկու հաջորդական աստիճանները: Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ մեծ նշանակություն ունի ոչ կամածին հիշողությունը մեր կյանքում, քանի որ նրա հիման վրա առանց մնեմիկական մտադրությունների և ջանքերի ձևավորվում է մեր փորձի մեծ մասը: Սակայն, կյանքում հաճախ է անհրաժեշտություն առաջանում ղեկավարել մեր հիշողությունը` նպատակադրված ձևով սովորել և վերհիշել անհրաժեշտ նյութը, որն էլ հենց կամածին հիշողության շնորհիվ է հնարավոր լինում:
Կարճատև հիշողությունը կապում են նյարդային համակարգում տատանումների բիոէլեկտրիկ կոնտուրների հետ, երկարաժամկետը` ՌՆԹ-ի սպիտակուցի կառուցվածքի փոփոխման հետ: Կարճատև հիշողությունը բնութագրվում է կարճ ժամանակում մտապահելով, երբեմն միանգամյա և շատ կարճ ըմբռնումից հետո: Հիշողության գործընթացները ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվում մտապահման սկզբնական փուլի և հիշողության հետքերի հենց առաջացման պահի վրա: Որպեսզի նյութը ամրապնդվի, այն պետք է վերամշակվի սուբյեկտի կողմից, իսկ սա որոշակի ժամանակ է պահանջում: Դրան անվանում ենք հետքերի կոնսոլիդացիայի ժամանակ: Սուբյեկտի կողմից այս պրոցեսը ապրվում է որպես արձագանք հենց նոր տեղի ունեցած իրադարձությանը, որը իր դրսևորումն է գտնում հետևյալ արտահայտություններում. աչքիս առջև է, հնչում է ականջումս և այլն: Այս պրոցեսները անկայուն են և շրջելի, հետքերը շուտ են ջնջվում, բայց դրանց դերը շատ մեծ է, և սա դիտվում է որպես կարճատև հիշողություն: Երկարատև հիշողությունը նյութի երկարատև պահպանումն է, որը որպես կանոն, պայմանավորված է բազմաթիվ կրկնումներով: Երկարատև հիշողության բովանդակությունը կազմում է այն նյութը, որը սուբյեկտի համար ունի ստրատեգիական նշանակություն: Կարճատևի անվանման մեջ ամփոփված է հիշողության ժամանակային նկարագիրը, և թվում է, թե այն կապ չունի գործունեության հետ, բայց այդ կապը ակնհայտ է, քանի որ նրա երկարատև կրկնումները նյութը տեղափոխում են երկարատև հիշողության ոլորտ: Կարճատև հիշողությունից տարբերում են օպերատիվը: Օպերատիվ հիշողության տվյալները, որոնք կապված են ըմբռնման հետ, լրացվում են տվյալներով, որոնք պահվում են երկարատև հիշողության մեջ: Օրինակ, խնդիր լուծելիս մենք որոշ միջանկյալ արդյունքներ պահում ենք հիշողության մեջ, իսկ հաջորդ քայլերին անցնելիս նախորդ արդյունքների փոխարեն մտապահվում են այլ տվյալներ: Սա էլ հենց օպերատիվ հիշողությունն է: Այն տարբեր է մյուս երկու տեսակներից, բայց նրանց շփման կետն է հանդիսանում` կատարելով «բանվորական խառնուրդի» դեր: Աղբյուրը՝ hogebanutyun.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |