21:00 Հայկական Չարլին. Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է | |
|
1993 թվականին թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան կատակերգու Կարպ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ հետ «ԱՅՍՕՐ» թերթում տպագրվել է բացառիկ հարցազրույց, որն իր տեսակի և ձևի մեջ լինելով միակը, իր իսկ խոստովանությամբ, հայկական մամուլում առաջին խոշոր հրապարակումն էր իր մասին։ Հայկական Չարլին. վեպ-հարցազրույց ՏՎՅԱԼՆԵՐ Ծննդյան թիվը՝ 23 (2+3=5, 5-ը խելահեղության խորհրդանիշն է) ամիսը` հունվար, տարին՝ 1923, կենդանակերպի նշանը՝ Ջրհոս, տարվա խորհրդանիշը՝ Վարազ (բարի ծերունու խորհրդանիշ է) ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Թիվը՝ 7,
ՄՈՒՏՔ Եթե կյանքը թատրոն չլիներ, թատրոնը չէր լինի։ Ես կյանքում այլ եմ, բեմում բոլորովին ուրիշ։ Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին։ Երբևէ ո՛չ երգել եմ, ո՛չ պարել, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ո՛չ էլ գիտեմ։ Եթե ասեն Կարպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ չգիտեմ ոչ մի հատ, ոչ ռուսերեն, ոչ հայերեն։ 1. ԿԱՐԱՊԵՏ ՄԿՐՏԻՉԻ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ Նախնիներս էրզրումցի են։ Այնտեղ կա վանք, որը կոչվում է Խաչվանք կամ Խաչկավանք. ըստ երևույթին այդտեղից էլ բխում է մեր ազգանունը, որքանով ինձ հայտնի է։ 2. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ Հինգ-վեց տարեկանից տարված էի բեմարվեստով, այսինքն թատրոնով... Թատ-րո՛ն, այսինքն վարագույր, և վարագույրը բացվելուց հետո որևէ բան անելը. դու ինչ-որ բան ես անում, հանդիսատեսը նայում է քեզ՝ դա նրան դուր է գալիս և դու նրան զարմացնում ես։ 3. ԴՊՐՈՑ Ընկերներիս հետ 3-րդ դասարանից դրամատիկական «կրուժոկ» ստեղծեցինք և կոչեցինք ЮТИ - Юные Труженики Искусства: Այն մինչև դպրոցն ավարտելն էլ գոյություն ուներ։ Մենք ավելի շատ զբաղվում էինք թատրոնով քան դպրոցով։ 4. ՍՈՎՈՐԵԼԸ Դպրոցում սովորել եմ միջակ, վատ. հաճախ եմ 2 ստացել։ Բայց, կներեք, իմ մասին ասում էին... ուսուցիչներն էին ասում նա կարող է, բայց չի ուզում, շատ ծույլ է։ Եվ ես, իրոք, չէի ուզում սովորել։ Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էր։ Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի 3-ներով, 4-երով. 5-ը՝ ավելի քիչ։ 5. ՊԱՅՈՒՍԱԿԸ Եթե դուք գտնեիք իմ պայուսակը և բաց անեիք, կզարմանայիք, որ այս երիտասարդը. որի վրա գրված էր, ասենք. Хачванкян Карп, ученик 5, 6, 7, 8, 9, класса, а что это за книги у него в портфеле (ծիծաղում է) в основном театральные, и может быть один какой-нибудь учебник завалялся или две, три тетради, երկու, երեք տետր, որտեղ դասերը չէին արված շատ հաճախ։ 6. ՉԱՐԱՃՃԻՈՒԹՅՈՒՆԸ Ես չեմ կարող ասել, որ չար էի։ Բայց չարաճճիությունը դարձյալ կապված էր թատրոնի հետ։ Անգամ մեր չարությունը, այսինքն իմ և ընկերներիս չարությունը, թատրոնական չարություններ էին։ Մենք կարող էինք պայմանավորվել, որ դասի ընթացքում ես պետք է վեր կենամ (որպես օրենք, եթե չանեի, պետք է պատժվեի) ու բարձրաձայն արտասանեմ, ասենք, Չադսկու մոնոլոգը։ Կամ, ասենք, մի հիմար բան ասեմ, ձևացնելով ինչ որ տեսարան ներկայացումից։ 6ա. ՉԱՐԱՃՃԻՈՒԹՅՈՒՆ + ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ = ԹԱՏՐՈՆ Մեր չարությունը նաև կայանում էր նրանում. որ մենք շատ էինք տարված երաժշտությամբ, հատկապես ջազային։ Այդ ժամանակ ջազը շատ մոդայիկ էր։ Դուք գիտեք, 30-ական թվականներն էին և ջազը համարյա արգելված էր։ Իսկ մենք հենց ջազ էինք սիրում և երգում։ Ինչ խոսք, մեզ վռնդում էին դասերից, նկատողություններ անում։ Իսկ հետո, երբ մենք ներկայացումներով ապացուցեցինք, երբ դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները նկատեցին, որ մենք բավականորեն տարված ենք թատերական արվեստով, շատ դեպքերում ներում էին մեզ, սիրում էին մեզ, այդքան խիստ չէին վերաբերվում։ 7. ԸՆՏԱՆԻՔ Հիմա ամուսնացած չեմ։ Ամուսնացած էի, ունեմ մի տղա, մի հարս, մի թոռնիկ, որին պաշտում եմ, սիրում եմ ավելի, քան որևէ մի ուրիշ բան աշխարհում։ Դժբախտաբար մեր ընտանիքը փոքր է։ Նախկին կնոջս հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ՝ ոչ նա ամուսնացավ, ոչ ես, երբ մենք բաժանվեցինք։ 8. ԲԱԺԱՆՈՒՄ Բաժանվելը շատ նուրբ հարց է, բանն այն է, որ իմ կինը դերասանուհի չէր, ես դերասան էի... 9. ԱՇԽԱՏԱՆՔ Շատ դեպքերում ասել եմ. որ ես չեմ սիրում իմ աշխատանքը։ Ես չեմ ուզում աշխատել։ Որովհետև մեծ պատասխանատվություն եմ զգում։ Եվ պետք է ասեմ, ինձ համար ներկայացում խաղալը նշանակում է, օրինակ, պաշտպանել դիսերտացիա, կամ հանձնել պետական քննություն։ Ո՞ւմ դուրը կգա ամիսը 10 անգամ պետական քննություն տալ։ Այ, երբեմն ասում են՝ Կարպ, դուք սիրում եք, չէ՞, ձեր աշխատանքը . ասում եմ՝ ոչ, չեմ սիրում։ Ինչո ՞ւ։ Որովհետև ես չեմ սիրում քննություն տալ այդքան շատ։ 10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈԻԹՅՈՒՆ Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից։ Չեմ խուսափում «վախենալ» բառից։ Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի։ Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա։ 11. ԴԵՐԱՍԱՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ Կան այսպիսի դեպքեր՝ տաղանդավոր դերասան է, բայց կաղում է... մի ոտքից, և, պատկերացրեք, եղել են դեպքեր, երբ երիտասարդները նայելով այդ ձևի դերասանին, ընդօրինակել են նրան, և արհեստականորեն բեմում կաղ են ձևացել, որ նմանվեն այն դերասանին, որն իրենց դուր է եկել։ Տեսեք ինչ պարադոքս է. այդ, ներեցեք «թերությունը» նրա առավելությունն է։ Վերացրեք այդ թերությունը և նա կկորցնի իր դերասանական հետաքրքրությունը, եթե կարելի է ասել իր հմայքը... Հմայքը, որ կարող է, ասենք, լինել որևէ ֆիզիկական թերություն։ 12. ՉԽԱՂԱԼ Չխաղալ կարո՞ղ եմ... Նախ, չեմ կարող, որովհետև ապրել է պետք, և հետո ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել։ Ինձ շատ դեպքերում ասել են՝ եթե դերասան չլինեիք, ի՞նչ կլինեիք։ Ես ասել եմ, որ ինձ նման անշնորհք մարդը բացի դերասանությունից ուրիշ բան չէր կարող անել։ Ես ինձ չեմ թերագնահատում, չկարծեք, չէ, ես իրոք անշնորհք եմ։ - Օրինակ, տաքսու վարորդ չէի՞ք կարող աշխատել։ - Վարո՞րդ, չէ... Պատկերացրեք, այսքան ժամանակ ապրում եմ, կյանքումս մեքենային չեմ մոտեցել սիրողի իմաստով, որ ուզենամ վարել, շփվել մեքենայի հետ, չէ։ Միայն որպես ուղևոր։ 13. ՁԵՎԱՑՆԵԼ Սա խոսում է դերասանական տաղանդի մասին։ Կան այնպիսի դերասաններ, որոնք կյանքում չեն փայլել ուղեղով, բայց բեմում մարմնավորել են կերպարներ, որոնց առանձնահատկությունը եղել է մեծ ուղեղը... ուղեղը և հանճարեղությունը, ուրիշ իմաստով, ասենք փիլիսոփա է կամ ֆիզիկոս, կամ մեծ երաժիշտ... Բայց մարդն էությամբ այդպիսին չէ։ Դրա համար էլ մեր արվեստը կոչվում է խաղալ, ձևացնել։ 14. ՓՉԵԼ Կասեմ, որ ես, ինչ խոսք, անմեղ հրեշտակ չեմ։ Ստախոս խաղացել եմ, այո... և, ինչպես ասում են փայլուն։ ԱՄՆ-ում ռեցենզիաներից մեկում գրել էին, որ հազիվ թե աշխարհում գտնվի որևէ այլ դերասան, որը Կարպ Խաչվանքյանից ավելի լավ խաղա այդ դերը։ - Իսկ կյանքում չե՞ք ստել։ - Որ ասեմ չեմ ստել՝ սուտ կլինի, բայց շատ չէ։ Մի՞թե վատ է, երբ բժիշկը ստելով օգնում է հիվանդին։ Այդպես շատ եմ ստել։ Ստելով ես օգնում եմ ինչ որ բարի գործի։ Սիրում եմ, նույնիսկ ոչ թե ստել, դե այստեղ ստի էլեմենտը կա, ձեռ առնել մեկ-մեկ, խաղալ հոգու հետ, էդ նույնիսկ սիրում եմ։ Հաշվի առնենք նաև, թե ինչ էր ասում Փչան Թոդորոսը, նա ասում էր՝ ստելը տաղանդ է։ 15. ԽԱՂԱԼ+ ՁԵՎԱՑՆԵԼ = ԱՊՐԵԼ Երբ ես համբուրում եմ, համբուրում եմ իսկապես, ես ստից չեմ անում, գրկախառնվում եմ իսկապես։ Երբ ինձ խփում են, խաղընկերոջս ստիպում եմ իսկապես ինձ խփել։ Եվ ինքս էլ աշխատում եմ նույն կերպ վարվել, եթե խաղընկերս հիվանդագին ինքնասիրություն չունի, և դա չի ընդունում որպես անձնական վիրավորանք։ Ըստ պիեսի, ես պետք է խաղընկերոջս հայհոյեմ. - Դու սրիկա ես։ Նա իրեն վատ է զգամ, ոչ որպես կերպար, այլ որպես դերասան և ասում է. - Կարպ, միգուցե «սրիկա» բառը չասե՞ս։ - Ախր ինչու՞ չասեմ, չէ՞ որ այդ պահին ես քեզ պետք է ասեմ։ Կամ. - Միգուցե այստեղ չխփե՞ս։ Ախր ինչու՞ չխփեմ, չէ՞ որ մենք կռվում ենք. ես քեզ պետք է խփեմ, նսեմացնեմ։ 16. ԾԱՂԻԿՆԵՐ Անհամեստ կլինի, եթե ասեմ, թե ինչքան, բայց ուղղակի կասեմ՝ շատ-շատ եմ ստացել։ Ես չէի ասի, որ մի 20-30 տարի առաջ այսքան շատ էին ծաղիկները, չէի ասի։ Թոռնիկս ուղղակի կապշի, եթե ես ներկայացումից վերադառնամ առանց ծաղիկների։ 17. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Ընդհանրապես, վատ կամ լավ հանդիսատես, ըստ իս, չկա։ Կա վատ դերասան և վատ ներկայացում և ընդհակառակը։ Մեր հանդիսատեսն անհամեմատ լավացել է, առաջ այսպես լավ չէին հագնվում, ինչպես հիմա։ Դարձյալ պարադոքս է՝ կյանքը դժվարություններով լի, թանկություն և այլն ու հանկարծ, ընդհակառակը, այսպիսի լավ տեսքով հանդիսատես։ Դա հաճելի է։ Մեր հանդիսատեսը մի հոյակապ հատկություն ունի՝ նա շատ անմիջական, շատ ազնիվ է որպես հանդիսատես։ Եթե նա դերասանին գնահատում է, սիրում, նրա մուտքն է ծափահարում, մո՛ւտքը։ Դերասանը դեռ ոչինչ չի արել՝ հանդիսատեսը ծափահարում է։ 18. ՄԻԼԻՈՆԱՏԵՐ Միլիոնատե՞ր... Կուզենայի, ինչո՞ւ չէ, հատկապես հիմա կուզենայի։ Բայց պետք է ավելացնեմ, մինչ այս նոր կարգերը ևս արծաթապաշտ չեմ եղել։ Երբե՛ք... Անտարբեր եմ եղել փողի նկատմամբ Ապացո՞ւյց։ Ես այն դերասաններից եմ, ով միշտ հրաժարվել է թատրոնից բացի այլ բանով զբաղվելուց։ Ինձ շատ են հրավիրել ռադիո, հեռուստատեսություն, կինո, բայց ես հրաժարվել եմ։ Չէ, հատուկ փողի համար երբեք չեմ աշխատել։ Համարյա միշտ ստացել եմ բարձր ռոճիկ, դա կոչվում էր «պատալոկ», հայերեն չես ասի «առաստաղ»։ Ռոճիկի «պատալոկը» վերջին տարիներին եղել է 300 ռուբլի և դա ինձ, պատկերացրեք, բավարարել է։ 19. ДЕВИЗ Կար ժամանակ (ծիծաղում է), երբ աշխատում էի կրկնել Օմար Խայամի բառերը. Вино ведь мира кров, Ուզում է ասել ինչո՞ւ չխմել գինին, չէ՞ որ այն աշխարհի արյունն է, իսկ աշխարհը մեր արյունը ծծողն է, է՜ քո արյունը ծծողի արյունը ո՞նց չխմես։ Դրանով ես արդարացնում էի այն հանգամանքը, որ ես սիրում էի... խմե՜լ, քե՜ֆ անել, ուտել-խմել։ Կար ժամանակ, երբ ես կորում էի ռեստորաններում, իսկ հիմա դեղատներում եմ կորում։ Ես բոհեմայի մարդ եմ եղել միշտ, եթե չլիներ երկրորդ վիրահատությունը։ Ինչ խոսք, չեմ ընդունում խմած բեմում՝ երբեք, երբեք: Երիտասարդ էի, ինձ թույլ էի տալիս, բայց հետո՝ երբեք։ 20. ԱՍՏՎԱԾ Ի՞նչ եք կարծում, մի մարդ, ում ազգանվան մեջ կա խաչն ու վանքը, ինչպե՞ս կարող է վերաբերվել... Ես հավատում եմ։ Երբ ճակատագիրը ստիպում է հաճախակի կանգնել հիվանդությունների, նույնիսկ մահվան եզրին, ակամայից դիմում ես Աստծուն, որ քեզ օգնի։ 21. ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ Եթե ստեղծվի առիթ, դեմ չեմ լինի ծանոթանալ այմոլորակային որևէ կնոջ հետ, թերևս կուզենայի տեսնել, թե այնտեղ կանայք ինչպիսին են։ - Հետաքրքիր է ինչո՞ւ հատկապես կանայք։ - Կնոջից ավելի լավ բան, որն ստեղծել է բնությունը, դժվար է պատկերացնել։ 22. ԵՐԱԶՆԵՐ Ա. Գունավոր երազներ չեմ տեսնում, միայն սև ու սպիտակ։ Պետք է ենթադրել, որ գունավորը ավելի գեղեցիկ է, բայց նայած թե ինչ ես տեսնում։ Բ. 13-ը սեպտեմբերի 1993 թ.՝ այսօր երազ չեմ տեսել։ Գ. Առաջ շատ մեծ նշանակություն էի տալիս դրանց։ Միշտ երազներ եմ պատմել տատիկներին, թատրոնում մեծահասակ դերասանուհիներին։ Ես ազդեցության տակ էի ընկնում։ Աստված չաներ տեսնեի մի երազ, որը վատ բան նշանակեր։ Ես էմոցիոնալ մարդ եմ։ Եթե կատու անցնի... о՜. եթե վատ երազ, օ՜... Սնապաշտ եմ, այո։ - Հանկարծ ու կատու անցավ։ Եթե կատուն անցնի իմ առջևից. սպասում եմ մինչև մեկ ուրիշն անցնի։ Ճիշտ է, այդ ժամանակ ես, որպես մարդ, այդքան էլ չեմ հարգում ինձ, որովհետև մտածում եմ՝ Կարպ, դու թողնում ես, որ վատ բանը նրա հետ պատահի... չէ. ազնիվ խոսք, նրան վատություն չեմ ցանկանում։ - Իսկ եթե մարդ... Իսկ եթե մարդ չկա. ներեցեք, ինչպես ընդունված է, ը... թքում եմ ձախ ուսից թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, ապա անցնում։ Անընդհատ կամ թքում եմ կամ փայտին խփում, փայտ չլինելու դեպքում ճակատիս եմ խփում... որ վատ բան չկատարվի... ՎԵՐՋԱԲԱՆ ...որ վատ բան չկատարվի։ Պատրաստեց Գագիկ Ղազարէն՝ 30 սեպտեմբեր, 1993թ., «Այսօր» | |
|
| |
| Всего комментариев: 0 | |