13:44 Հայկ Արամյան․ «Ինձ աշխատանքից ազատելու համար կեղծվել է փաստաթուղթ» | |
|
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Հայկ Արամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ապօրինություն` ապօրինությունը շարունակելու համար․ Փաստորեն, փոխանակ` ընդդեմ ապօրինության և կամայականության իմ փաստարկված խոսքը առիթ ու ազդակ հանդիսանար սեփական գործունեությունը վերաիմաստավորելու և կատարված ապօրինությունները շտկելու համար, ընդհակառակը, առիթ է հանդիսացել հերթական ապօրինությունը կատարելու համար` այս անգամ ինձ աշխատանքից ազատելու նպատակով։ Մասնավորապես, ուսումնասիրելով առկա տվյալները՝ պարզել եմ, որ ինձ աշխատանքից ազատելու նպատակով կեղծվել է փաստաթուղթ, ինչպես նաև կիրառվել է գոյություն չունեցող իրավական ակտ։ Ուրեմն այսպես, երբ ինձ ազատում էին զբաղեցրած պաշտոնից, նշում էին, որ Հայկ Արամյանը խախտել է ներքին կարգապահական կանոնների X,Y,Z ... կետերը, և հաշվի առնելով ծառայողական քննություն անցկացնող աշխատանքային խմբի եզրակացությունը, նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից։ Ուրեմն, այս նկարը այն մասին է, որ ԱԻՆ աշխատանքային ներքին կարգապահական կանոնները` որը իբր ես խախտել եմ, Mullbery համակարգ է մուտքագրվել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սույն թվականի փետրվարի 5-ին, այսինքն իմ նկատմամբ ծառայողական քննություն նշանակելուց երկու օր առաջ։ Ուշադրություն դարձրեք ամսաթվին, քանի որ ԱԻՆ ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ 2019 թվականի հուլիսի 30-ին ընդունված ներքին կարգապահական կանոնները Mullbery համակարգով պատշաճ ծանուցված է եղել բոլոր աշխատակիցներին։ Հիմա հարց է առաջանում. եթե փաստաթուղթը Mullbery համակարգ է մուտքագրվել փետրվարի 5-ին, ապա այն ինչպես կարող էր Mullbery համակարգով ինչ-որ մեկին ծանուցվել փետրվարի 5-ից առաջ։ Բայց սա չէ էականը։ Այստեղ այլ կարևոր խնդիր կա։ Փաստորեն, ստացվում է, որ առանց նախարարի հրամանում փոփոխություն կամ լրացում կատարելու , ուղղակի վերցրել ու Mullbery-ում փոխել են ներքին կարգապահական կանոնների տեքստը, և փոխել են այնպես, որ ստացվի, թե իբր ես ներքին կարգապահական ինչ-որ կանոններ եմ խախտել, և այդ գոյություն չունեցող, կեղծված, առոչինչ ակտը դրել են ինձ աշխատանքից ազատելու հիմքում։ Նշեմ նաև, որ իմ տրամադրության տակ կա 2019 թվականի հուլիսի 30-ին ընդունված ներքին կարգապահական կանոնների իրական տեքստը։ Հիշեցնեմ, որ փաստաթուղթ կեղծելը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է, որի համար սահմանված է մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում։ Դեռևս կքննարկեմ` իմ գնահատմամբ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը քրեաիրավական ընթացակարգով պարզաբանելու անհրաժեշտության վերաբերյալ հարցը։ Միևնույն ժամանակ, ԱԻՆ իմ որոշ գործընկերներին խնդրում և կոչ եմ անում զերծ մնալ ապօրինի գործընթացների մեջ ներքաշվելուց։ Հիշեք, որ ինքներդ եք պատասխանատու ձեր գործողությունների կամ անգործության համար։ Էտ որ ասում են` հանգիստ եղեք, մենք «տեր» ենք, ուրեմն իմացեք. մեկը լինի էտ ասողին «տեր» լինի: Նմանատիպ իրավիճակներում ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հետևյալ կարգավորումները. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, մեջբերում եմ. «...Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք` 1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին. 2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են: Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե հանձնարարական տվող պաշտոնատար անձը գրավոր վերահաստատում է իր հանձնարարականը, ապա հանրային ծառայողը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, պարտավոր է կատարել այդ հանձնարարականը և այդ մասին գրավոր տեղեկացնել իրեն հանձնարարական տվող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը...»: Շատ եմ ցավում, որ լեգիտիմ իշխանության օրոք, պետական կառավարման համակարգում դեռևս կան նմանատիպ երևույթներ»։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |