10:00 Հայ Առաքելական Եկեղեցին նշում է | |
|
Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օր Ս. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարությանը` հրաժարվում է սուտ վկայություն տալ, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Ս. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից: Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Ս. Մարիամի ամուսինը: Ս. Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում չարձակել Մարիամին, քանզի նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է Որդու անունը Հիսուս դնել, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի ուշադիր է դառնում նշանածի հանդեպ` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվեց մանուկ Հիսուսը, օրենքի համաձայն Հովսեփը թլփատեց նրան և քառասուն օրականում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ: Ս. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով, ով միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել Աստծո պատվիրանները: Ս. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, ով Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին և թույլտվություն է խնդրում Տիրոջ մարմինը թաղել: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը: Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ է սիրել այս ընտանիքին և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տվել` ուրախացնելով նրա քույրերին: Ավագ քույրը` Մարթան, գործունյա և աշխատասեր էր, իսկ Մարիամը` Աստծո խոսքին ունկնդիր` բարեպաշտ հավատացյալ: Ըստ ավանդության` նրանք մեկնել են Կիպրոս, որտեղ հետագայում կնքել են իրենց մահկանացուն: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |