16:47
Գյումրիում բացվել է Ավետիք Իսահակյանի սնդուկը

Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը միանգամից 7 նոր ցուցանմուշով է հարստացել: Ռեստավրացվել է Ավետիք Իսահակյանի մակինդոժը, կոստյումը, փողկապն ու գլխարկը, նույնությամբ վերականգնվել է Իսահակյանի մոր՝ Ալմաստ խանումի վարդ-թանթանան:

Վերականգնման աշխատանքերն իրականացվել են «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ: Պատմական այս կարեւոր ձեռնարկը կյանքի է կոչվել Գյումրու քաղաքապատերանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի կողմից մեկնարկած թանգարանների զարգացման համալիր ծրագրի շրջանակներում:

62 տարի առաջ փակված Իսահակյանի սնդուկը բացելուց տխուր պատկեր է արձանագրվել: Տարիների ընթացքում խոնավությունից եւ անընդհատ փակված մնալուց վարպետի հագուստը կեղտոտված, տեղ-տեղ նաեւ քայքայված է եղել: Այդ օրերին Ալմաստ խանումի տարազն ուսումնասիրելու նպատակով թանգարան է այցելում «Տերյան» մշակութային կենտրոնի ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը: Տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանն անմիջապես դիմում է նրա օգնությանը:

«Ես Լուսինեին խնդրեցի գտնել մի կենտրոն, որին հնարավոր կլինի վստահել Իսահակյանի հագուստը՝ մաքրելու համար: Լուսինեն սկզբում երկմտեց, հետո երբ գնաց Երեւան, մի քանի օրից զանգեց: Ասաց՝ ես ոչ միայն կենտրոնն եմ գտել, այլ ավելին, նրանք այդ աշխատանքը կանեն անվճար՝ իրենց համար պատիվ համարելով Իսահակյանի շորերի հետ շփվելը: Այդ մաքրման աշխատանքը կատաեց Լավառե էկո կլինիկը: Գիտելիքը փայլեցնում է, հագուստը քայլեցնում, այդպես էր ասում Վարպետը: Եվ, եթե մենք 62 տարի հետ գնանք, կտեսնենք, որ այս հագուստով է Իսահակյանն եղել տարբեր վայրերում, մենք կրկին կյանք ենք տվել հագուստին, եւ կարծես Վարպետը կրկին տուն է վերադարձել»,-ասաց  Կարինե Վիրաբյանը:

Категория: Art News | Просмотров: 3795 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ավետիք Իսահակյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0