20:00
Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ. Առակներ

Եզոպոսն ու էշը

- Երբ իմ մասին նոր առակ հորինես, արա այնպես, որ այնտեղ որևէ իմաստուն բան ասեմ,- դիմեց մի անգամ էշը Եզոպոսին:
-  Իմաստո՞ւն,- զարմացավ Եզոպոսը,- իսկ ի՞նչ կասեն ինձ մարդիկ: Չե՞ն ասի՝ էշն իմաստուն է, իսկ ինքը՝ էշ:

Համստերն ու մրջյունը

- Ո՜վ թշվառ մրջյուններ,- ասաց մի օր համստերը,- ողջ ամառն օրնիբուն աշխատում եք և ի՞նչ եք հավաքում… մի բուռ պաշար: Եթե միայն տեսնեի՜ք իմ ունեցվածքը:

- Լսիր,- ասաց նրան մի մրջյուն,-եթե քո ունեցվածքը ավելին է, քան դու կարիք ունես, ուրեմն ճիշտ են վարվում մարդիկ, երբ քանդում են բույնդ ու մառաններդ դատարկում, իսկ քեզ ստիպում են քո կյանքով մեղքդ քավել:

Գայլն ու հովիվը

- Հանկարծահաս համաճարակը կոտորեց հովվի ողջ հոտը: Իմանալով դա՝ գայլը եկավ հովվի մոտ մխիթարելու նրան:

- Մի՞թե դա ճիշտ է,- հարցրեց նա հովվին,- աստված իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրուն, թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել:

- Շնորհակալ եմ, եղբայր Իզեգրիմ,- հառաչեց հովիվը,- տեսնում եմ, բարի ես ու սրտացավ:

- Ճիշտ որ, սրտացավ,- նկատեց Հիլաքս շունը,- փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում:

Կապիկն ու աղվեսը

Պարծեցավ կապիկն աղվեսի մոտ.

-Կարող ես ինձ ցույց տալ մի կենդանի, որին չկարողանամ նմանվել, ինչքան էլ որ նա ճարպիկ լինի:

-Ո՜վ անմիտ, իսկ դու կարո՞ղ ես ցույց տալ այն կենդանուն, որին խելքին փչի նմանվել քեզ,- պատասխանեց աղվեսը:

Նժույգն ու ցուլը

Կրակոտ նժույգին հեծած՝ հպարտ-հպարտ անցնում էր մի տղա: Նրանց հանդիպեց կատաղի ցուլը և ասաց.

- Ի՜նչ խայտառակություն… Մի՞թե ես թույլ կտայի, որ ինձ հեծներ այս երեխան:

-Իսկ ես հանդուրժում եմ,- պատասխանեց նժույգը,- քանզի ինձ վայել չէ երեխային ցած նետել:

Սագը

Սագին մի օր թվաց, թե իր փետուրները ճերմակին են տալիս ճիշտ այնպես, ինչպես նորեկ ձյունը: Եվ դրանով հպարտ, հավատացնում էր ինքն իրեն, թե ծնվել է ավելի շուտ կարապ լինելու համար, քան թե սագ:

Եվ խորշելով իր նմաններից՝ փքուն տեսքով ու միայնակ լողում էր լճի ջրերում: Նա մեկ ձգում, երկարացնում էր իր դավաճանորեն կարճ վիզը, մեկ ուզում էր նրան տալ այն հանդիսավոր կորությունը, որ այնքան սազում է Ապոլոնի սիրելի կարապներին:

Բայց զուր: Նրա պարանոցը կոպիտ էր, հաստ և ուղիղ: Ու չնայած չարչարանքին, նա այդպես էլ կարապ չդարձավ, այլ մնաց ծիծաղելի սագ:

Գայլն ու էշը

Եղավ մի անգամ, որ էշը հանդիպեց քաղցած գայլին ու, քանի որ փախչել չէր կարող, հիվանդ ձևացավ:

- Խղճա ինձ և օգնիր,-ասաց նա,- ոտքս փուշ է մտել:

- Հենց հիմա, եղբայր,- ասաց պատրաստակամ գայլը և հարձակվելով էշի վրա՝ պատառ-պատառ արեց:

Ագռավը

Տեսավ մի անգամ աղվեսը ագռավին զոհասեղաններից միս գողանալիս ու մտքերի մեջ ընկավ:

-Կուզենայի իմանալ,- ասաց նա ինքն իրեն,- ագռավն այնտեղ իր բաժինն ունի, քանի որ իմաստուն թռչո՞ւն է, թե՞ նրան իմաստուն թռչուն են համարում, որովհետև աստվածների հետ զոհերը կիսելու համար բավականաչափ անամոթ է:

Категория: Դասեր | Просмотров: 781 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0