20:30
Գերժամանակակից հեքիաթ

Վիկտոր Կլյուև

Վաղ առավոտյան` աշխատանքի գնալուց առաջ, ծնողները մորեխիկին բերեցին մարգագետին ու ասացին. «Կխաղաս այստեղ` մինչ վերադառնանք»: Նրանց գնալուց անմիջապես հետո մորեխիկը սկսեց առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտել:

Քիչ անց, փոքրիկ գորտի ծնողները նրան բերեցին մարգագետին: «Լսո՞ւմ ես, այստեղից ոչ մի տեղ չգնաս, հենց այստեղ էլ կխաղաս»:

- Լավ,- ասաց փոքրիկ գորտը, որը տեսնելով առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտող մորեխիկին, հավեսի ընկավ ու ինքն էլ սկսեց նույնն անել:

Հետո` հայր ու մայր արագիլները բերեցին իրենց ձագուկին, հորդորելով` «Լաց մի՛ լինիր, դու էլ խաղա այստեղ, իսկ մենք կաշխատենք շատ շուտ վերադառնալ»: Փոքրիկ արագիլը, տեսնելով առվի վրայով մի կողմից մյուսը ցատկող մորեխիկին ու գորտին, դադարեց հեկեկալ ու նույնն անելու անզուսպ ցանկություն ունեցավ: Առուն, սակայն, չափազանց նեղ էր նրա համար:

- Ոչինչ,- մտածեց նա,- ես էլ կքայլեմ առվի մի կողմից դեպի մյուսը:

Այսպես երեքով նրանք երկար ժամանակ խաղում էին: Ու մեկ էլ, խախտելով լռությունը, մորեխիկը դիմեց գորտին՝

- Կդառնա՞ս իմ ընկերը, ընդմիշտ` մինչև կյանքիս վերջ:

- Կդառնամ,- վստահ պատասխանեց գորտը:

- Ես էլ,- արձագանքեց արագիլը:

Եվ նրանք ընկերներ դարձան: Փաթաթվեցին, համբուրվեցին ու խոստացան` էլ երբեք իրարից չբաժանվել:

Մորեխիկն ու գորտը նորից սկսեցին թռչկոտել առվի վրայով, իսկ արագիլը անցավ իր «գործին»: Քիչ անց, նա կանգ առավ և մի ոտքը ծալելով (նա մտածելիս միշտ այդպես էր կանգնում) ընկավ մտքերի գիրկը: Հետո, փոքր-ինչ ուշքի գալով, նա դիմեց ընկերներին՝

- Ինձ թվում է, որ մենք մի շատ կարևոր բան մոռացել ենք… Հա՛, հազիվ մտաբերեցի, մենք մոռացել ենք իրար հետ ծանոթանալ:

- Ասենք թե ծանոթացաք, հետո՞, - ծիծաղը հազիվ զսպելով ասաց ծառերի վրայից բարեկամների զրույցին ուշադիր հետևող պառավ ագռավը:

Ընկերները զարմացած վեր նայեցին, ապա, փոքր-ինչ վարանումից հետո, սկսեցին հերթով իրար ներկայանալ:

- Ես` գորտն եմ:

- Իսկ ես` մորեխիկը:

- Ես էլ` արագիլն եմ:

Ու հանկարծ, երբ արդեն ծանոթացել էին, նրանք սկսեցին սարսափած մեկմեկու նայել:

- Ուրեմն դու,- մտահոգ ասաց գորտը մորեխին,- նա ես, ում ես պետք է ուտե՞մ: Մայրիկս միշտ ասում է, որ ես շատ-շատ մորեխներ պիտի ուտեմ, որ շուտ մեծանամ, որ դուք շատ համեղ եք: Բայց ես մորեխ մինչ օրս չէի էլ տեսել: Ահա թե դու ինչպիսին ես:

Մորեխին երկար զննելուց հետո, նա դիմեց արագիլին՝

- Ուրեմն, դու էլ նա ես, ով պետք է ի՞նձ ուտի: Մայրիկս ասում է, որ արագիլներից անպայման զգուշանալ է պետք… Բայց ես արագիլ կյանքումս տեսած չկայի:

- Ես էլ դեռ գորտ չէի տեսել: Գիտեի միայն, որ նրանք շատ համեղ են, հայրիկս է պատմել…

Հետո նրանք երկուսով շրջվեցին լաց լինող մորեխիկի կողմը:

- Ուրեմն, ստացվում է,- հեկեկալով ասաց մորեխիկը,- որ ինձ երկու անգա՞մ են ուտելու. Առաջինն ինձ անձամբ, իսկ հետո` էլի ինձ, բայց արդեն գորտի մե՞ջ,- ու նա սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել:

- Երբ քեզ մի անգամ ուտում են, դա էլ արդեն բավական է,- իր հերթին հեկեկաց գորտը:

Այստեղ արագիլն էլ չդիմացավ:

- Կարծում եք հե՞շտ է սեփական ընկերներին կուլ տալը: Ի դեպ ոմանց`երկու անգամ:

Նայելով հեծկլտացող եռյակին, պառավ ագռավը ծիծաղից մեռնում էր.

- Լացեք-չլացեք,- քրքջալով ասաց նա,- ուզեք, թե չուզեք, միևնույն է, վաղ թե ուշ` դուք իրար պետք է ուտեք: Բնության օրենքն է այդպիսին: Եվ ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Եվ հետո, ականջներիդ օղ արեք, մյուս անգամ` համբուրվելուց առաջ ավելի լավ է սկզբից ծանոթանաք:

- Ես չեմ ուզում ուտել իմ ընկերոջը,- արցունքների միջից ձայնեց գորտը:

- Ես էլ,- նրան միացավ արագիլը:

- Ախր ձեզ ոչ ոք չի էլ հարցնում, ուզո՞ւմ եք, թե՞ ոչ, մեկ է, դուք պետք է իրար ուտեք… Օրենքն է այդպիսին…

Հեծկլտոցներն ավելի ուժգնացան: Քիչ անց մորեխիկը, մի կերպ զսպելով իրեն, մոտեցավ գորտին ու արցունքների միջից ժպտալով ասաց.

- Հարազատս, իմ անբաժան ընկեր, ես կյանքս քեզ համար չեմ խնայի, կեր ինձ, խնդրում եմ,- և նա կամացուկ պառկեց գետնին, կկոցեց աչքերն ու շշնջաց` «Բարի ախորժակ»:

- Էլ ում ես սպասում, հը՞, շուտ կեր դրան,- ասաց անհամբերությունից ճոճվող ագռավը:

Բայց գորտը չգիտեր էլ, թե մորեխ ինչպես են ուտում: Նա փակեց աչքերն ու բացեց բերանը: Չգիտես քանի րոպե այդպես նստելուց հետո, նա հանկարծ տեղից վեր թռավ.

- Լսեք, միևնույն է, արագիլն ինձ պետք է ուտի, այնպես չէ՞: Կարծում եմ, որ նրա համար միևնույն է, իմ մեջ մորեխ կլինի՞, թե՞ ոչ,- ու այդ մտքից նա շատ ուրախացավ:

Փոքրիկ գորտը ժպիտը դեմքին մոտեցավ արագիլին, բռնեց նրա ոտքն ու նայելով նրա շփոթված դեմքին, ասաց.

- Սիրելի արագիլ, իմ անբաժան ընկեր, ես նույնպես կյանքս չեմ խնայի քեզ համար, որ այդպես է… կեր ինձ,- ու, կծկելով ձեռքերն ու ոտքերը, շշնջաց. «Բարի ախորժակ»:

Շփոթված արագիլը դիմեց պառավ ագռավին ՝

- Իսկ գորտին ուտելը պարտադի՞ր է:

- Պարտադիր է, - խստորեն պատասխանեց ագռավն ու ավելացրեց.- մեզ շրջապատող միջավայրն է դա պահանջում:

Արագիլն էլ չգիտեր, թե գորտ ինչպես են ուտում: Նա խորը հոգոց հանեց, բացեց կտուցն ու սարսափից անմիջապես աչքերը պինդ-պինդ փակեց: Այդպես` փակ աչքերով նրանք նստել ու վախից երկար ժամանակ չէին շարժվում: Վերջապես մորեխիկի ձայնը խախտեց լռությունը:

- Հետաքրքիր է, ինձ արդեն կերե՞լ են…

- Դժվար թե,- խոսեց աչքերը փակ գորտը,- կերվածներն ընդհանրապես չեն խոսում:

- Այդ դեպքում, դու էլ այնքան նման չես կերվածի, ձայնդ ինչ-որ շատ մոտիկից է գալիս,- նկատեց մորեխիկը:

- Իսկ արագիլին երևի կերել են, նրա ձայնը վաղուց է, ինչ չի լսվում:

Նրանք բացեցին աչքերն ու նայեցին արագիլի կողմը: Նա խոնարհել էր աչքերն ու ճոճվում էր մի ոտքի վրա (ուրեմն` մտածմունքի մեջ էր): Վերջապես արագիլն էլ խոսեց.

- Շատ հետաքրքիր է, թե ո՞վ է այդ Բնությունը:

- Բնությունը, - ասաց բարեկամների անվճռականությունից անասելի հոգնած ագռավը,- դա այն ամենն է` ինչ մեզ շրջապատում է,- ու թևերը թափահարելով ավելացրեց.

- Դե, եթե այստեղ դեռ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, ես գնամ այնտեղ` որտեղ դրա գիտակցումը կա: Դե, երևի մենք էլ չհանդիպենք, բայց ասածս հիշեք, մեկ է, վաղ թե ուշ` դուք իրար կուտեք: Ու թևին տալով` ավելացրեց. - Բնության օրենքն է այդպիսին…

Արագիլն իրեն թափ տվեց ու բացեց աչքերը: Հետո, երեքն էլ սկսեցին իրենց շուրջը նայել: Շրջապատում ուրիշ կենդանու չհանդիպելով, նրանք մոտեցան հաստաբուն կաղնուն:

- Ասացեք խնդրեմ, հարգարժան Ծառ,- դիմեց արագիլը կաղնուն,- Դուք մեզ շրջապատո՞ւմ եք:

- Դե, ինչ-որ չափով, այո, իսկ ի՞նչ է պատահել:

- Եթե Դուք ինչ-որ չափով մեզ շրջապատում եք, ուրեմն Դո՞ւք եք Բնությունը:

- Դե…, ասենք թե այո:

- Ուրեմն այդ Դո՞ւք եք ինձ ստիպում ուտել իմ ընկերներին` գորտին ու մորեխիկին, այն էլ` մորեխիկին երկու անգամ:

- Ինչե՞ր ես ասում, փոքրիկ, ես տանել չեմ կարողանում, երբ իրար ուտում են: Բացի այդ, եթե որոշ չափով ես շրջապատում եմ ձեզ, դուք էլ ձեր հերթին եք ինձ շրջապատում: Ուրեմն` դուք էլ այնքան բնություն եք, որքան` ես:

Արագիլը նորից սկսեց ճոճվել:

- Այ քեզ բան, պարզվում է, որ հենց մենք ենք Բնությունը, որ մենք ինքներս կարող ենք որոշել` ուտե՞լ իրար, թե՞ ոչ: Լսո՞ւմ ես գորտ, Բնությունը դու ես, մորեխիկը, ես, կաղնին,- թռչկոտում էր արագիլն ու գրկում ընկերներին:

Հանկարծ, ասես մի բան մտաբերելով, նա կանգ առավ.

- Բա ագռա՞վն ով է…

- Հիմար է նա, - վստահորեն պատասխանեց կաղնին:

- Ճիշտ որ,- համաձայնեցին նրանք, և ուրախ-ուրախ վազեցին դեպի մարգագետին:

Նորից խաղում էին նրանք, համբուրվում, գրկում իրար, խոստանում դառնալ` երեք անբաժան ընկեր, երեք փոքրիկ, կենդանի Բնություն…

Փոխադրությունը` Արթուր Ազարյանի

Категория: Դասեր | Просмотров: 904 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: հեքիաթ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0