21:00 Էռնեստ Հեմինգուեյ․ «Ամերիկացիներին, որ ընկան հանուն Իսպանիայի» | |
|
Մեռածները խոր քնած են այս երեկո պաղ հողի տակ։ Ձյունախառն քամին սուրում է ձիթենու պուրակներով, իջնում ծառերի բաց կոճերին։ Իջնում է ձյունը հուշիկ՝ շիրիմների անվանատախտակներին (եթե, իհարկե, ժամանակ էր եղել դրանք կանգնեցնելու)։ Ձիթենիները նիհարիկ կանգնած են պաղ քամուն դեմ հանդիման, քանզի դրանց վարի ճյուղերը ժամանակին հատել էին՝ տանկեր քողարկելու, իսկ մարտում ընկածները խոր քնած են Խարամա գետից վեր՝ փոքրիկ բլուրների տակ։ Ցուրտ էր փետրուարյան այդ օրը, երբ ընկան նրանք, ու այդ պահից ի վեր նրանց այլևս հասու չէր եղանակների պարզ հերթագայությունը… Եվ հիմա երկու տարի է արդեն, ինչ Լինքոլն գումարտակը չորս ու կես ամիս շարունակ դիմակայում էր Խարամայի բարձունքներում, ու արդեն երկար ժամանակ է, ինչ ամերիկացի առաջին զոհերը մասնիկը դարձան իսպանական հողի։ Մեռածները խոր քուն են մտած Իսպանիայում այս ցուրտ երեկոյ ու դեռ երկար քնած կմնան ողջ ձմռան ընթացքում, քանզի հողն էլ ննջում է նրանց հետ։ Սակայն գարնանն անձրև կթափուի՝ հողը կրկին բարեգութ դարձնելու։ Հարաւից եկող քամին մեղմիկ կփչի բլուրների վրայով։ Գոսացած ծառերը կյանքի կկոչվեն մատղաշ կանաչ տերևներով, ու Խարամա գետի երկայնքով ձգված խնձորենիներին բողբոջներ կհայտնվեն։ Մեռածները գարնանն այս կզգան կրկին ապրել սկսող հեվքը հողի… Եվ քանի որ մեր եղբայրներն այժմ Իսպանիայի հողի մի մասնիկն են այլևս, հողն այդ երբեք չի մեռնի։ Ամեն ձմռան կթվա, թե այն պատրաստվում է մահվան, սակայն գարնանագալին վերստին կհառնի։ Մեր զինվորները դրա հետ կապրեն առհավետ։ Զոհված հայրենակիցները մեր ապրում են իսպանացի գյուղացու ու բանուորի, բոլոր բարի եւ հասարակ, ազնիվ մարդկանց սրտերում ու հիշողության մէջ, որոնք հավատում ու պայքարում են յանուն իսպանական հանրապետութեան։ Եվ քանի դեռ եղբայրները մեր ապրում են իսպանական հողում, իսկ նրանք կապրեն որքան հողն է ապրում, ոչ մի բռնակալ Իսպանիային չի տիրի երբեք։ Իսպանիայի ժողովուրդը ոտքի կկանգնի կրկին, քանզի միշտ էլ ոտքի է ելել ընդդեմ բռնության։ Նրանք, ովքեր հողն այդ մտել են պատվախնդրութեամբ, իսկ ոչ ոք հող ոտք չի դրել առավել պատվախնդիր, քան նրանք, ովքեր ընկան հանուն Իսպանիայի, անմահության ճամփին են արդեն… Թարգմանությունը անգլերենից՝ Նինա Ա․ Ջաղինյան Աղբյուրը՝ tarntercum.ru | |
|
| |
| Всего комментариев: 0 | |