21:30 Երբ քեզանից նեղացած են | |
|
Յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ զգացել ենք, թե որքան տհաճ զգացողություն է, երբ ինչ-որ մեկը մեզնից նեղացած է։ Դուք գիտե՞ք, եթե մի փոքր մտածեք, կարող եք զգալ և իմանալ, որ նեղացած լինելը շատ ավելի հեշտ է և, նույնիսկ, լավ։ Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ձեզ խիստ նեղացրել է, դուք հուզվել եք կամ խիստ բարկացել։ Հետո՞ ինչ։ Հետո դուք սկսում եք վերլուծել և եթե բացահայտում եք, որ ամենևին էլ չեք արժանացել ձեր նկատմամբ նման վերաբերմունքի, սկզբում ձեզ տիրում է անտարբերությունը, ողջ աշխարհը դաժան է թվում, ձեզ միայնակ եք զգում և որևէ մեկի հետ չեք ցանկանում նույնիսկ խոսել։ Ներփակվում և սկսում եք ինքներդ ձեզ խղճալ։ Աստիճանաբար այդ զգացողությունը (խղճահարություն ձեր հանդեպ) սկսում է զզվեցնել։ Դրա փոխարեն նոր զգացողություն է առաջանում. «Դե, լավ, ես բոլորին ցույց կտամ, որ կարող եմ իմ շահերը պաշտպանել»։ Այս զգացողությամբ սկսում եք ակտիվ գործել։ Ձեր մեջ էներգիա է առաջանում, բոլոր հաղթաթղթերը ձեր ձեռքում են. ձեզ անտեղի են նեղացրել։ Ձեր մեջ ծագում է «ես հնարավոր ամեն բան կանեմ ինձ համար» որոշումը։ Դուք սկսում եք ակտիվորեն, առանց որևէ վախի և, նույնիսկ ընդհակառակը, մինչ այդ ձեզ անհայտ համարձակությամբ ապագայի համար ծրագրեր կազմել և դրանք կյանքի կոչել։ Դա յուրօրինակ փոխհատուցում է։ Դուք այդ կերպ վրեժ եք լուծում։ Դուք մտածում եք. «Ինձ նեղացրել են, կարծում են, որ ես լրիվ հիմար եմ, դե, ոչինչ, ես վրեժխնդիր կլինեմ նրանցից, իմ կյանքում ամեն ինչ գերազանց կլինի, ես միշտ լավ մարզավիճակում կլինեմ, և նրանք կհասկանան, որ իրենք սխալ էին և նրանցից վրեժ կլուծվի»։ Ահա և մենք հասկացանք, որ վիրավորված լինելը շատ ավելի ձեռնտու է։ Այն ուժ է տալիս, ստիպում է կենտրոնանալ, ստիպում է մտորել սեփական անձի մասին։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե ոչ թե դուք եք վիրավորված, այլ ձեզնից են վիրավորված։ Տեղի է ունենում հակառակը։ Դուք մոռանում եք ձեր մասին և ձեր ամբողջ էներգիան ծախսում եք՝ մտածելով այն մասին, թե ինչպես ուղղել իրավիճակը, ինչպես ազատվել մեղքի այդ զգացումից։ Սկսում եք ուշադրության արժանացնել վիրավորվածին։ Բայց իզուր։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրա վրա։ Դուք ուզում եք ներողություն խնդրել, բայց նեղացածը չի նայում ձեր կողմը։ Այդ ամենի պատճառն այն է, որ հոգու խորքում նրան դուր է գալիս վիրավորված լինելը։ Դուք փորձում եք նորից ու նորից գուցե վերջիվերջո ձեզ հաջողվի խոսել նրա հետ, գուցե և ոչ։ Այնուամենայնիվ դրանից հետո դուք ձեզ լրիվ հիմարացած եք զգում։ Այո, դա այդպես է։ Գիտե՞ք ինչ կարող եմ առաջարկել։ Այո, իհարկե, շատ վատ է, որ մենք երբեմն հիմարություն ենք անում և մեծ ու փոքր սխալներ գործում։ Բայց սխալները կամ կոպտությունը դադարում են լինել այդպիսին, երբ գիտակցում ենք, որ գործել ենք դրանք։ Իսկ երբ մեր մեջ սկսում է ի հայտ գալ մեղքի զգացումը, նշանակում է, որ հասկացել ենք։ «Ներիր, խնդրում եմ, ես հասկացել եմ, որ նեղացրել եմ քեզ» ասելը բավական է, պետք չէ վազել հետևից ու թախանձագին ներում հայցել։ Բայց պետք է անպայման հիշել, որ մարդը, ում վիրավորել եք, լիովին իրավունք ունի ձեզանից նեղանալու և չներելու ձեզ։ Բայց վաղ թե ուշ ձեր նկատմամբ չարությունը կանցնի, և նա ձեր դեմ հաղթաթուղթ չի ունենա, քանի որ բոլորս գիտենք, որ յուրաքանչյուրն ունի վիրավորվելու իրավունք։ Բայց միակ բանը, որ պետք է անենք, շատ արագ հասկանալով, որ իզուր տեղը նեղացրել ենք ինչ-որ մեկին, պետք է ներողություն խնդրենք նրանից և որքան շուտ՝ այնքան լավ։ Դա այն հազվադեպ իրավիճակներից է, երբ ժամանակը չի աշխատում մեր օգտին. «Լավ է ուշ, քան երբեք» ասույթն այստեղ տեղին չէ։ Ներողություն խնդրենք նրանցից, ում նեղացրել ենք։ Վստահ եղեք, դրանից հետո մեզ ավելի լավ կզգանք։ Բաժինը վարում է հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆԸ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |