10:34 Էդգար Շաթիրյանը՝ ՍԴ նախագահ դառնալու նախապայմանի մասին | |
|
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2 օրից՝ օգոստոսի 26-ին լրանում է Սահմանադրությամբ նախանշված երկամսյա ժամկետը, որի ընթացքում Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը պետք է Սահմանադրական դատարանում առաջացած թափուր տեղերը համալրելու նպատակով մեկական թեկնածու առաջադրեին: Դատարանակազմական 3 մարմիններն էլ իրենց թեկնածուներին արդեն առաջադրել էին, սակայն Կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը, ինչպես հայտնի է, նախորդ շաբաթվա սկզբին հրաժարվեց իր թեկնածությունից: Պատճառը, թերևս, իր անվան շուրջ բարձրացված աղմուկն էր. Ավետիսյանն իր թեկնածությունը հանելու որոշմանը հանգեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո՝ անիրատեսական համարելով 80 պատգամավորի ձայնը ստանալը: Օրենքում չի հստակեցվում, թե առաջադրված թեկնածուի բացարկից հետո որքան ժամկետում պետք է առաջադրվի հաջորդ թեկնածուն: Այնուամենայնիվ նոր թեկնածության շուրջ խոսակցություններ արդեն կան: Կառավարության նոր հավանական թեկնածուն Իրավաբանական գիտությունների թեկնածու Էդգար Շաթիրյանն է, որն օրերս հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Շաթիրյանից թերթը հետաքրքրվել է՝ իրեն առաջարկվե՞լ է դառնալ Կառավարության հիմնական թեկնածուն: Նա այսպես պատասխանեց մեր հարցին. – Թեկնածուի կարգավիճակ յուրաքանչյուր սուբյեկտ ձեռք կբերի այն պահից, երբ Կառավարությունը կոլեգիալ հիմունքներով կկայացնի համապատասխան որոշում առաջադրման մասին: Այս պահին, որքանով ես եմ իրազեկ, առաջադրման մասին որոշում Կառավարությունը չի կայացրել, համենայնդեպս ինձ նման բան հայտնի չէ: -Իսկ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ձեր ցանկությունը ինչպիսի՞նն է: Նախորդ թեկնածուն, Վահրամ Ավետիսյանն օրինակ, խմբակցության հետ հանդիպումից հետո հրաժարվեց իր թեկնածությունից: -Կարծում եմ, անկախ սույն գործընթացի ելքից, հանդիպումը բավական օգտավետ և արդյունավետ էր երկուստեք: Համենայնդեպս իմ կողմից եղել է շատ բաց և անկեղծ խոսակցություն, ավելին ասեմ, կարծում եմ, փոխադարձ է եղել այդ խոսակցությունը: Եվ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա սույն գործընթացի արդյունքներով, այդ հանդիպումը ես տեղին և օգտակար եմ համարում: -Համենայնդեպս վատ տրամադրվածություն չեք նկատել: - Տրամադրվածության խնդիր կարծում եմ չկար: Ընդհանուր անկեղծ մթնոլորտում տեղի ունեցավ հարցուպատասխան, իհարկե բավական մեծ թվով հարցեր հնչեցին: Փորձել եմ բոլորին պատասխանել: Այլ հարց է՝ որքանով էին գոհացնում իմ պատասխանները պատգամավորներին: -Հավանաբար ձեզ հիմնականում ուղղվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելուն, հետո հրաժարվելուն վերաբերող հարցեր: -Այո, նաև այդ հարցերն են հնչել: Ես, անկեղծ ասած, պատրաստ էի այդ հարցադրմանը, որովհետև սուբյեկտները, որոնք ինձ մեկ անգամ արդեն վստահել էին ինքնավար մարմնի անդամի պաշտոնը, լրիվ իրավունք ունեին իմանալու, թե ինչն էր իմ հեռանալու պատճառը: Դա ես ներկայացրեցի: -Այս պարագայում ունե՞ք նման խնդիր, եթե դառնաք ՍԴ անդամ, հետո կա՞ նման պայման, որ դառնաք դատարանի նախագահ: -Եկեք ենթադրություններով չառաջնորդվենք: Էս պահին, ինչպես ասում են, ջուրը չտեսած չբոբիկանանք, ժամանակից առաջ չընկնենք: Ես այս պահին անգամ պաշտոնապես թեկանծուի կարգավիճակ չունեմ, հիմա կանխատեսումների դաշտ ենք մտնում: Ամեն դեպքում ցանկանում եմ փաստել, որ սրանք լրիվ տարբեր գործընթացներ են: Ես չէի ուզենա որևէ զուգահեռ անցկացնել: Այն ժամանակ հանգամանքերը լրիվ այլ էին»: Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |