|
Վերջին տարիների ընթացքում կտրուկ աճել է ինքնասպանություն գործող երիտասարդների թիվը: Ինքնասպանությունը մահվան պատճառների ցանկում երրորդ տեղն է գրավում 15-24 տարեկան հասակային խմբում, և վեցերորդ տեղը՝ 5-14 տարեկանների խմբում:
Հասունացման ընթացքում դեռահասները ունենում են ծանր ապրումներ՝ կապված սթրեսի, շփոթմունքի, իրենց ուժերի վրա վստահ չլինելու, հաջողության հասնելու ձգտման, ֆինանսական անորոշության և շատ այլ խնդիրների հետ:
Որոշ դեռահասներ շատ մեծ դժվարությամբ են համակերպվում ծնողների ամուսնալուծությանը, խորթ ծնողի և եղբայրների կամ քույրերի հետ նոր ընտանիքի կազմավորման կամ էլ բնակության նոր վայր տեղափոխվելու հետ, ինչը կարող է սաստկացնել անվստահության զգացումը:
Որոշ դեպքերում թվում է, թե ինքնասպանությունը ծագած խնդրի միակ «լուծումն» է:
Դեպրեսիան և ինքնասպանության մտքերը բուժելի խանգարումներ են: Երեխայի կամ դեռահասի հիվանդությունը պետք է ախտորոշվի, և համապատասխան բուժման պլան պետք է մշակվի: Երբ ծնողները կասկածում են, որ իրենց երեխան լուրջ խնդիր ունի, նրանց կարող է օգնել հոգեբույժի խորհրդատվությունը:
Ինքնասպանության մտքերը և դեպրեսիայի նշանները համարյա թե նույնն են: Ծնողները պետք է տեղյակ լինեն բնորոշ նշաններին.
- սնման և քնի սովորության փոփոխություն
- երեխան մեկուսանում է ընտանիքից և ընկերներից, թողնում է ամենօրյա իր գործերը
- դաժան արարքներ է գործում, ըմբոստ է կամ փախչում է տնից
- թմրադեղերի կամ ալկոհոլի օգտագործում
- սեփական արտանիքի նկատմամբ անսովոր արհամարհանք
- անձի արտահայտված փոփոխություն
- մշտական ձանձրույթ, ուշադրության կենտրոնացման դժվարացում կամ առաջադիմության անկում
- հաճախակի ֆիզիկական գանգատներ՝ փորացավ, գլխացավ, հոգնածություն
- հետաքրքրության կորուստ հաճելի զբաղմունքի մեջ
- տանել չի կարողանում գովասանքը և պարգևատրությունը
Ինքնասպանություն պլանավորող դեռահասը նաև կարող է՝
- բողոքել, որ ինքը վատ մարդ է, կամ իրեն «ներսից փչացած» է զգում
- որոշ ակնարկներ անել, ասելով, թե «ես այլևս ձեր համար խնդիր չեմ լինի», «ամեն ինչ անիմաստ է», «ես ձեզ նորից չեմ տեսնի» և այլն
- կարգի բերել իր գործերը՝ բաժանել իրեն համար թանկ իրերը, մաքրել իր սենյակը և աղբը նետել կարևոր իրեր
- ընկճվածության շրջանին հանկարծ հաջորդում է բարձր տրամադրությունը
- ունենալ պսիխոզի նշաններ (պատրանքներ կամ տարօրինակ մտքեր)։
Եթե երեխան կամ դեռահասը ասում է, որ պատրաստ է ինքնասպանություն գործել, պետք է լուրջ ընդունել նրա ասածը և դիմել մասնագետի օգնությանը: Մարդիկ հաճախ դժվարանում են խոսել մահվան մասին, սակայն պետք է հարցնել երեխային կամ դեռահասին, թե արդյոք նա ընկճված է և մտածում է ինքնասպանության մասին: Հակառակ այն կարծիքի, թե այդպես կարելի է «վատ մտքեր լցնել երեխայի գլուխը», այս հարցը տալով, դուք ցույց եք տալիս երեխային, որ սիրում եք նրան և որ նա կարող է խոսել իր խնդիրների մասին:
Եթե վերը թվարկած նշաններից մեկը կամ ավելին ի հայտ են գալիս, ծնողները պետք է խոսեն երեխայի հետ իրենց մտահոգության մասին և դիմեն մասնագետի օգնությանը:
Ընտանիքի օգնության և պատշաճ բուժման պայմաններում ինքնասպանության մտքեր ունեցող երեխաներն ու դեռահասները կարող են առողջանալ և վերադառնալ զարգացման նորմալ ուղի:
Աղբյուրը՝ doctors.am
|