14:35 Դատարանը վճռում է Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը | |
|
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Առաջին ատյանի դատարանում արդեն երրորդ անգամ է քննվում հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոցի հարցը: Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Ի սկզբանե Հարությունյանը մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում միայն ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր: 2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի: Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել էր ու նորից կալանքի միջնորդություն ներկայացրել: Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը: 2019-ի փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման պայմաններում պետք է ի կատար ածվի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի՝ փաստորեն, գործը նորից ուղարկվել է առաջին ատյանի դատարան: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |