19:15
Բնագրից հայերեն է թարգմանվել Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը

Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ Թումանյան 38 հասցեի  «Նաիրի» նորաբաց  գրախանութում:

«Ռեմարկը կորուսյալ սերնդի ներկայացուցիչներից է: Նա գրել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների և մարդու՝ պատերազմից ձեռք բերած փորձառության մասին: Ռեմարկն անձամբ մասնակցել է երկու պատերազմին էլ, ուստի նրա ներկայացրած պատկերները, տեսարաններն ապրված են, զգացմունքային, ինչը մեծացնում է հեղինակի յուրաքանչյուր գրքի կշիռը, արժեքը»,-նշում է գրքի թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը:

Նրա խոսքով՝ Ռեմարկը, ի տարբերություն իր սերնդի այլ ներկայացուցիչների, տարբերվող ձեռագիր ունի: Բաղմանյանը Ռեմարկի յուրահատկությունն իրատեսությունն է համարում: «Նրա գրքերում չկա չափազանցություն կամ հակառակը: Ամեն բան բնական է. երբևէ ընթերցողն անհարմար իրավիճակում չի հայտնվում, քանի որ գործ ունի անկեղծ հեղինակի հետ: Հույս ունեմ, որ մարդիկ թարգմանությունը կարդալիս կզգան այն, ինչ ես եմ զգում բնագիրն ընթերցելիս»,-շեշտում է թարգմանչուհին ու հավելում, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի վեցերորդ գործն է, որն ինքը թարգմանում է, ուստի աշխատանքը բավականին դյուրին է եղել:

Категория: Art News | Просмотров: 203 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էրիխ Մարիա Ռեմարկ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0