21:30 Բամբասանքներից ազատվելու համար | |
|
Հաճախ մեր տրամադրությունը փչանում է, երբ մեր մասին բամբասանքներ ենք լսում։ Նույնիսկ լինում է, որ մենք ճշմարտությունն ենք լսում մեր մասին, բայց միևնույն է, այն մեզ դուր չի գալիս, որովհետև չենք ուզում, որ դա իմանան ուրիշները։ Ամեն դեպքում մենք անհարմար ենք զգում, նեղանում ենք կամ կատաղում, կամ լաց լինում, կամ մեղավոր ենք զգում մեզ, կամ անլիարժեքության բարդույթ ապրում, երբ իմանում ենք, որ մեր մասին բամբասում են։ Սա մեր առօրյայի մութ և տհաճ կողմերից է։ Հարց է ծագում, ինչպե՞ս արձագանքել բամբասանքին, ավելի ճիշտ, ի՞նչ անել, երբ քո մասին բամբասում են։ Կա մի քանի միջոց, սակայն ես ցանկանում եմ առաջարկել լավագույններից մեկը։ Անշուշտ, եթե ինչ-որ տհաճ բան ես լսել քո մասին, այն էլ մի մարդուց, որի բացասական նախատրամադրվածությունը քո նկատմամբ սպասելի էր, ապա առաջին միտքը նրա բերանն այնպես փակելն է, որ ամբողջ կյանքում հիշի։ Այսինքն առաջին բանը, որ ուզում ես կատարել, վրեժխնդրությունն է։ Հավանաբար դուք ինձանից սպասում եք, որ կառաջարկեմ ձեզ մոռանալ վրեժի մասին։ Բոլորովին ոչ։ Ես առաջարկում եմ հակառակը։ Երբեք մի մոռացեք, որ այդ բամբասկոտը ձեր պոտենցիալ թշնամին է։ Սակայն առաջին կարևոր բանը հանդարտվելն է։ Վերլուծիր և հիշիր նրա (այսինքն բամբասկոտի) բոլոր թույլ տեղերը։ Սկսած այչն բանից, որ ասենք նա չի սիրում, երբ իրեն Տիկո ասելու փոխարեն Տիգրան են ասում, վերջացրած ամենալուրջ պրոբլեմներով։ Երկրորդն այն է, որ այդ մարդու հետ պետք է զգույշ լինել։ Այսինքն, երբեք թույլ մի տուր նրա հանդեպ անհարգալից, կոպիտ վերաբերմունք։ Ոչ մի դեպքում նրա հետ վիճաբանության մեջ մի մտիր։ Պետք է նրան ցույց տալ, որ այնքան էլ չես սիրում իրեն, բայց ոչ մի փաստարկ նրա ձեռքը մի տուր։ Թող նա չիմանա, որ դու գիտես այդ տրամադրությունների մասին։ Թող կասկածի։ Երրորդը՝ թող ժպիտը հավերժ վերանա քո դեմքից, երբ դու խոսում ես բամբասկոտի հետ։ Մի փորձիր խորանալ պարզաբանումների մեջ։ Եթե ուզում ես նրան կատաղեցնել, միշտ եղիր մարզավիճակում։ Դու պետք է երջանիկ ձևանաս, նրա ներկայությամբ ուրիշների դեմքին հաճախ ժպտաս։ Այսինքն, պետք չէ ուրիշների հետ փչացնել հարաբերությունները ի հեճուկս բոլորի, եթե նրանք եղել են բամբասանքի պասիվ մասնակիցը։ Չորրորդ՝ ամենակարևորը. մի խուսափիր նրա հետ հանդիպել ու զրուցել։ Սակայն միշտ պետք է ինքդ ինքնավստահ լինես, որ նա իրեն անվստահ զգա։ Դա հատկապես հեշտ կլինի անել, երբ նա կասկածանքների մեջ է։ Օգտագործիր այն գրողների, փիլիսոփաների արտահայտությունները, որոնց մասին նա տեղյակ չէ։ Օգտագործիր այն բառերը, գիտելիքները, որոնք նա չի լսել և չգիտի, թե դրանք ինչ են նշանանում։ Բայց արա դա հանգիստ, ինքնավստահ և անշտապ։ Եթե ամեն ինչ անեք համահավաք, ապա արդյունքը կլինի դրական։ Բայց եթե ուզում եք լսել հոգեբանի պրոֆեսիոնալ խորհուրդը, ապա ես կասեմ, որ խորապես թքած ունեցեք նրանց վրա, ջնջեք նրանց ձեր կյանքից։ Եվ այդ բանը կարելի է անել սեփական տանը նստած։ P.Տ. Սակայն, եթե ինքներս մեզ հետ ազնիվ լինենք՝ մենք բոլորս էլ ինչ որ չափով բամբասկոտ ենք։ ԱՅՆՊԵՍ ՈՐ, ՄԻ ՎԻՐԱՎՈՐՎԵՔ։ հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |