11:30
Բացարձակ մեծամասնությունը մշտապես սխալվել է

«Ժողովուրդը որոշեց․․․», «Ժողովրդի ցանկությամբ․․․», «Ժողովուրդը հաղթեց․․․», «Ժողովուրդը պարտադրեց․․․», «Ժողովուրդն ու «Սանիտեկի» աղբամանները», ․․․ «Բացարձակ մեծամասնությունը չի կարող սխալվել՝ մեծամասնությունը ճի՛շտ է»․․․

Բայց մի վայրկյան․․․

Այն որ վերջին 10, 20 տարիները Հայաստանի համար դեգրադացիոն շրջան են եղել՝ միանշանակ է։

Անվիճարկելի է՝ անկումային գործընթացներն ու անկումային տրամադրությունները նշված ժամանակահատվածում մեր մշտական ուղեկիցն են եղել։ Պատճառը՝ իրականությունից կտրված իշխանություններն ու բթագույն ագահությունն են։ Դա անխուսափելիորեն բերում է պայթյունի։ Պայթյունը եղավ։ Արդարությունը վերականգնվում է։ Բոլորը գոհ են։ Համենայն դեպս, բացարձակ մեծամասնությունը։

Բայց թավշյա իշխանափոխությունը չի չեղարկել հասարակական գործընթացների նյութափոխականությունը (մետաբոլիզմ)։ Մետաբոլիզմի բնականոն ընթացքից շեղումը կամ դրա ռեակցիաների արհեստական (միտումնավոր) շեղումը բերում է պայթյունի։

Վերջին շրջանում «Բացարձակ մեծամասնությունը չի կարող սխալվել» կարգախոսի հեղինակները՝ անկախ նրանց սեռից, կրթական ցենզից, սեռական կողմնորոշումից, պաշտոնից խեղաթյուրում են հասարակական կյանքի բնականոն նյութափոխանակությունը։ Դա պակաս պայթյունավտանգ չէ, քան նախորդ իշխանությունների տապալված գործելավոճը։

Իմացե՛ք՝ բացարձակ մեծամասնությունը միշտ սխալ է եղել։ Առանց որևէ ենթատեքստի ընկալեք դարերով ապացուցված ճշմարտությունը։

Բացարձակ մեծամասնությունը խաչել տվեց Քրիստոսին։

Բացարձակ մեծամասնությունը համոզված էր, որ երկրագունդը տափակ է։

Բացարձակ մեծամասնությունը տասնյակ հազարավոր կանանց տվեց խարույկին, որովհետև համոզված էր, որ նիհար կինը վհուկ է։

Բացարձակ մեծամասնությունը հավատում է Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնացների լուսանկարների արժանահավատությանը։ Իրականում դրանք գոյություն չունեն․ ՆԱՍԱ-ն պատահաբար ջնջել է բոլոր լուսանկարների բնօրինակները։

Բացարձակ մեծամասնությունը ջայլմին վերագրում է վտանգի ժամանակ գլուխը ավազների մեջ թաքցնելու սովորությունը։ Պլուտարքոսի վառ երևակայության արգասիքը՝ իրականում իրականությանը չի համապատասխանում։

Բացարձակ մեծամասնություն՝ մարդը քանի զգայարան ունի՞։ Ոչ սխալվում ես՝ դրանք 5-ից ավելի են։

Ցանկն անսպառ է։ Անհերքելի փաստն այս վերաբերում է նաև քաղաքականությանը։ Զուգահեռներ չանցկացնելու զգուշավորությունից՝ չթվարկենք օրինակները։ Հավատացե՛ք, բացարձակ մեծամասնությունը մշտապես սխալվել ու մոլորվել է։

Սխալվել է այնքան, մինչև որ չի մարսել իրականությունը։

Այո՛, նախկին իշխանություններն՝ իրենց ամեն ինչով պետք է մնան նախկինում։ Բայց նորն ունենալու համար, բացարձակ մեծամասնություն, արդյո՞ք ԴՈՒ ունես անհրաժեշտ նյութափոխանակություն։

Հ․Գ․ Ասվածը չի վերաբերում արդարության հաստատման կամ համազգային/համամարդկային արժեքների հաղթարշավին (օր․՝ Արցախյան շարժում)։ Սա քննարկման այլ թեմա է։

Վ․ Մարգարյան

Категория: Խմբագրական | Просмотров: 9949 | Добавил: armenlur | Теги: Վ․ Մարգարյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0