12:10 Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը | |
|
Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա: Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3): Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
Վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:
Պահքը անպայման պետք է զուգորդվի աղոթքներով, որով կառաջնորդվենք դեպի ավետարանական ճշմարտություններ, դեպի հավատք, դեպի Աստված: Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի: Այդ կիրակիները կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ, որոնք կազմել են Հակոբոս Տյառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացին: Այդ կիրակիներն են`Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան: Այս անվանումներն ինքնըստինքյան ցույց են տալիս յուրաքանչյուր կիրակիի խորհուրդը, և բոլորը միսնաբար կազմում են «ոսկե շղթա», որոնցով ծանոթանում ենք մարդու անցած ճանապարհին` աշխարհի արարչագործությունից մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |