19:00
«Ավելորդը»․ Սերգեյ Դովլաթով (շարունակություն)

   Սկիզբն՝ այստեղ

Կաթսայատունը մռայլ, գետնանիստ շինություն էր` հսկա խողովակի ստորոտին: Դռան կողքին հառնել էր քարածխի կույտը: Հենց այդտեղ էլ թափված էին թիակները, երկու շրջված ձեռնասայլակ:

Ներսում խաղաղ գվվում էր երեք բաժանարար կաթսա: Մեկի մոտ մի թիկնեղ պատանի էր կանգնած: Ձեռքին` ծանր կրակխառնիչ: Հրակալներին վետվետում էր վարդագույն կրակը: Պատանին կնճռոտվում ու շրջում էր դեմքը:
     - Ողջո՛ւյն, - ասաց Բուշը:
     - Բարև՛, - պատասխանեց հնոցապանը: - Նորեկնե՞ր եք:
     - Հայտարարությունով ենք եկել:
     - Ուրախ եմ ծանոթանալու համար: Անունս Օլեգ է:
     Ասացինք մեր անունները:
     - Մտեք կարգավարական, - ասաց Օլեգը: - Ներկայացեք Ցուրիկովին:

     Մետաղադուռ փոքրիկ խցում կաթսաների աղմուկը խլացած էր: Քերծոտած սեղանին տեղեկագրեր ու գրաֆիկներ էին թափված: Սեղանի գլխին` էժանանոց բարձրախոսը: Նեղլիկ թախտին, երեսը թերթով ծածկած, քնած էր զինվորական հագուստով մի մարդ: Թերթը հազիվ նկատելի թրթռում էր: Սեղանի մոտ աշխատում էր ձիարշավորդի գլխարկով մեկը: Մեզ տեսնելով` գլուխը բարձրացրեց.

     - Նորեկնե՞ր եք:
     Հետո վեր կացավ ու պարզեց ձեռքը.
     - Ցուրիկով, ավագ կարգավար: Նստե՛ք:
     Նկատեցի, որ նախկին զինվորն արթնացավ: Խշշոցով երեսից քաշեց թերթը:
     - Խուդ, - կարճ ներկայացավ նա:
     - Մարդիկ պետք են, - ասաց կարգավարը: - Դժվար գործ չի: Իսկ հիմա եկեք ինձ հետ:
     Իջանք խախուտ սանդուղքով: Խուդը գալիս էր մեր հետևից: Օլեգը ձեռքով արեց ինչպես հին ծանոթների:
     Կանգ առանք ձախ կողմի կաթսայի մոտ, ընդ որում՝ այնքան մոտիկ, որ շոգը խփեց երեսիս:
     - Բացառիկ պարզունակ սարք է, - ասաց Ցուրիկովը: - Հնոց, հրակալներ, օդանցք… Ելքի ջերմությունը յոթանասուն աստիճան պիտի լինի: Հետադարձը` քառասունհինգ: Հերթափոխի ընթացքում պաստրաստում եք քարածուխը: Խորհուրդ չեմ տա սայլակը բերնեբերան լցնել. շուռ կգա… Բանթողին պետք է մաքրել հրակալները, քերել խարամը… Էսքան բան… Օրակարգը պարզ է. մի օր աշխատում, երեքը հանգստանում ենք: Վճարումը` գործավարձային: Ամսական հեչի պես հարյուր հիսուն կստանաք…

     Ցուրիկովը մեզ ուղեկցեց տղաների մոտ ու ասաց.

     - Հուսով եմ` լեզու կգտնեք: Չնայած բավական յուրօրինակ հասարակություն է: Օլեժկան, օրինակ, բուդդիստ է: «Ձեն» դպրոցի հետևորդ: Խաղաղություն է փնտրում սեփական ոգու տաճարում: Խուդը գեղանկարիչ է, համաշխարհային ավանգարդի ձախ թևը: Աշխատում է բնազանցական սինթետիզմի ավանդույթներով: Գերազանցապես իրեր է նկարում` արկղեր, տուփեր, ծածկոցներ…
     - Շարքը կոչվում է «Մեռյալ ճշմարտություններ», - շփոթմունքից շիկնած` շշուկով պարզաբանեց Խուդը:
     Ցուրիկովը շարունակեց.
     - Իսկ ես պարզ մարդ եմ: Ազատ օրերին զբաղվում եմ երաժշտության տեսությամբ: Ի դեպ, ի՞նչ կարծիքի եք Բրիտտենի բազմատոնային հավելումների մասին:
     Մինչ այդ Բուշը լուռ էր: Բայց հանկարծ դեմքը ծամածռվեց: Նա կարճ ու հատու ասաց.
     - Գնացինք էստեղից:
     Ցուրիկովն ու գործընկերները տարակուսած նայում էին մեր հետևից:
     Դուրս եկանք: Բուշը մի զայրալից մենախոսություն արտասանեց.
     - Սա կաթսայատուն չի: Սա, կներես, ինչ-որ Սորբոն է… Ես երազում էի սուզվել ժողովրդական կյանքի ընդերքը: Ուժ առնել ակունքներից… Իսկ էստե՞ղ: Ինչ-որ ձենբուդդիստներ ու մետաֆիզիկներ: Ինչ-որ ***ական բազմատոնային հավելումներ: Մի խոսքով, գնացինք տուն…
     Ուրիշ ի՞նչ անեինք:
     Գալինան մեզ դիմավորեց ցնծության ճիչերով:
     - Ո՜նց էի վացում, - ասաց նա, - ո՜նց էի վացում: Ոնց էիք մեղքս գավի՜ս…
     Էլի երեք օր անցավ: Գալինան մի քանի գիրք վաճառեց բուկինիստական խանութում: Ես շրջեցի Տալլինի խմբագրությունները: Պայմանավորվեցի արտահաստիքային աշխատանքի համար: Ինչ-որ փականագործից հարցազրույց վերցրի: Ռեպորտաժ արեցի արդյունաբերական ցուցահանդեսից: Ի հաշիվ գալիք հոնորարների՝ Շաբլինսկուց քսան ռուբլի խնդրեցի: Սովամահությունը հետաձգվեց:
     Ավելին, նույնիսկ առաջադիմում էի: Եթե Լենինգրադում ինձ շարքային լրագրող էին համարում, ապա այստեղ համարյա ականավոր գործիչ էի: Ավելի ու ավելի պատասխանատու առաջադրանքներ էին վստահում: Գրում էի գրական ու թատերական նորույթների մասին, ամենօրյա խորագիր էի վարում` «Այլ կարծիք», ֆելիետոններ էի հորինում: Իսկ ֆելիետոնն, ինչպես հայտնի է, ամենափնտրված ժանրն է թերթում: Կարճ ասած, բավական արագ սկսեցի ընթանալ վերելքի ուղիով:
     Ինձ սկսեցին հրավիրել խմբագրության թռուցկաժողովներին: Էլի մի ամսից` հիմնարկային երեկույթների: Հրապարակումներիս մասին արդեն խոսում էին էստոնական Կենտկոմում:
     Այդ ժամանակ վաղուց արդեն հեռացել էի Բուշից ու Գալինայից: Խմբագրությունը սենյակ էր տվել Տոմպի փողոցում. արտահաստիքային աշխատակցի համար աննախադեպ արտոնություն: Դա նշանակում էր` որոշել են շուտով հաստիքային աշխատանք տալ: Եվ իսկապես, մեկ ամսից հաստիքացուցակում էի:
     Խմբագիրն ասում էր.
     - Ապշելու հումորի զգացում ունեք: Ձեր բազմաթիվ աֆորիզմներ անգիր եմ հիշում: Օրինակ սա. «Երբ խիզախը լուռ է, վախկոտը սսկվում է…»: Ձեր որոշ ֆելիետոններ պատմում եմ տնային տնտեսուհուս: Ի դեպ, գերմանական գիմնազիա է ավարտել:
     - Հա՜, – ասում էի, - հիմա ամեն ինչ պարզ է: Հիմա հասկանում եմ որտեղից է ձեր անթերի պահվածքը:
     Խմբագիրը չէր նեղանում: Լիբերալ մտածողությամբ մտավորական էր: Ընդհանրապես իրավիճակն այն ժամանակ լիբերալ էր: Մերձբալթիկայում` առանձնապես:
     Բացի այդ, մտածված ու ճարպիկ էի կոպտում: Ծանոթներիցս մեկն այդ ոճը կոչում էր «հարգալից լկտիություն»:
     Արդեն ամենաքիչը երկու հարյուր հիսուն ռուբլի էի վաստակում: Նույնիսկ քիչումիչ կարողանում էի ալիմենտ վճարել:
     Համապատասխան ընկերներ էլ հայտնվեցին: Երիտասարդ գրողներ էին, նկարիչներ, գիտնականներ, բժիշկներ: Լիարժեք, լավ վաստակող մարդիկ: Մենք թատրոն ու ռեստորան էինք այցելում, մեկնում կղզիները: Մի խոսքով, ստեղծագործական մտավորականությանը բնորոշ կյանք էինք վարում:
     Այդ բոլոր ամիսներին հիշում էի Բուշին: Չէ՞ որ Տալլինը փոքրիկ, մտերմիկ քաղաք է: Ծանոթիդ գոնե շաբաթը մեկ հաստատ կհանդիպես:
     Բուշը իմ հաջողություններին չէր նախանձում: Ընդհակառակը, ուրախ կրկնում էր. «Գործի՛ր, ծերո՛ւկ: Մերոնք հանգուցային դիրքեր պիտի գրավեն պետության մեջ»:
     Բուշին պարտք էի տալիս: Մի քսան անգամ նրա փոխարեն վճարեցի Մյունդի-բարում: Այսինքն ինձ պահում էի ինչպես հարկն է: Ուրիշ ի՞նչ անեի: Հո պաշտոնս չէի՞ տալու:
     Ազնիվ խոսք, խույս չէի տալիս Բուշից: Պարզապես տարբեր սոցիալական խմբերում էինք:
     Ավելին, նույնիսկ պնդեցի, որ Բուշին նորից որպես արտահաստիքային հեղինակ օգտագործեն: Անկեղծ ասած, ստիպված էի զգալի դիմադրություն հաղթահարել: Նավապետ Ռուդիի պատմությունը դեռ չէր մոռացվել:
     Հասկանալի է, Բուշին արդեն քաղաքական նյութեր չէին վստահում: Կենցաղային, մարզական, մշակութային լուրեր էր գրում: Աշխատում էի նրա յուրաքանչյուր հրապարակում գովաբանել թռուցկաժողովում: Բուշը սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել խմբագրության միջանցքներում:
     Այդ ընթացքում փոքր-ինչ խամրել էր: Շալվարի մաշված ծնկները պսպղում էին: Պիջակն ակնհայտորեն մաքրման կարիք ուներ: Բայց ծերացող կանայք (իսկ նրանց թիվը մեծ է ուզածդ խմբագրությունում) Բուշին տեսնելիս շարունակում էին տառապագին կարմրել: Նշանակում է՝ նրա առավելությունները դրսից չէին, ներսում էին:
     Խմբագրությունում Բուշն իրեն համեստ ու քաղաքավարի էր պահում: Ղեկավարությանը բարևում էր գլխի լուռ շարժումով: Շարքային լրագրողների հետ նորություններ էր փոխանակում: Հաճոյախոսում էր կանանց:
     Հիշում եմ` խմբագրությունում նշվում էր մեքենագրական բյուրոյի վարիչ Լորեյդա Ֆիլիպովնա Կոժիչի վաթսունամյակը: Բուշը նրան մի քնքուշ փոքրիկ բանաստեղծություն նվիրեց.

Հառաչում եմ Լորեյդային հանդիպելիս…
     Ի՞նչ է հուշում սրա մասին Ֆրեյդը ինձ…

Դրանից հետո Լորեյդա Ֆիլիպովնան մի շաբաթ շարունակ պայծառացած ու գունատ էր միաժամանակ…
     Նոմենկլատուրային աշխատողները մի հրապուրիչ հատկություն ունեն: Հիշաչար չեն, թեկուզև հենց այն պատճառով, որ ծույլ են: Նրանց ուժը չի բավականացնում վրեժխնդիր մղումներին: Իսկական չարության համար մաքուր ոգեշնչում է հարկավոր: Բարեկեցության բազում տարիների ընթացքում զգացմունքները բթանում են զիջողամտության աստիճանի: Նրանց մտքերն այնքան անկենդան են, որ ժամանակ առ ժամանակ բարություն են հիշեցնում:
     «Սովետական Էստոնիայի» խմբագիրը բարեհոգի մարդ էր: Հասկանալի է՝ մինչև այն պահը, երբ չար ու դաժան էր դառնում: Քանի դեռ դրան չեն մղել համապատասխան հրահանգները: Հայտնի է, որ օրինավոր մարդը նա է, ով ստորություն անելուց հաճույք չի ստանում…
     Մի խոսքով, Բուշին թույլատրեցին տպագրվել: Սկզբում թղթակցությունները խիստ մանրակրկիտ էին խմբագրում: Հետո պարզ դարձավ, որ Բուշը փոխվել, հասունացել է: Նրա թղթակցություններն ավելի ու ավելի ծավալուն ու նշանակալի էին դառնում: Բուշի երեք թե չորս ակնարկները փոքրիկ սենսացիա առաջացրին: Նա զգալիորեն առանձնանում էր տեղի ժուռնալիստական կադրերի ֆոնին:
     Դեկտեմբերին խմբագիրը նորից խոսեց Բուշին հաստիքային տեղ տալու մասին: Բացի այդ, Բուշի համար պայքարում էին տեղկոմի բոլոր ծերացող կանայք: Ասենք, ես ու Շաբլինսկին էլ եռանդուն աջակցում էինք: Մի թռուցկաժողովում ասացի. «Պետք է ավելի լիարժեք օգտագործել Բուշին: Հակառակ դեպքում նրան կմղենք դեպի սայթաքուն դիսիդենտական ուղին…»:
     Բուշին աշխատանքի տեղավորելը գաղափարախոսական միջոցառման բնույթ էր ստանում: Գլխավոր խմբագիրը ժպտալով նայում էր նրա կողմը: Բուշի բախտը կարող էր վճռվել տեսանելի ապագայում:
     Մոտենում էր Նոր տարին: Ներհիմնարկային ավանդական երեկույթ էր նախատեսվում: Ինչպես նման դեպքերում ընդունված է` զգալիորեն ակտիվացան անբանները: Երկու հարբեցող էջկապ թռան օղու հետևից: Նամակների բաժնի հաստաբեստ օրիորդները բուտերբրոդներ էին պատրաստում: Արտագնա թղթակիցներ Ռուշկիսն ու Բոգդանովը սեղան էին գցում:
     Աշխատանքն այդ օրը սովորականից շուտ ավարտեցինք: Արտահաստիքային հեղինակներին խնդրեցին մնալ: Խմբագիրը կանչեց Բուշին և ասաց.
     - Հուսամ` երեկոյան կհանդիպենք: Ուզում եմ ձեզ հաճելի նորություն հայտնել:
     Աշխատակիցները թրև էին գալիս միջանցքներում: Առանձնապես անհամբերները կենցաղի բաժնում հավաքվեցին: Սենյակից լսվում էր բաժակների զնգոցը:
     Ոմանք գնացին տուն` հագուստը փոխելու: Ժամը վեցի կողմերը վերադարձան: Բուշը պճնվել էր արտասահմանյան ծխախոտագույն կոստյումով: Լաքած կոշիկները պսպղում էին: Վերնաշապիկը գրասենյակային շրշոց էր արձակում:
     - Հրաշալի տեսք ունես, - ասացի նրան:
     Բուշը ամաչկոտ ժպտաց.
     - Գալինան երեկ ատամները ծախեց: Երկու պլատինե շապիկ տարավ ոսկերիչին: Ու էս լծասարքն առավ: Դրանից հետ ոնց թողես նրան…
     Տեղավորվեցինք քարտուղարության ընդարձակ սենյակում: Ավարտական պատրաստություններն էին: Բոլորը բարձր էին խոսում, ծխում, ծիծաղում:
     Ընդհանրապես՝ խմբագրական հարբեցողությունները դեմոկրատիայի հաղթանակն են: Կարելի է գլխավոր խմբագրի հոգու հետ խաղալ: Ճշտել, թե ով է դարաշրջանի ամենահանճարեղ ժուռնալիստը: Դժգոհել որևէ մեկից: Աներևակայելի հաճոյախոսություններ անել: Կարելի է, օրինակ, այսպիսի ելույթներ լսել.
     - Լսի՛, ծերո՛ւկ, դու հսկա ես: Դու ֆոտոռեպորտաժի Պագանինին ես:
     - Իսկ դու, - լսվում էր ի պատասխան, - տնտեսական առաջնորդողի Շեքսպիրն ես…
     Այստեղ լուծվում են ընթացիկ սիրային կոնֆլիկտները: Դավեր են նյութվում: Թաքուն առաջադրվում են Պատվո տախտակի թեկնածուներ:
     Այլ կերպ ասած՝ ամենօրյա խմբագրական բարդակն այստեղ չափ ու կարգ է դառնում: Վերջնականապես տիրում է խմբագրությանը բնորոշ մթնոլորտ` իր լարված, տենդագին ստերջությամբ:
     Բուշը զարմանալիորեն խիստ ու զուսպ էր: Նստեց բազկաթոռին: Դարակից գիրք վերցրեց: Սուզվեց ընթերցանության մեջ: Գիրքը վերնագրված էր «Ուղղղագրության և կետադրության բարդ դեպքերը»:
     Վերջապես բոլորին հրավիրեցին սեղանի մոտ: Խմբագիրը սպասեց` կատարյալ լռություն տիրի և ասաց.
     - Բարեկամնե՛ր: Ահա և անցավ աշխատանքով հագեցած ևս մեկ տարի: Մենք հիշելու շատ բան ունենք: Ունեցանք և՛ դառնություններ, և՛ ուրախություններ: Եղան նվաճումներ ու անհաջողություններ: Սակայն ցանկանում եմ ասել, որ ընդհանուր առմամբ թերթը հասել է զգալի հաջողությունների: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լուրջ, արտահայտիչ ու խորաթափանց նյութեր հրապարակում: Ավելի ու ավելի քիչ ենք վրիպումներ ու սխալներ թույլ տալիս: Համոզված եմ, որ գալիք տարում ավելի համերաշխ ու համախմբված կաշխատենք… Այսօր ինձ զանգեցին Կենտրոնական կոմիտեից: Իվան Գուստավովիչ Կէբինն շնորհավորանքներն էր հղում ձեզ: Թույլ տվեք ի սրտե միանալ նրան: Շնորհավոր Նոր տարի, բարեկամնե՛րս…
     Դրանից հետո բազմաթիվ բաժակաճառեր եղան: Խմեցին գլխավոր խմբագրի և պատասխանատու քարտուղարի կենացը: Համեստ աշխատավորների` սրբագրիչների և մեքենագրուհիների համար: Արտահաստիքային թղթակիցների և ակտիվ բանթղթակիցների: Ինչ-որ մեկը խոսում էր քաղաքական զգոնության մասին: Ինչ-որ մեկն առաջարկում էր ֆուտբոլի թիմ ստեղծել: Խմբագրության ծախող Իգոր Գասպլը միմյանց թիկունք կանգնելու կոչ էր անում: Միշկա Շաբլինսկին բաժակ բարձրացրեց` մեր հմայիչ կանանց համար…
     Սենյակը լցվել էր ծխով: Բոլորը, բաժակներն առած, ցրվել էին այսուայնկողմ: Ուտելիքն արագ հալվում էր:
     Տորշինան, կենցաղի բաժնից, համոզում էր խմբովի երգել: Բըկովերը պարտքերն էր վերադարձնում: Տնտեսվար Մելեշկոն վշտացած էր.
     - Ըստ երևույթին էդպես էլ չեմ իմանա` ով թռցրեց հանրային ջեռուցիչը…
     Շուտով հայտնվեց հավաքարար Հիլդան: Սենյակն ազատելու ժամանակն էր:
     - Մի տասը րոպե էլ, - ասաց խմբագիրն ու անձամբ Հիլդային մեկնեց շամպայնի գավաթը:
     Հետո շեմին հայտնվեց գլխավոր խմբագրի կինը` Զոյա Սեմյոնովնան: Ձեռքին մելքիորե հսկա սկուտեղ էր: Վրան նրբաձայն զնգում էին սուրճի գավաթները:
     Մինչ այդ Բուշն անշարժ նստած էր: Բաժակը դրել էր ռադիոլայի կափարիչին: Ծնկներին բաց տեղեկատուն էր:
     Հետո Բուշը վեր կացավ: Լայն ժպտալով` մոտեցավ Զոյա Սեմյոնովնային: Անսպասելիորեն ինչ-որ սրընթաց ֆուտբոլային շարժում արեց: Հետո լաքած կոշիկի զորեղ հարվածով դեն շպրտեց սկուտեղը ապշահար կնոջ ձեռքերից:
     Սենյակը լցվեց զրնգոցով: Սուրճով խաշված աշխատակիցները սուր ճիչեր էին արձակում: Լյուբա Տորշինան ծղրտաց և ուշաթափվեց…
     Չորս արտահաստիքային բռնեցին Բուշի ձեռքերը: Բուշը չէր դիմադրում: Դեմքին քարացել էր երջանիկ ժպիտը:
     Ինչ-որ մեկն արդեն զանգել էր միլիցիա: Ինչ-որ մեկը` «շտապօգնություն» …
     Երեք օր անց Բուշին զննեց հոգեբուժական հանձնաժողովը: Նրան միանգամայն մեղսունակ ճանաչեցին: Արդյունքում` դատեցին խուլիգանության համար: Բուշը երկու տարի ստացավ, պայմանական:
     Դեռ լավ է, որ խմբագիրը ավելի խիստ պատիժ չէր պահանջել: Այսինքն` Բուշը էժան պրծավ: Բայց ժուռնալիստիկայի մասին մտածելն արդեն ծիծաղելի կլիներ…
     Այստեղ մի ամսից Բուշին կորցրի տեսադաշտից: Մեկնել էի Լենինգրադ` ընտանեկան գործերս կարգավորելու: Վերադառնալով` զանգեցի նրան. հեռախոսը չէր աշխատում:
     Բուշին չէի մոռացել: Հույս ունեի, որ քաղաքի կենտրոնում կհանդիպեմ: Այդպես էլ եղավ:
     Բուշը կանգնել էր լուսանկարչատան ցուցափեղկի առաջ ու ինչ-որ ժպտուն հրեշների էր զննում: Ձեռքին կիսատ ֆրանսիական բուլկի կար: Ամեն ինչ խոսում էր կատարյալ պարապության մասին:
     Առաջարկեցի մտնել «Կունգլա» բար: Հենց կողքներիս էր: Բուշը ասաց.
     - Էնտեղ պարտք ունեմ:
     - Շա՞տ:
     - Վեց ռուբլի:
     - Ավելի լավ, - ասում եմ, - համ էլ պարտքը կփակենք:
     Հանվեցինք, բարձրացանք երկրորդ հարկ, նստեցինք պատուհանի տակ:
     Ուզում էի հասկանալ` ինչ էր կատարվել: Հանուն ինչի՞էր այդ վայրագ արարքը: Ի՞նչ էր` նյարդային պոռթկո՞ւմ: Գիտակցության մթագնո՞ւմ:
     Բուշն ինքը խոսեց թեմայից.
     - Հասկացի՛ր, ծերո՛ւկ: Խմբագրությունում միայն բորենիներ են:
     Հետո ուղղեց.
     - Բացի քեզանից, Շաբլինսկուց ու չորս թշվառ պառավներից… Մի խոսքով, խոզերը գերակշռում են: Եվ ահա էդ ապուշ երեկույթն է: Ու սկսվում են էդ բոլոր անպատկառ խոսակցությունները: Իսկ ես նստել ու սպասում եմ, թե հաստաքամակ խմբագիրը երբ է ինձ երջանկացնելու: Ու ծլում է էդ ծուռոտ Զոյկան` սկուտեղով: Ու բոլորը մի՛ բան են ուզում` քացով տալ էդ ***ական սկուտեղին: Եվ էստեղ հասկացա` վրա է հասել պատասխանատու պահը: Հիմա կվճռվի` ով եմ ես: Ասպե՞տ, ինչպես ասում է Գալկան, թե՞ աղբ, ինչպես պնդում են մնացած բոլորը: Եվ էդ ժամանակ վեր կացա ու…
     Մոտ մի ժամ նստեցինք բարում: Պիտի խմբագրություն գնայի: Հարցազրույց էի վերցնելու ինչ-որ առաջադիմական ֆրանսիացուց:
     Հարցրի.
     - Ո՞նց է Գալինան:
     - Ոչինչ, - ասաց Բուշը, - վիրահատություն տարավ… Ինչ-որ կանացի բան էր…
     Իջանք սպասասրահ: Հաշմանդամ հանդերձապահը փայտե արգելապատի հետևը թերմոսից թեյ էր խմում: Բուշը նրան պարզեց ալյումինե համարը:
     Հանդերձապահը հանկարծ զայրացավ.
     - Համարը թվով ներքև հանձնելն իսկական բռիություն է:
     Բուշը լսեց ու ասաց.
     - Ամեն մարդ իր խնդիրներն ունի…
     Դրանից հետո հազվադեպ էինք տեսնվում: Շատ զբաղված էի խմբագրությունում: Նաև պատմվածքներիս ժողովածուն էի պատրաստում տպագրության:
     Մի անգամ Բուշին ձիարշավարանում հանդիպեցի: Ընկած մարդու տեսք ուներ: Հարկ եղավ մի քիչ փող տալ: Բուշը շնորհակալություն հայտնեց ու անմիջապես վազեց խմիչքի հետևից: Չսպասեցի նրան: Հեռացա:
     Հետո երկու անգամ հանդիպեցինք փողոցում ու տրամվայում: Բուշը վերջնականապես կործանվել էր: Մենք խոսելու բան չունեինք:
     Ամռանն ինձ ուղարկեցին բուլղարական կինոփառատոնին: Առաջին արտասահմանյան գործուղումս էր: Այսինքն` իմ հանդեպ քաղաքական վստահության նշան և իմ օրինավորության ակնհայտ վկայություն:
     Վերադառնալով՝ ապշեցուցիչ պատմություն լսեցի:
     Տալլինում տոնում էին Նոյեմբերի 7-ը: Շքերթավորների շարասյուները շարժվում էին դեպի քաղաքի կենտրոն: Կառավարական տրիբունան Կենտրոնական կոմիտեի շենքի դիմաց էր: Երաժշտություն էր հնչում: Հրապարակում թռչում էին փուչիկները: Հաղորդավարը ողջույններ ու շնորհավորանքներ էր բղավում:
     Մարդիկ ցուցապաստառներ ու առաջնորդների նկարներն էին տանում: Միլիցիոներները կարգ էին պահպանում: Բոլորի տրամադրությունը բարձր էր: Ինչ էլ ասես, համենայնդեպս տոն է:
     Շքերթավորների մեջ էր նաև Բուշը` ձեռքին փայտե կոթով նրբատախտակի մի կտոր: Ձյուն մաքրելու թիակի նման: Վրան կանաչ գուաշով մեծ-մեծ գրած էր.
     «Արժանի հակահարված տանք համաշխարհային իմպերիալիզմի թշնամիներին»:
     Այդ պաստառը ձեռքին` Բուշը Կադրիորգից հասավ դաշնամուրի գործարան: Եվ միայն այնտեղ միլիցիոներները վերջապես գլխի ընկան: Ովքե՞ր են էդ «կապիտալիզմի թշնամիները»: Ո՞ւմ ենք «արժանի հակահարված» տալու…
     Բուշը չէր դիմադրում: Խցկեցին փակ սև մեքենան ու հասցրին Պագարի փողոց: Երեք րոպեից նրան հարցաքննում էր անձամբ գեներալ Պորկը:
     Բուշը հարցերին հանգիստ ու անշփոթ էր պատասխանում: Իր մեղավորությունը կտրականապես ժխտում էր: Ասում էր, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, սխալ՝ ցրվածության պատճառով:
     Գեներալը ժամուկես խոսում էր Բուշի հետ: Առժամանակ քաղաքավարի էր, հետո անսպասելի բարձրացրեց ձայնը: Բուշին մեկ Էռնստ Լեոպոլդովիչ էր մեծարում, մեկ գոռում էր «Կգնդակահարեմ, շո՛ւն»:
     Ի վերջո, արդարանալը ձանձրացրեց Բուշին: Նա թուղթ ու մատիտ խնդրեց: Գեներալը թեթևացած շունչ քաշեց ու նրան պարզեց ինքնահոս գրիչը.
     - Անկեղծ խոստովանությունը կարող է թեթևացնել ձեր պատիժը…
     Մի րոպեի չափ Բուշը նայում էր պատուհանի կողմը: Հետո ժպտաց ու գեղեցիկ, շեղ ձեռագրով գրեց.
     «Հայտարարություն»:
     Ապա.
     «1. Խորին մտահոգությունս եմ հայտնում Մերձբալթիկայի և Անդրկովկասի քրիստոնյա-բապտիստների ճակատագրի վերաբերյալ:
     2. Ամերիկյան մտավորականությանը կոչ եմ անում միանշանակ արձագանքել Կրեմլի չարաշահումներին քաղաքացիական ազատությունների բնագավառում:
     3. Իմ պատմական հայրենիքը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անարգել վտարանդվելու իրավունք եմ պահանջում:
     Ստորագրությունը` Էռնստ Բուշ, խղճի կալանավոր»:
     Գեներալը կարդաց հայտարարությունն ու գցեց աղբարկղը: Նա որոշեց հին ու փորձված մեթոդը կիրառել: Պարզապես վեր կացավ ու անխոս դուրս եկավ սենյակից:
     Դա, որպես կանոն, անվրեպ էր ազդում: Առանձնասենյակում մնացած հարցաքննվողններն ահավոր նյարդայնանում էին: Անորոշությունը ցանկացած սպառնալիքից ավելի էր վախեցնում: Մարդիկ սկսում էին վերլուծել իրենց պահվածքը: Տենդագին փրկության ելքեր էին որոնում: Խճճվում անհեթեթ խորամանկությունների ոստայնում: Տառապագին սպասումը նրանց վերածում էր դողացող անասունի: Գեներալը հենց դրան էլ ձգտում էր:
     Նա վերադարձավ քառասուն րոպեից: Եվ այն, ինչ տեսավ, ապշեցրեց: Բուշը անխռով քնել էր` գլուխը արձանագրությունների տրցակին:
     Հետագայում գեներալը պատմում էր.
     - Ի՜նչ ասես չի պատահել իմ առանձնասենյակում: Մարդիկ երակներն էին կտրում: Մոխրամանում վառում նոթատետրերը: Փորձում էին դուրս թռչել պատուհանից: Բայց որ քնե՜ն, առաջին անգամն էր…
     Բուշին տարան հոգեբուժարան: Տեղի ունեցածը գեներալին հոգեկան խանգարման ակնհայտ նշան էր թվում: Հնարավոր է` դա հեռու չէր իրականությունից:
     Բուշին բաց թողեցին միայն կես տարի անց: Այդ ընթացքում իմ կյանքում էլ փոփոխություններ եղան:
     Դժվար է հիշել, թե այդ ամենն ինչից սկսվեց: Երկու անգամ ինչ-որ ավելորդ բան ասացի: Վիճեցի Գասպլի հետ, որը համապատասխան մարմինների մարդն էր: Մի անգամ հարբած ներկայացա Կենտկոմ: Էստոնիայի գրողների կոնֆերանսում առարկեցի անձամբ ընկեր Լիպպոյին…
     Թերթում կարիերա անելու համար մշտական ջանադրություն է պահանջվում: Կանգ առնելը անձնատուր լինել կնշանակի: Ըստ երևույթին, ես դրա համար չէի ծնվել: Տեղապտույտ անելով` ինչ-որ մակարդակի վրա արգելակեցի ու` վերջ…
     Հիշեցին, որ առանց տալլինյան գրանցման եմ աշխատում: Տեղեկացան մասնակի հրեական ծագմանս մասին: Ասենք, Բուշի հետ կապերն էլ չէին ամրապնդում իմ հեղինակությունը:
     Ի լրումն` Էստոնիայում քաղաքական անկարգություններ սկսվեցին: Մի խումբ այլախոհներ հանրագրով դիմեցին Վալդհայմին: Ժողովրդավարացում ու ինքնորոշում էին պահանջում: Երեք օրից նրանց հուշագիրը հրապարակեց արևմտյան ռադիոն: Մեկ շաբաթ անց Մոսկվայից ցուցում ստացվեց. ուժեղացնել դաստիարակչական աշխատանքը: Դա նշանակում էր` մեկնումեկին պաշտոնանկ անել, վռնդել, աստիճանն իջեցնել: Այս ամենը, հասկանալի է, անկախ հուշագրի հեղինակների գործի քննությունից…
     Տնտեսվար Մելեշկոն խմբագրությունում ասում էր.
     - Կարող էին դիմել իրենց ղեկավարությանը: Էդ ի՜նչ Հայմ են մոգոնել…
     Ես հարմար էի գալիս բռնաճնշումներին: Եվ ինձ ազատեցին: Միաժամանակ` տպարանում ոչնչացվեց պատմվածքներիս համարյա պատրաստի ժողովածուն: Եվ այդ ամենը` որ Կրեմլի պետերին զեկուցեն, թե միջոցները ձեռք են առնված:
     Ես, իհարկե, միակ զոհը չէի: Այդ նույն օրերին փակվեց ձիարշավարանը` բուրժուական տրամադրությունների բուծարանը: Ժուռնալիստների միության բուֆետում դադարեցվեց ոգելից խմիչքների վաճառքը: Խանութներից անհետացավ ապուխտը: Չնայած դա արդեն ուրիշ պատմություն է…
     Մի խոսքով, էստոնական լիբերալիզմի վերջը եկավ: Ժողովրդի լավագույն մասը` երկու երիտաարդ գիտնական, անցավ ընդհատակ…
     Ինձ զրկեցին հաստիքային պաշտոնից: Առաջարկեցին հեռանալ «սեփական ցանկությամբ»: Նորից խորհուրդ տվեցին բանթղթակից դառնալ: Մերժեցի:
     Լենինգրադ վերադառնալու ժամանակն էր: Մանավանդ, որ ընտանեկան կյանքն էլ կարող էր կարգի ընկնել: Տարածությամբ բաժանված՝ մարդիկ խելամիտ են դառնում:
     Տոմպի փողոցում իրերս էի հավաքում: Հանկարծ հեռախոսը զնգաց: Ճանաչեցի Բուշի ձայնը.
     - Ծերո՛ւկ, սպասի ինձ: Թռչո՜ւմ եմ: Ավելի ճիշտ, ոտով եմ գալիս: Մի կոպեկ փող չունեմ: Բայց արժեքավոր նվեր եմ բերում:
     Իջա գինի առնելու: Քառասուն րոպեից հայտնվեց: Տեսքը ավելի լավ էր, քան կես տարի առաջ: Հարցրի.
     - Գործերը ո՞նց են:
     - Ոչինչ:
     Բուշը պատմեց, որ հաշվառված է հոգեբուժարանում: Ու նաև պարբերաբար քարշ են տալիս պետանվտանգություն:
     Հետո Բուշը մի քիչ աշխուժացավ ու ձայնն իջեցրեց.
     - Ահա, քեզ համար եմ բերել, ի հիշատակ:
     Նա արձակեց պիջակը: Ծոցից մի քառածալ թուղթ հանեց: Գոհունակ տեսքով պարզեց ինձ:
     - Էս ի՞նչ է, - հարցրի:
     - Պատի թերթ:
     - Ի՞նչ պատի թերթ:
     - ՊԱԿ-ի տեղական բաժանմունքի: Վերնագիրը տեսնո՞ւմ ես` «Վահան և սուր»: Լիքը հետաքրքիր բան կա: Ինչ-որ ավագի քննադատում են հարբեցողության համար: Ֆարցովշչիկների մասին հոդված կա: Էս էլ՝ խուլիգանների վերաբերյալ բանաստեղծություն.

Ու պճնամոլը շշով հարվածեց
     Շքանշաններ վաստակած ծերին:
     Նրա ալեհեր ծոծրակը բացվեց,
     Արյունն է հորդում` ինչպես աղբյուրից…

- Ինչ կա որ, - ասաց Բուշը, - վատ չի:
     Հետո սկսեց պատմել, թե ինչպես է թռցրել պատի թերթը:
     - Կանչում է էդ խփնված Սորոկինը: Էլի իր ապուշ խոսակցություններն է սկսում: Ես բոլոր փաստարկները հերքում եմ Մարքսի մեջբերումներով: Սորոկինը գնում է: Ինձ մենակ է թողնում իր պիդառածային առանձնասենյակում: Մտածում եմ` ի՞նչ վերցնեմ, Սերյոգային ի հիշատակ: Տեսնեմ` պատի թերթը պահարանի գլխին: Վերցրի, խոթեցի վերնաշապիկիս տակ: Ընծայում եմ որպես հուշանվեր:
     - Արի՛, - ասում եմ, - վառենք, կորչի գրողի ծոցը: Փորձանքից հեռու:
     - Արի՛, - համաձայնեց Բուշը:
     Մենք կտոր-կտոր արեցինք պատի թերթն ու վառեցինք զուգարանակոնքում:
     Արդեն ուշանում էի: Տաքսի կանչեցի: Բուշը հետս եկավ կայարան:
     Կառամատույցում նա բռնեց ձեռքս.
     - Ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ինչո՞վ օգնեմ:
     - Ամեն ինչ կարգին է, – ասում եմ:
     Բուշը մի պահ մտքի մեջ ընկավ. տառապանքով ինչ-որ որոշում էր կայացնում:
     - Կուզե՞ս, - ասաց նա, - ամուսնացիր Գալինայի հետ: Զիջում եմ, ընկերաբա՛ր: Կարողանում է ծաղիկներ նկարել. կծախեք: Մի ամսից սիամական փիսիկներն են ծնվելու: Ամուսանացիր, չես զղջա:
     - Ես, - ասում եմ, - ճիշտն ասած, ամուսնացած եմ:
     - Դո՛ւ գիտես, - ասաց Բուշը:
     Ես գրկեցի նրան: Հետո նստեցի գնացք:
     Բուշը միայնակ կանգնել էր կառամատույցին: Կարծեմ չեմ ասել, որ փոքրամարմին էր:
     Ձեռքով արեցի: Ի պատասխան Բուշը բարձրացրեց բռունցքը` «ռոտ ֆրո՛նտ»: Հետո մատները չռեց` «վի՛կտորի»:
     Գնացքը շարժվեց:

Արդեն վեցերորդ տարին է` ապրում եմ Ամերիկայում: Կինս ու աղջիկս` Կատյան, ինձ հետ են: Հերթական ջինսը առնելով` Կատյան քառասուն րոպե տրորում է ոտքերով: Հետո ծնկներն է ծակծկում…
     Վերջերս մեկը ձայն տվեց Բրուքլինում: Հետ նայեցի ու ճանաչեցի Գրիշանյային: Նրան, որ ինձ Տալլին էր հասցրել:
     Մտանք ռեստորան: Գրիշանյան պատմեց, որ ընդամենը կես տարի է նստել: Հետո հաջողվել էր ինչ-որ մեկին կաշառք տալ, ու նրան բաց էին թողել:
     - Որ առել ես, կարողացի տալ, - փիլիսոփայորեն նկատեց Գրիշանյան:
     Հարցրի` ո՞նց է Բուշը: Նա ասաց.
     - Գաղափար չունեմ: Շաբլինսկուն պատասխանատու քարտուղար են նշանակել…

 Պայմանավորվեցինք, որ կզանգվենք: Ես այդպես էլ չզանգեցի: Ինքն էլ…
Մի ամիս առաջ թերթերում կարդացի նավապետ Ռուդիի մասին: Չորս տարի նստել էր Մորդովիայում: Հետո ինչ-որ կազմակերպություններ էին միջամտել: Նավապետին ժամկետից շուտ ազատել էին: Հիմա ապրում է Համբուրգում:
Բուշի մասին ո՜ւմ ասես հարցուփորձ չեմ արել: Ըստ որոշ տեղեկությունների` Բուշը բանտում է: Այլ տեղեկություններով` ամուսնացել է ձկնարդյունաբերության մինիստրի այրու հետ: Երկու վարկածն էլ ճշմարտանման են: Ու երկուսն էլ դառնություն են պատճառում:

Որտե՞ղ է հիմա նա` այլախոհ ու սրտակեր, շիզոֆրենիկ, պոետ ու հերոս, խաղաղության խռովարար Էռնստ Լեոպոլդովիչ Բուշը:

Թարգմանությունը ռուսերենից` Ներսես Աթաբեկյանի

Աղբյուրը՝ tarntercum.ru

Категория: Մտորման համար | Просмотров: 250 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0