10:15 Արբակ Խաչատրյան․ «Փորձարկումները այս երկրում պետք է մեկընդմիշտ դադարեցվեն» | |
|
Փետրվարի 17-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ -Հայաստանը կրկին մտնում է ներքաղաքական տուրբուլենտության փուլ՝ մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Զուգահեռաբար տարածաշրջանում նորից անհանգիստ է։ Առաջնահերթությունների առումով՝ ինչպիսի՞ ռազմավարություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները։ - Գեոքաղաքական առումով ամենաառանցքային խնդիրներից մեկն այն է, որ երբ տեղի ունեցող իրադարձությունների մասին շատ ավելի վաղ ահազանգում ես, խոսում դրանց հետևանքների մասին մարդիկ, այդ թվում՝ պաշտոնյաները չեն հավատում։ Այդ կանխատեսումները պարզապես անտեսվում են, դրանք տեղ չեն հասնում։ Իսկ երբ, ասենք, 5 տարի առաջ արված վերլուծություններն ու դրանցից բխող կանխատեսումները դառնում են ցավոտ իրականություն, հակադարձում են, թե «համընկնումները զուգադիպություն էին», կամ՝ «Ձեր կանխատեսումների իրականություն դառնալը պատահականություն էր»․․․ Բացարձակապես զուգահեռներ չեմ ուզում անցկացնել, սակայն Կասանդրայի պատմությունն անընդհատ կրկնվում է։ Դեռևս տարիներ առաջ ես Ռուսաստանի կառավարական և պատկան մարմիններին ահազանգում էի՝ հրաժարվեք «Թուրքական հոսք»-ը կառուցելու գաղափարից։ Այդ գազամուղի կառուցումը Թուրքիան որպես լծակ օգտագործելու է ձեր իսկ դեմ։ Այսօր մենք դրա ականատեսն ենք։ Պատմությունը գիտենք․ ինչպես ստեղծվեց Թուրքիա պետությունը, ինչպես այն հզորացավ և տարածաշրջանում ու աշխարհում դարձավ այնպիսի խաղացող, որի հետ հաշվի են նստում։ Իմանալով անցյալը, վերլուծելով ներկան՝ չափազանց կարևոր է ճիշտ եզրահանգումներով փորձել հասկանալ առաջիկա գործընթացների հնարավոր վտանգները, ինչպես նաև սահմանել այն քայլերի հերթականությունը, որոնք կնպաստեն նույն այդ գործընթացներից օգուտ քաղելուն։ Ես արդեն բավականին ժամանակ է ինչ Հայաստանում եմ։ Անմիջական կապի մեջ եմ Վրաստանի տարբեր շրջանակների հետ։ Ահռելի աշխատանք է տարվում ռեգիոնի երկու քրիստոնեական երկրների միջև իրական և արդյունավետ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Մինչդեռ բոլորը «հեռատես» քաղաքագետներ ու վերլուծաբաններ են։ Միացնում ես հեռուստացույցը, մտնում ես համացանց ու ապշում ես․․․ Իսկ այսօր պոպուլիզմի վրա նստած, բացառապես ճոռում են 20 տարի երկրի թալանի մասին։ - Ո՞րն է պոպուլիզմը։ - Թեկուզ այն փորձարկումները որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Ինձ անհատները չեն հետաքրքրում․ կլինի դա առաջին, երկրորդ, թե երրորդ նախագահը։ Սխալ, ոչ մի տեղ չտանող քաղաքականության մասին միշտ եմ բարձրաձայնել։ Դա արել եմ նաև Ռուսաստանում՝ աշխատելով ՌԴ նախագահի աշխատակազմում։ Սահմանադրական հանրաքվեն պետք է կատարվեր անմիջապես հեղափոխությունից հետո։ Ընդ որում՝ պետք է վերանայվեր ամբողջ Սահմանադրությունը, այլ ոչ թե ՍԴ դատավորներից ազատվելուն ուղղված մեկ դրույթ։ 1996թ-ից սկսած, իսկ 2005թ-ից փոփոխված Սահմանադրության շրջանակում Հայաստանի հասարակությունը կեղեքվում է։ Պատկերացնո՞ւմ եք ինչ է տեղի ունեցել։ Մարդիկ 30, 40 տարի ինչ որ բան են ստեղծել բանկային համակարգը 2 րոպեում ամեն ինչ սրբել տարել է։ Ու մինչև հիմա այդ հանցագործ սխեման աշխատում է՝ գյուղերով ընկած ինչ-որ ծառայություններ են առաջարկում։ Երբ մարդիկ ասում են, թե գումար չունենք, վարկերի տակ ենք, ասում են՝ «թող հարևանդ երաշխավոր կանգնի»։ Սա խայտառակություն է։ Փոխանակ բանկային համակարգը ներգրավվի երկրի ենթակառուցվածների արդիականացմանը և այլն, շարունակում է բզկտել ժողովրդին՝ պաշտպանված լինելով նույն դատական իշխանությամբ։ Եվ այս պարագայում ինչ-որ 7 դատավորից ազատվելու համար հսկայական գումարներ ծախսել ու Սահմանադրության մեկ կետ փոխելը՝ փորձարկո՞ւմ չէ։ Պոպուլի՞զմ չէ։ Ի՞նչ է արվում այս հանցագործ սխեմայի դեմն առնելու ուղղությամբ։ Ոչինչ։ Բանկային համակարգն իր գիշատիչ ախորժակով նույն ոգևորությամբ աշխատում է այսօրվա իշխանության համար։ Իսկ հարցը կարելի էր կարգավորել ամբողջ Սահմանադրության վերանայմամբ։ Հեղափոխությունից հետո պետք էր ժամանակավոր կառավարություն ստեղծվեր՝ 1 տարի հետո ընտրություններ անցկացնելով։ - Հիմա է անում․․․ -Ո՛չ։ Դա քաղաքագիտական նոնսենս է։ Կա նաև կորսված հնարավորությունների ժամանակ։ Հենց դա է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Սեփական իշխանությունը ուժեղացնել ամենևին չի նշանակում հզորացնել երկիրդ։ Ճիշտ հակառակը։ -Հայաստանի ներքաղաքական իրավիճակին դեռ կանտրադառնանք։ Վերադառնանք կանխատեսումներին։ Տարիներ առաջ հրապարակված Ձեր «Միջուկային ձմռան նախաշեմին» (https://argumenti.ru/world/n517/426683) հոդվածում խոսվում էր այն մասին, ինչն այսօր տեղի է ունենում ռուս-թուրքական, ռուս-ուկրաինական հարաբերություններում, Սիրայում։ Սատացվում է, որ Ռուսաստանի քաղաքական շրջանակները ևս ականջալուր չեղա՞ն Ձեր մտահոգություններին ու զգուշացումներին։ Սակայն, դա չի էականը։ Ցավալին այն է, որ հետևանքները ժամանակին չեն հաշվարկվում։ Եթե ժամանակին Վիլնյուսում ՌԴ նախագահ Պուտինը քարտ-բլանշեր չտար Յանուկովիչին ու Սերժ Սարգսյանին, Ուկրաինայում պատերազմ չէր լինի, Հայաստանում ներքաղաքական ցնցումներ չէին լինի։ Այդ մասին հրապարակավ հանդես էի եկել «Առավոտ» օրաթերում։ Նույն Սերժ Սարգսյանին ասում էի՝ եթե քո տնտեսությունն ու այլ առանցքային ոլորտները մեծապես կախված են Ռուսաստանից, դու ո՞նց ես սիրախաղում Եվրոպայի հետ։ Ո՞ւմ ես փորձում խաբել։ Երկիրդ կայունացրո՛ւ, դարձիր ինքնուրույն խաղացող, հետո կերևա, թե որ աշխարհաքաղաքական բեևեռների հետ ոնց ես համագործակցելու։ Նույնը վերաբերում է «Թուրքական հոսքին»։ Փաստացի Ռուսաստանը չի կարողանում իր գազը տարհանել սլավոնական երկրների միջոցով, փոխարենը բռնում է Թուրքիայի «պոչը»։ Ռուս-թուրքական հերթական ճգնաժամը խորանալու է։ Եվ սա նաև պատմական օրինաչափություն է։ - Պետական կառավարման տեսանկյունից ռիսկերի հաշվարկումը արդյո՞ք առանձին մասնագետների գործառույթն է։ - Ինստիտուտներ պետք է կայանան։ Սակայն, այդ ինտիտուները անհատներով են կառուցվում։ Այսօր ես փորձում եմ միավորել Հայաստանի և Վրաստանի ինտելեկտուալներին։ Մեծ աշխատանք է այս ուղղությամբ տարվում։ Շատ եմ ուզում, որ մտավորականները պայքարեն այն վտանգների դեմ, որոնք անտեսվելու պատճառով կայսրություններ վերացան։ Ինչո՞ւ փլուզվեց Բյուզանդիան, որը եվրոպական նոր մշակույթի հիմնասյուններից մեկն էր։ Ինչպե՞ս Կոստանդնուպոլիսը դարձավ Ստամբուլ։ Պետական համակարգը սպառվել էր, այն ի վիճակի չէր այլևս գնահատել տեղի ունեցող գործընթացները։ Մենք իրականում լրջագույն լծակներ ունենք դիվանագիտական և իրավական ճանապարհով Թուրքիային խնդիրների առաջ կանգնեցնելու։ Սակայն ոչ թե տասնամյակներով ոչինչ չի արվում, այլ սեփական կարողությունները չեն գիտակցվում։ Մեր պետական քաղաքականությունը տևական ժամանակ ուրիշների պարտադրած սխեմաներով է շարժվում։ Սեփական գիծ չունենք։ Եվ տպավորություն է, որ ոչ ցանկություն կա, ոչ էլ դրա անհրաժեշտության գիտակցումը։ Այս և այլ գլոբալ ուղղություններով է պետք աշխատել։ Սակայն դրա համար պետական իստիտուտներդ պետք է կայացնես, այլ ոչ թե գնաս անվերջ փորձարկումների ճանապարհով։ - Ասեցիք, որ, Ձեր անմիջական մասնակցությամբ, ինտելեկտուալների համախումբը Վրաստանում այլևս իրականություն է։ Որքանո՞վ է այս միավորը ազդեցիկ երկրի ներքին կյանքում։ Այսօր մշակութային կապերի զարգացմանը զուգահեռ պետք է արագ տեմպերով զարգացնել տնտեսական համագործակցությունը։ Երկու երկրների միջև ենթակառուցվածքային կապը շատ ցածր մակարդակի վրա է։ Ռազմավարական տեսանկյունից դա խիստ անցանկալի է։ Փոխարենը, Թուրքիայի ու Ադրբեջանի էքսպանսիան Վրաստանում օր-օրի հզորանում է։ Բաթումը թուրքական կապիտալի կենտրոնի է վերածվել։ Այսօր Ադրբեջանն արդեն մշակութային, կրթական ծրագրերի հովանավոր է դարձել Վրաստանում։ Դուք պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները մի քանի տարի հետո։ Եվ ի՞նչ ենք մենք անում։ Ես հարցրեցի վրացիներին, ինչո՞ւ Հայաստանի հետ նույնատիպ ծրագրեր կյանքի չեք կոչում։ Պատասխանն իսկապես հիասթափեցնող էր․ «Հայերին միայն առևտուրն է հետաքրքրում»։ Թբիլիսին կառուցած հայերի ժառանգներն այսօր հիմնականում կամ շուկաներում առևտրով են զբաղված, կամ էլ տաքսու վարորդ են։ Իսկ մեր մշակութային կենտրոնները, ցավոք, անկում են ապրում։ Այս իրավիճակը օր առաջ պետք է շտկվի։ - Պատճառը՞․․․ - Պատճառներն առավելապես Հայաստանից են գալիս։ Ներքին պայքարը մարդկանց այնպիսին է դարձրել, որ ռազմվարական նշանակության հարցերը անընդհատ անտեսվում կամ, լավագույն դեպքում, երկրորդ պլան են մղվում։ Օրվա հացի խնդիրը, խորացող ատելությունը երկրի ներսում, արդարության դեֆիցիտը և այլն չէին կարող անհետևանք մնալ։ Մարդկանց վաղվա օրը չի հետաքրքրում։ Այսպես շարունակվելու դեպքում հետևանքները անդառնալի կարող են լինել։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու և ինչպես Արցախի հարցը դարձավ միջազգային խնդիր։ Էդ ինչո՞ւ երբ Եվրոպայի սիրտը հրթիռակոծվում էր (խմբ․- Սերբիա) աշխարհի խաղացողները թեման անմիջապես փակեցին, իսկ ղարաբաղյան հիմնահարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։ Աստված չանի, որ Արցախի հարցը դադարի լինել միջազգային ու դառնա լոկալ խնդիր․․․ - Իսկ ինչպես կմեկնաբանեք Բաթումի նավահանգիստը Հայաստանի կողմից գնելու վերաբերյալ հրապարակումները։ -Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Բաթումի նավահանգիստը վաճառվում է 300-400 մլն դոլարով։ -Ինչո՞ւ։ -Բոսֆորի նեղուցով այլևս նավթամթերք չի անցնում, իսկ այլ ուղղությւնները չեն աշխատում։ Որպեսզի Բաթումի նավահանգիստը արդյունավետ գործի այն պետք է կապել Նովոռոսիյսկի, Հայաստանի միջոցով՝ Իրանի հետ։ -Իսկ ի՞նչ ռազմավարական նշանակության հարցերի մասին էր խոսքը։ -Օրինակ՝ ճանապարհ տալով Իրանին՝ լուրջ լծակ ենք ձեռքբերում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ - Ներքաղաքական հակադրությունները որքանո՞վ են պատճառաբանված և երբ դրանք այլևս էական նշանակություն չեն ունենա։ - Բնականաբար, յուրաքանչյուրն իր արածի համար պետք է պատասխան տա։ Բայց դա ամենևին չի նշանակում պետական տեռորը գործի դնել։ Հասկանալի է, որ նախկին իշխանությունների ձևավորած հանցագործ բարքերին շատ շատերը ստիպված են կուլ գնացել ու հարմարվել։ Մարդիկ գոյատևելու հարց են լուծել։ Ինչ որ կերպ փորձել են լուծել իրենց հարցերը, որ չփախնեն այստեղից․․․Նման համակարգի տակ մնալը, հավատացնում եմ այդքան էլ հեշտ չէր։ Եվ եթե համակարգի փոփոխությունը նոր շունչ է բերում և մարդն անկեղծ ընդունում է դա ու դրանով առաջնորդվում՝ հրաշալի է։ Նշանակում է մի տեղից գումար գալիս էր։ Եվ ես կասկածում եմ, որ այդ գումարները մաքրամաքուր էին։ Ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ լրատվամիջոցներին տրվող գումարները չէին կարող մաքուր լինել։ Եվ կապ չունի, թե տվողը ով էր։ Դե հիմա եկեք բոլոր գլխավոր խմբագիրներին կաշառակեր հայտարարենք ու լցնենք բանտերը։ Դա նորմա՞լ է։ Մի կարծեք, թե մեր իմացած ազնիվ մարդն իր ամբողջ ուղին բացառապես մաքուր սկզբունքներով է անցել։ Գիտենք, թե Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչ ծառայություններ է մատուցել նախկին իշխանությունների օրոք։ Սակայն, արդյո՞ք Սահմանադրական դատարանի հարցն է այսօր մեզ համար ամենահրատապը։ Փաստացի, հերթական անգամ էական թողած, ընկել ենք լոկալ խնդրի հետևից։ Այն էլ դա փորձում են լուծել հանրաքվեի միջոցով։ Ներքաղաքական ցնցումներ են լինելու։ Թող Աստված տա, որ հանրաքվեով խորացող լարվածության դեմն առնվի․․․ - Ու ի՞նչ անել։ - Շեշտում եմ․ տարատեսակ փորձարկումները այս երկրում պետք է մեկընդմիշտ դադարեցվեն։ Թե չէ ստացվում է «կառուցում ենք նորը՝ վերականգնելով հինը»։ Վերջապես պետք է գիտակցել, որ մեր հարևանները անընդհատ գեոքաղաքական խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար։ Միայն դրանց դեմն առնելու համար լրջագույն աշխատանք ու պատրաստվածություն է պետք։ Այս իրավիճակում, հաշվի առնելով նաև տարածաշրջանի առանձնահատկությունները, ուժեղանալու, իսկապես կայանալու համար նախ և առաջ մեր պետությունը պետք է իմունիտետ ունենա։ Այսինքն, առողջ, ամուր օրգանիզմ պետք է լինի։ Առանց պետական ինստիտուտների կայացման լուրջ հեռանկարների մասին խոսելը դատարկաբանություն է։ Հ. Գ. - Հա, ի դեպ, իմիտացիոն ասացիք, հիշեցի: Ճիշտ է, մեր այսօրվա զրույցի հետ թեպետ կապ չունի, բայց թե՛ ինձ , թե՛ մեր ընթերցողին անասելի հետաքրքիր է, թե Դուք ինչպես եք վերաբերում աշխարհում գնալով տարածում գտնող, նույնասեռական ամուսնություններով պայմանավորված «ԶԱԳՍ»-ային նոր ՝ « առաջին ծնող, երկրորդ ծնող » խմբագրմանն ու կին-տղամարդ նույնականացմանը, Ստամբուլյան կոնվենցիային , որի դրույթները պարտադրվում են նաև Հայաստանին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |