21:00 Անտոնիո Չեզարի. «Գողություն եկեղեցական դերձակի արհեստանոցում» | |
|
Վերոնայի գողերից մեկն իր համար ճշմարտություն էր մշակել. ուրիշների հաշվին ապրելն ամենագեղեցիկն ու ամենահարմարն է աշխարհում: Եվ գոհ էր իր ընտրած մասնագիտությունից: Կարելի էր մի ակնթարթում գողանալ այն, ինչ մարդիկ վաստակել են երկարատև աշխատանքի շնորհիվ: Այս նրբանկատ «գիտունը» ուներ ներքին օժտվածություն և ընդունակություններ՝ իր սպասելիքներին հասնելու համար: Մի օր ընկերներից մեկը նրան հրավիրում է ընթրիքի: Քանի որ ցանկությունը մեծ էր, չի մերժում ընկերոջը և ընդունում է հրավերը: Փողը խնայելու պայմանով, որոշում է հյուր գնալուց առաջ շրջել քաղաքում: Անցնելով դերձակի արհեստանոցի կողքով ներս է մտնում՝ դեմքին տալով հմայիչ ու անմեղ արտահայտություն: Դերձակը կարում էր տոնական եկեղեցական հագուստներ: Խաբեբան «ցանկանում է» հագուստ գնել և աչքի պոչով զննում է արհեստանոցը: Նստարանի վրա տեսնում է ընտիր գործվածքի երկու կտոր և ինքն իրեն ասում. «Սրանք շատ հարմար են այսօրվա ընթրիքի համար, դեռ մի բան էլ ավել», իսկ բարձրաձայն ավելացնում է. - Բարի մարդ, ես ուզում եմ գեղեցիկ զարդահագուստ գնել իմ զարմիկի համար: Դուք լավ մարդ եք երևում, ուզում եմ նախապատվությունը տալ ձեզ: - Դերձակն անհամբերությամբ պատասխանում է, որ ինքն ամեն ինչ ունի, որ հագուստի որակը կգոհացնի նրան: Փորփրելով պահարանից դուրս է հանում ամեն ինչ, վերնազգեստներ, փարանջաներ, գոտիներ, կնգուղներ, շուրջառներ և միևնույն ժամանակ տալիս զանազան բացատրություններ, առաջարկում համեստ գներ: Նախքան սակարկելը, այցելուն ցանկանում է փորձել հագուստը: -Կնախընտրեի մեկ անգամ ոտքից գլուխ փորձել դրանք և տեսնել դրանց հրաշակերտությունը: - Ես չեմ թողնի, դուք հոգնեք, ես ինքս կփորձեմ,-ասում է դերձակը: - Շատ լավ, իմ ազգականը ճիշտ և ճիշտ ձեր չափին է: Խաբեբան օգնում է նրան հագնվել: Դերձակը պատրաստվում է ամենայն բծախնդրությամբ: Երբ խաբեբան նրան տեսնում է պատրաստ վիճակում, զննում է նրան ոտից գլուխ, կողքից, դիմացից, պտտեցնում այս ու այն կողմ և ասում, որ ամեն ինչ իր տեղում է: Հետո խնդրում է շրջվել, որպեսզի թիկունքից էլ նայի: Դերձակը շրջվում է թե չէ, նա մի ակնթարթում նետվում է կտորների կողմը, դնում է ծոցն ու ծլկում: Դերձակն անտեղյակ պատահածից, սպասում է, որ այցելուն հայտնի իր կարծիքը: Իսկ գողին ոտքերը տանում են դեպի գրկաբաց ընկերը: Մի քանի րոպեից դերձակը դիմում է վաղուց արդեն անհետացած խաբեբային: Մնալով անպատասխան, շրջվում է ու շանթահարվածի պես կագնում… Ո՛չ այցելուն կար, ո՛չ էլ նստարանի վրայի թանկարժեք կտորները: Նոր է հասկանում, որ իրեն խաբել են: Գլուխը դուրս է հանում արհեստանոցի դռնից և ձայնում անցնող-դարձողին. -Բռնե՛ք գողին, բռնե՛ք, բռնե՛ք, լավ կվարձատրեմ: Մարդիկ, որոնք անցնում էին մոտերքով, լսելով նրա գոռում-գոչյունը, շրջվում են, բայց չիմանալով պատճառը, կարծում են, թե դերձակը կատակում է՝ կնգուղը գլխին դրած: - Ասում եմ, չէ՞, նա ինձնից երկու գործվածք գողացավ: Չտեսա՞ք, այստեղից դուրս թռավ: Գրողը տանի ինձ: - Այս ասելով, շփոթված դուրս է նետվում արհեստանոցից և վազում գողի ետևից: - Բռնեք գողին, բռնե՛ք գողին… Հարևանները, տեսնելով փողոցում առաջացած իրարանցումը, դուրս են թափվում, հրմշտում իրար ու հարցնում: - Ի՞նչ սատանա է մեջդ մտել, ի՞նչ է ուզում անել: Արհեստանոցները դատարկվեցին, որը մկրատը ձեռքին, որը՝ շիշը, որը՝ բահը, դուրս եկան փողոց: Բազմությունը գնալով մեծանում էր: - Տեսնո՞ւմ եք, խեղճը հենց նոր խելքը թռցրեց, ես նրան ճանաչում եմ: Ժամանակ առ ժամանակ զառանցանքի մեջ է ընկնում, կարծում է, ինքը քահանա է, և իրեն խաբել են: Տո՛ւն տարեք նրան: Երեխաների մի հոծ բազմություն, այստեղից-այնտեղից փողոց ելած, լսում են գողին, հետո աղմուկ-աղաղակ բարձրացնելով վրա տալիս. - Բռնե՛ք խելագարին: Ոմանք նրան գետին են նետում, մյուսները՝ ձեռքերից բռնում, որը հագուստն է քաշքշում, որն էլ՝ գլխարկը: Խեղճ մարդը զուր էր պայքարում, ասելով, որ իր խելքը տեղն է: Նրա ձայնն արդեն կորչում էր ընդհանուր աղմուկի մեջ: Նա անկարող էր քանդել անզուսպ ծիծաղի, գոչյունների կուռ պարիսպը՝ տեսնելու գողին: Վերջինս մի մեղեդի սուլելով, վաղուց էր արդեն հեռացել: Խեղճը հուսահատ, որ էլ չի վերադարձնի կորցրածը, պատվազուրկ, ծեծ ու ջարդ կերած, ամբոխի կողմից ծաղր ու ծանակի ենթարկված, իրեն իսկապես խելագար էր զգում: Մտերիմներից մի քանիսը շրջապատեցին նրան: - Մարդ Աստծո, ի՞նչ ես անում այս հագուստով: Դե՛, հանգստացիր, վերադարձիր քո գործին: Դերձակը ուզում էր ասել՝ Այն մարդը իմ կտորները… բայց խոսքը բերանը ընդհատեցին, թևանցուկ արեցին և մի կերպ տուն հասցրին: Ամբոխը շրջապատել է նրան: Վերջապես, փակված արհեստանոցի խորքում, հետաքրքրասեր ամբոխի աչքից հեռու, նա մեկ-մեկ հանեց հագուստները: Սրտացավ բարեկամներն ասացին, որ դերձակը որոշել էր փողոցում ժամերգություն կատարել և իր երախտագիտությունը հատուցել ի Փառս Աստծո: Խեղճ մարդը փորձեց հակառակն ապացուցել, վկայելով հավատն ու Ավետարանը, բայց լսող չեղավ: Իսկ խաբեբան մի լավ քեֆ արեց իր «քեֆչիների» հետ՝ վաճառած կտորներով և մի կուշտ ծիծաղեց «ներընծա քահանայի» վրա: Թարգմանությունը իտալերենից՝ Ելիզավետա Մանուկյանի | |
|
| |
| Всего комментариев: 0 | |