22:00
Ակրոս սանդղավոր այգին, Ճապոնիա

1995 թվականին Ֆուկուոկայում բացվեց աշխարհի ամենատպավորիչ քաղաքային այգիներից մեկը՝ Ակրոսը։ Այս ինքնատիպ աստիճանաձև այգու կառուցման պատմությունը շատ հետաքրքիր է։ 90-ական թվականներին քաղաքային իշխանությունները նոր օֆիսային շինություն կառուցելու անհրաժեշտության առաջ են կանգնում։ Խիտ կառուցապատված քաղաքում հարմար վայր փնտրելու համար միայն կենտրոնական փողոցներից մի քանիսն էին մնացել՝ այնտեղ, որտեղ տեղավորված էր թաղամասի միակ այգին։

Թաղամասը միակ կանաչ օազիսից չզրկելու համար Emilio Ambasz & Associates ճարտարապետական ընկերության մասնագետները որոշում են օֆիսային շինության ճակատային մասին կենդանի աստիճանաձև այգի տնկել։ Նախագծի համաձայն՝ 14-հարկանի շինության հարավային կողմում կենդանի բույսերից ու թփերից ճոխ աստիճանավոր այգի են տնկում։ Այգում հանգստի գոտիներ ու զրուցարաններ են կառուցում։ Լայն սանդղավանդներից դեպի քաղաքի փողոցներ հիանալի տեսարան է բացվում, այնպես որ՝ այգին ծառայում է նաև որպես հրաշալի դիտահարթակ։

Նշենք, որ օֆիսային շինությունը կառուցելիս հին այգու մի մասը հաջողվել է պահպանել, այնպես որ՝ կանաչ տարածության հետ միասին այգին ներդաշնակ տեսք է ստացել։ Սանդղավոր այգու տարածքը կազմում է մոտ 5․400 քառակուսի մետր։ Այգում 120 տեսակի ավելի քան 50․000 բույս կա։

Անսովոր այգին անվճար կարող են այցելել Ֆուկուոկայի բոլոր հյուրերը։ Իսկ սանդղավանդներից մեկից մյուսն անցնելու համար հարմարավետ աստիճաններ են կառուցվել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Категория: Art News | Просмотров: 2380 | Добавил: Moder-003 | Теги: անսովոր զբոսայգիներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0